Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայանը նոյեմբերի 27- ին Բրյուսելից լրագրողների հետ առցանց ճեպազրույցի ժամանակ պատասխանել է Հայաստանի ու Արևմուտքի միջև անվտանգային ոլորտի համագործակցության, մասնավորապես, Խաղաղության եվրոպական հիմնադրամի կողմից հնարավոր աջակցության և ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման մասին հայ լրագրողի հնչեցրած հարցերին:
Միացյալ Նահանգները Ադրբեջանի և Հայաստանի համար խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն է տեսնում, ըստ «Ազատության»՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենը։ «Մեզ ոգեշնչում է, որ կողմերը խոսում են միմյանց հետ անմիջականորեն և միջնորդների միջոցով։ Այստեղ մենք տեսնում ենք ողջ տարածաշրջանի համար օգուտ քաղելու իրական հնարավորություն։ Օրինակ, եթե Կենտրոնական Ասիայից առևտուրը կարողանա Ադրբեջանով և Հայաստանով հասնել Թուրքիա, ապա դա էական խթան կլինի այդ առևտրային ճանապարհի վրա գտնվող բոլոր երկրների համար։ Եվ մենք ողջունում ենք դրա մի մասը լինելու հնարավորությունը», – ասել է Օ՛Բրայենը՝ միևնույն ժամանակ շեշտելով՝ եթե որոշվի դա անել ոչ խաղաղ ճանապարհով, ապա Վաշինգտոնը կօգտագործի հնարավոր բոլոր գործիքները՝ կանխելու նման առևտրային ճանապարհի ստեղծումը։
Միացյալ Նահանգները շատ պարզ հասկացրել է կողմերին, թե ինչ է ակնկալում տեսնել և թե ինչ հետևանքներ կունենան հակադարձ գործողություները, հայտարարել է ԱՄՆ պաշտոնյան։
«Այնպես որ, տեսնենք՝ ինչ կորոշեն կողմերը։ Մենք գիտենք, որ նրանք խաղաղ համաձայնագիրը հնարավորինս շուտ կնքելու հետաքրքրություն են հայտնել , և մենք շատ կցանկանայինք տեսնել դա»,- ասել է պետքարտուղարի օգնականը:
Կարդացեք նաև

«Վարչապետ Փաշինյանը շատ համարձակ է գործել ու հասկացրել, որ ձգտում է, որ Հայաստանն առաջ շարժվի սահմանների և Արևմուտքի հետ հարաբերությունների բացման ուղղությամբ՝ չցանկանալով, որ Հայաստանը ամբողջապես կախված լինի Ռուսաստանից, այնպես, ինչպես ձգտում էին դրան նախկին առաջնորդները: Նա ձեռնարկել է մի շարք բարեփոխումներ, որոնք պետք է շատ խրախուսելի լինեն Հայաստանի քաղաքացիների համար, քանի որ միտված են ապահովելու այնպիսի արագ տնտեսական աճ, որն ունեցել է [Հայաստանը] վերջին մեկ կամ երկու տարվա ընթացքում:
Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանը նաև համարձակորեն բարձրաձայնել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի մասին, որը թույլ կտա Հայաստանին կենտրոնանալ իր տնտեսական զարգացման վրա, կառուցել իր անվտանգային հարաբերությունները և ընդլայնել առևտուրը Կենտրոնական Ասիայից մինչև Թուրքիա, և այս ամենը մի բան է, որը մենք շատ կցանկանայինք տեսնել: Այնպես որ, Հայաստանին աջակցող ցանկացած փաթեթ ողջունելի է: Այն, թե ինչպես ԵՄ-ը կորոշի դա իրականացնել այնտեղ, իր գործն է, բայց մենք հանձնառու ենք աշխատել մեր եվրոպացի գործընկերների և Հայաստանի կառավարության հետ՝ վստահ լինելու համար, որ Հայաստանի ժողովուրդը կարող է օգուտ քաղել Փաշինյանի կառավարության ձեռնարկած բարեփոխումների քաղաքականությունից»։


















































