Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր առավոտյան մի խումբ ֆերմերներ փակել էին Արտաշատ-Երեւան ճանապարհը, պահանջում էին հանդիպում Արարատի մարզպետի հետ։ Խնդիրն այն է, որ մարզում, ինչպես Aravot․am-ին պատմել են ֆերմերները, սպանդանոցներ չկան, մինչդեռ կառավարությունը պարտադրում է դեկտեմբերի 6-ից միայն սպանդանոցներում մորթ անել, ու սպանդանոցի միս իրացնել։
 
 
Քիչ առաջ ֆերմերներից մեկը Aravot.am-ին տեղեկացրեց, որ չնայած մարզպետն այդպես էլ այսօր չեկավ հանդիպման, սակայն նրա տեղակալներից մեկը ներկայացավ, խոստացավ վաղը հանդիպում կազմակերպել մարզպետի հետ։


«Վաղը Մրգավետի գյուղապետարանում ժամը 12:00-ին հանդիպում է լինելու մարզպետի, փոխմարզպետների հետ։ Հանդիպման ժամանակ խոստացան մեր բոլոր հարցերին պատասխանել։ Եթե մեր հարցերը չլուծվեն, մենք էլի փակելու ենք ճանապարհը»,-ասաց ֆերմերներից Կարեն Կիրակոսյանը։



Նելլի ԲԱԲԱՅԱՆ


















































 
                         
          
          
          
                                     
                                 
                                 
                                 
                                
 
                                    
                                   