Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանի դահլիճում զոհվածների ծնողները չդիմացան, սկսեցին ամոթանք տալ. «Չեմ կարողանում ուղղակի ես զսպեմ, ինքնատիրապետումը կորցնում եմ»

Նոյեմբեր 17,2023 21:21

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Անի Մարտիրոսյանը, ինչպես տեղեկացրել ենք, որոշեց կալանքից ազատ արձակել զոհված հերոս Լևոն Գալստյանի հորը` Արմեն Գալստյանին:

Հիշեցնենք, որ Եռաբլուրում Արմեն Գալստյանը հարվածել էր ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանին եւ այսօր այդ գործով առաջին դատական նիստն էր:

Դատախազն ասաց, որ նախաքննական ընթացքում առաջին ատյանի դատարանը խափանման միջոց է ընտրել կալանքը այն հիմքով, թե Գալստյանը կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից: Բացի այդ, հիմքում դրվել է այն, որ Գալստյանը, լինելով ազատության մեջ, կարող է նոր հանցանք կատարել:

Դատախազն ասաց. «Դատարանը գտել է, որ մեծ է հավանականութունը, որ Արմեն Գալստյանը, լինելով ազատության մեջ, այնպիսի քաղաքական հայացքներով անձանց, որն ինքը չի կրում կամ այլ կուսակցական պատկանելության մարդկանց հանդիպելիս կկատարի համաբնույթ հանցանք: Դրանով պայմանավորված՝ մեղադրող կողմը գտնում է, որ դեռեւս այդ հիմքը վերանալու կամ դրա հավանականությունը նվազելու որեւէ հանգամանք այս պահին չկա»:

Նա ասաց, որ անջատված մասով նախաքննություն է ընթանում ու հավանականություն է առկա, որ Արմեն Գալստյանը, ազատության մեջ լինելով, կազդի նրանց վրա:

Դատախազն առաջարկեց խափանման միջոցը թողնել անփոփոխ: Դահլիճում ներկա զոհվածների ծնողները չդիմացան, ու տեղից սկսեցին արձագանքել՝ ամոթանք տալով: Դատավորը հորդորեց չխանգարել: Դահլիճում նստած զոհված զինծառայողի հորեղբայր Արսեն Ղուկասյանը ոտքի կանգնեց ու հորդորեց ըմբռնումով մոտենալ իրենց հոգեվիճակին. «Իմանալով, այս մարդուն ճանաչելով, թե ինչի միջով է անցել՝ այսպե՞ս անել: Չեմ կարողանում ուղղակի ես զսպեմ, հարգելի դատարան, ես ուղղակի մի քիչ էմոցիոնալ մարդ եմ, մի քիչ ինքնատիրապետումը կորցնում եմ»:

Դատավորն ասաց. «Արդարադատությունը առաջինը սկսում է ընթացակարգից: Ընթացակարգին մի՛ միջամտեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930