Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորին խնդրում են հանկարծ զոհվածի հոր համար գրավ չկիրառի. Տունը վաճառել է՝ որդու ԴՆԹ անալիզների համար ու ապրելու միջոց չունի

Նոյեմբեր 17,2023 22:07

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում զոհված հերոս Լևոն Գալստյանի հոր` Արմեն Գալստյանի գործով դատական առաջին նիստն էր:

Հիշեցնենք, որ Եռաբլուրում Արմեն Գալստյանը հարվածել էր ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեմքին:

Նիստի ժամանակ դատախազն ասաց, որ նախաքննական ընթացքում խափանման միջոց է ընտրվել կալանքը այն հիմքով, թե Գալստյանը կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, ազդել հարցաքննվող անձանց վրա. «Այնուամենայնիվ, այդ հիմքը դատաքննության ընթացքում մի քիչ նվազել է, քանի որ նախաքննության ընթացքում հարցաքննվել են անձինք»:

Դատավորը հարցրեց՝ հարցաքննված անձինք վկանե՞րն են, նրանք ի՞նչ հարաբերությունների մեջ են մեղադրյալ հետ եղել: Դատախազը պատասխանեց. «Ծանոթ-բարեկամական մեծամասնությունը»: Դահլիճում ներկա զոհվածների ծնողները միանգամից հակադարձեցին՝ «սխալ բաներ է ասում, ծանոթ-բարեկամ չի»:

Արմեն Գալստյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանն ասաց, որ դեպքից՝ ենթադրյալ հանցագործությունից հետո դեռ 5 ժամ Արմեն Գալստյանը գտնվել է ծնողների հետ, եթե նրանց վրա ազդեցություն ուզենար գործադրեր, այդ 5 ժամում կգործադրեր: Բացի այդ, նա նշեց, որ դեպքի տեսագրությունները կան, նման պարագայում ո՞րն է տրամաբանությունը, որ Արմեն Գալստյանը կազդի վարույթն իրականացնող մարմնի վրա, երբ արդեն ըստ մեղադրանքի, այդ ամենը հիմնավորված է տեսագրությամբ: Վահան Հովհաննիսյանը նշեց, որ եթե նույնիսկ կա հիմք, որ նոր հանցագործություն կկատարվի, այդ հիմքը էականորեն նվազել է, դա նաեւ դատարանն է փաստել:

Ուշագրավ է, որ որպես այլընտրանքային խափանման միջոց չի միջնորդում կիրառել գրավը, քանի որ, պաշտպանի խոսքով՝ Արմեն Գալստյանը վաճառել է իր սեփական տունը եւ ամբողջ գումարը ծախսվել է՝ որդու ԴՆԹ անալիզների համար, որոնք կատարվել են արտերկրում՝ Գերմանիայում, մի քանի երկրում՝ մի քանի անգամ, դա բոլորին է հայտնի: Այսօր ընտանիքը վարձով է ապրում եւ ապրելու միջոց չունի, հետեւաբար չի միջնորդվում գրավ կիրառել. «Եթե դատավորը գտնի, որ գրավով պետք է լինի, մենք այստեղ գտնվող անձինք կհավաքվենք, մի բան կանենք, որ այդ գրավը մուծենք»:

Պաշտպանը խնդրեց տնային կալանք նույնպես չկիրառել՝ որպես խափանման միջոց, քանի որ տան միակ աշխատողը ինքն է, ընտանիքը ծանր վիճակում է հայտնվելու: Առաջարկվեց կիրառել չբացակայելու արգելքը, ծայրահեղ դեպքում՝ վարչական հսկողություն:

Դատավոր Անի Մարտիրոսյանը որոշեց կալանքի ժամկետը չերկարաձգել, ազատ արձակել Արմեն Գալստյանին եւ կիրառել վարչական հսկողություն: Նա ազատ կլինի նոյեմբերի 21-ին: Դատավորը արգելեց Գալստյանին շփումներ ունենալ վարույթի անջատված մասով հարցաքննվողների՝ վկաների հետ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930