Պատժաչափը՝ 1 տարի 11 ամիս եւ 4 օր, որն այսօր հանրային մեղադրող Արմեն Բեգլարյանն առաջարկեց «ԱրԱր» հիմնադրամի համանախագահ Ավետիք Չալաբյանի համար, ինքը՝ Ավետիք Չալաբյանը, համարում է, որ ունի բացառապես քաղաքական տրամաբանություն եւ հիմք։

Դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Ավետիք Չալաբյանն ասաց. «Դուք տեսաք, որ պատիժը կապված է քաղաքական գործունեության արգելքի հետ։ Նրանք փորձելու են, որ ես երկու տարի հավաքներ չկազմակերպեմ, հավաքների չմասնակցեմ, քաղաքական գործունեության չմասնակցեմ»։
Արդյունքում ինչ էլ կորոշի դատավորը, Ավետիք Չալաբյանը պնդում է, որ չի ընդունելու իր մեղքը եւ անպայմանորեն բողոքարկելու է դատարանի վճիռը. «Հատուկ ուզում եմ նշել դատախազի շատ պարադոքսալ միտքը այ, որ եթե ես իմ մեղքը չեմ ընդունում, դա ծանրացուցիչ հանգամանք է, իսկ Էմմա Սարգսյանն ընդունել է իր մեղքը, համագործակցել է իրականությունը բացահայտելուն, ուստի մեղմացուցիչ պատիժ է առաջարկվում»։
Կարդացեք նաև
Ավետիք Չալաբյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ ինքը եւս համագործակցել է, որպեսզի ճշմարտությունը բացահայտվի՝ դատական նիստերից չի խուսափել, ակտիվ հարցադրումներ է արել դատավարության մասնակիցներին, իսկ Էմմա Սարգսյանը, որն իր դեմ իբրեւ ցուցմունք է տվել, այդպես էլ դատական նիստերին չներկայացավ, իհարկե, օգտվելով իր իրավունքից, մինչդեռ նրան էլ բազմաթիվ հարցեր կային ուղղված։
Լրագրողներից մեկի հարցին՝ խոսվում է առաջիկայում արտահերթ ընտրությունների մասին, ինչպե՞ս է Չալաբյանը դրանց մասնակցություն ունենալու քաղաքական գործունեության սահմանափակման պարագայում, Ավետիք Չալաբյանը պատասխանեց, որ չի ցանկանում առհասարակ մեկնաբանել արտահերթ ընտրությունների մասին խոսակցությունները, քանի որ ինքնալուծարվել կամ շարունակել գործել, դա խորհրդարանի որոշելիքն է, իսկ մնացածը ցույց կտան քաղաքական գործընթացները։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































