Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Այս տարածաշրջանն արժանի է տևական խաղաղության և կայունության». Եղեգնաձորում բացվեց ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության կենտրոնակայան

Նոյեմբեր 01,2023 14:03

«Այս տարածաշրջանն արժանի է տևական խաղաղության և կայունության։ Հուսով եմ՝ միասին կկարողանանք նպաստել այդ նպատակի իրականացմանը»,- Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության՝ Եղեգնաձորում կենտրոնակայանի բացման հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարեց ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։ Նա նշեց, որ առաքելությունը հասել է իր օպերատիվ լիարժեք հնարավորություններին, գործում է 6 կետերում՝ Կապան, Գորիս, Ջերմուկ, Եղեգնաձոր, Մարտունի և Իջևան։ Մարկուս Ռիտերն ասաց․ «Այսպիսով՝ մենք դիտարկում ենք իրականացնում ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանի ողջ երկայնքով։ Միակ միջազգային կառույցը, որը դա անում է, մեր առաքելությունն է»։

Մարկուս Ռիտերն ասաց, որ առաքելությունն իր աշխատանքով փոխլրացնում է առկա ԵՄ նախաձեռնությունները և բարձր մակարդակի քաղաքական գործընթացները, որը ղեկավարում է ԵՄ հատուկ ներկայացուցիչը Հարավային Կովկասում և Վրաստանում։

Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսն էլ նշեց, որ ԵՄ առաքելությունն այս տարվա փետրվարից ի վեր արժեքավոր ներդրում է ունեցել ՀՀ-ում կայունության ապահովման գործում․ «Այդ ժամանակից ի վեր մենք ավելի քան 1000 պարեկային շրջայց ենք ունեցել և հազարավոր կիլոմետրեր ենք անցնում ամեն օր ՝ կառուցելով վստահություն և դրանով նպաստելով ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացմանն ուղղված ջանքերին։ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումը ԵՄ հիմնական նպատակներից մեկն է։ Հոկտեմբերի սկզբին Գրանադայում տեղի ունեցած գագաթնաժողովի շրջանակներում ԵՄ-ն կրկին դատապարտել է ԼՂ հայերի դեմ ադրբեջանական ռազմական գործողությունները և վերստին ընդգծել ՀՀ-ի և Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի անհրաժեշտությունը։ Մենք մեր նվիրվածությունը շարունակում ենք այս ջանքերին։ Մեր անմիջական ուշադրության կենտրոնում են Ղարաբաղից ՀՀ բռնի տեղափոխված հայերի իրավունքները, կարիքները։ Մենք ջանասիրաբար աշխատում ենք, որ կարողանանք Գրանադայում նախագահ Ֆոն դեր Լայենի արած հայտարարությանը նպաստել․ այսինքն՝ 25 միլիոն եվրո արժողությամբ փաթեթի տրամադրմանը ՀՀ-ին»։

ՀՀ նախագահի աշխատակազմի արտաքին կապերի և արարողակարգի վարչության պետ Տիգրան Սամվելյանը փաստեց՝ առաքելությունը հաստատվեց ՀՀ-ի համար կրիտիկական պահի․ «Մեկ տարի առաջ, և այն ապացուցեց իր կարևորությունը, ցույց տվեց, թե ինչ կարևոր դեր խաղաց այդ առաքելությունը՝ հատկապես այսօրվա ՀՀ-ի օրակարգում, որը շարունակում է խաղաղության օրակարգը։ Նախագահը շեշտադրեց, թե ինչ դաշտային արագ գործառնական ուղիով ստեղծեց այս առաքելությունը ԵՄ-ի կողմից։ Նախագահը շեշտեց, որ այս առաքելությունը կարևոր էր ոչ միայն մեր իշխանության համար, այլև տեղի բնակչության համար։ Նախագահը շեշտել է, որ դուք կարևոր դեր եք խաղում, ձեր տեսանելիությունը տեղական բնակչության համար շատ մեծ նշանակություն ունի, որ իրենք իրենց բնակավայրերում ավելի ապահով ու պաշտպանված զգան»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930