Օրերս Երևանի Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում բեմադրվեց Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի «Անմահների դիրքը» խորագրով ներկայացումը, որի բեմադրիչն է գլխավոր ռեժիսոր Վահան Խաչատրյանը: Այն ստեղծվել է Էդուարդ Զորիկյանի «Անմահների երկիրը» պիեսի հիման վրա: Եվ այս ներկայացումը նվիրված էր բոլոր ժամանակներում հայ ազգի համար իրենց կյանքը զոհած հայորդիներին: Բեմի վրա դեկորների տեսքով բավականին հետաքրքիր ու պատկերավոր են ներկայացված մարտական դիրքերը, որոնց վրա մեծ տառերով գրված էին Վազգենի, Լեոնիդի, Բեկորի, Վլադիմիրի, Վարդան Դուշմանի և այլոց անունները: Նրանք մեր ազգի այն քաջարի մարտիկներն էին, ովքեր իրենց կյանքի գնով պահեցին մեր հայրենիքի ամեն մի միլիմետր հողը:
Հանդիսատեսը դահլիճում ականատես է լինում, թե ինչպես են դիրքում գտնվող տղաները կռիվ տալիս բեմում: Ու երիցս հպարտությամբ զգացումով ես լցվում նրանցից յուրաքանչյուրի հանդեպ, զգալով, թե ինչպիսի անկոտրում կամքով ու խիզախությամբ են հսկել մեր երկրի ամենավտանգավոր սահմանները: Ամեն ակնթարթ գտնվելով մահվան ճիրաններում, միևնույն է, նրանց ամենամեծ ցանկությունը հայրենիքի պաշտպանությունն էր, իսկ եթե զոհվել, միայն հայրենիքը կանգուն մնալու համար: Անկասկած, նրանք իրենց կյանքը զոհաբերեցին, որ մենք ապրենք, որ հայրենի հողը կանգուն մնա, որ Արցախը երբեք թշնամուն չհանձնվի: Բայց տեղի ունեցավ ամենաողբերգալին: Երեքհազարամյա պատմություն ունեցող Արցախը հանձնվեց 100 տարվա պատմություն ունեցող Ադրբեջանին:
Արցախյան առաջին պատերազմից առայսօր տասնհինգ հազար զոհ ենք ունեցել, հազարավոր վիրավորներ, հաշմանդամներ, հարյուրավոր ռազմագերիներ, անհետ կորածներ…Մեր հերոս տղաների արյամբ սրբացած արցախյան հողերը մնացին թշնամիներին մեր նախկին ու ներկա ռազմա-քաղաքական ղեկավարների վարած սխալ, պարտվողական քաղաքականության պատճառով: Նրանք եթե մեր հայրենիքը, հայ ժողովրդին սիրեին, կհզորացնեին բանակը, ժամանակակից սպառազինություն ձեռք կբերեին, ինժեներա-շինարարական աշխատանքներ կտանեին, դիրքերը կամրապնդեին, թունելներ կսարքեին: Այնինչ սպասարկելով օտարների շահերը՝ սիրեցին միայն Արցախի ընդերքը՝ ոսկին, զանազան թանկարժեք մետաղները, պետական բյուջեն թալանեցին, ագահության մոլուցքով տարվեցին, քանզի հարստությունը կուրացրել էր նրանց: Եվ բարձրաստիճան պաշտոնյաների զավակները չեն կռվել, երբեք դիրքերում չեն եղել: Անհերքելի փաստ է, որ մարտադաշտերում կռվում էին հասարակ ընտանիքների զավակները, որոնցից շատերն անմահացան և հանգչում են Եռաբլուրում: Նրանք իրականում առաջնորդվում էին Գարեգին Նժդեհի հայտնի խոսքերով. «Հայրենիքից զատ, հայրենիքից դուրս ինձ համար խաբուսիկ են բոլոր դրախտները»:

Կարդացեք նաև
Դահլիճը քար լռությամբ հետևում էր նրանց խաղին, մանավանդ երբ մերթընդմերթ հուժկու կրակոցներ էին լսվում, և դահլիճը լցվում էր վառոդի ծխով: Այդպիսով բեմադրիչը անպայման ձգտել է հանդիսատեսին հնարավորինս ավելի մոտիկից հաղորդակից դարձնել թերևս այն ապրումներին, ինչը զգացել էին մեր հերոսները՝ գիշեր-ցերեկ գտնվելով դիրքերում: Բայց բեմում հնչող այդ կրակոցների հերթի մեջ հանդիսատեսը նաև զգաց մեր անմահների ցասումը: Նրանք մեզ՝ ողջերիս, չեն ներում պարտության համար, Արցախի կորստի համար: Կարծես հասկացնում էին, որ սրբացած արյունը ջուր չի դառնա երբեք, որ ինչքան էլ երկրի ղեկավարները փորձեն խաղաղության ձգտել, թշնամիների հայատյաց էությունը չի փոխվի: Չէ՞ որ հիմա էլ, ներկա օրերում ադրբեջանցի զինվորի կրծքանշանի վրա գրված է.«Մի՛ փախիր, հայ, դու կմեռնես ուժասպառ»: Եվ կենտրոնում պատկերված է Էնվեր փաշան՝ Հայոց Ցեղասպանության պարագլուխներից մեկը, որը սպանվեց արցախցի գնդապետ Հակոբ Մելքումովի ձեռքով:
Այսպիսով, աշխարհաքաղաքական այս ծանր ժամանակաշրջանում, երբ մեր երկրի համար իսկապես օրհասական է դարձել գոյաբանական խնդիրը, օրվա հացի պես հրամայական է նաև հայրենասիրական ոգով տոգորված նման ներկայացումների, ֆիլմերի ցուցադրումը: Հուրախություն մեզ, պիտի ընդգծել, որ դահլիճում ներկաների ճնշող մեծամասնությունը երիտասարդներ էին, Հայաստանի գալիքը կերտողները: Հավատացած եմ, որ նրանք ոչ միայն մոռացության չեն տա մեր հայրենիքի համար անմահացած հերոսների հիշատակը, այլև պատվով կիրականացնեն նրանց թողած պատգամները:
ԺԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ
Բանասիրական գիտությունների թեկնածու, գրող


















































