Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր տնօրեն են նշանակել, որ գա ստորագրի, ու «Գոյը» փակեն». Արթուր Սահակյան

Դեկտեմբեր 26,2023 19:47

Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոնի կոլեկտիվը տեղեկացել է, որ իրենց թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին առանց նախապես զգուշացնելու ազատել են աշխատանքից եւ մի քանի ժամ անց նշանակել նոր տնօրեն՝ Կարեն Սիմոնյանին, որին չեն ճանաչում, աշխատավայրում եւս չեն հանդիպել անգամ աշխատանքային օրով: Թատրոնի աշխատակիցները ստիպված գնացել են ԿԳՄՍ նախարարություն՝ նախարարի կամ փոխնախարարի հետ հանդիպելու, որպեսզի փորձեն պարզել, թե ո՞վ է Կարեն Սիմոնյանը, ի՞նչ ծրագրեր, մտահղացումներ ունի թատրոնի հետ կապված:

Թատրոնի անձնակազմը նախարարութան մուտքի մոտ ոստիկանին տեղեկացրեց, որ ցանկություն ունի հանդիպել նախարար Ժաննա Անդրեասյանին կամ փոխնախարարին: Ոստիկանն ասաց, որ «Գոյը» հոյակապ թատրոն է, «Գոյ»-ի ներկայացուցիչներին նաեւ խնդրեցին շենքի ներսում առանց թույլտվության չնկարել:

«Գոյի» գեղարվեստական ղեկավար եւ ռեժիսոր Արթուր Սահակյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ի վերջո ո՞ւմ հետ հանդիպեց թատրոնի կոլեկտիվը: Նա ասաց, որ հանդիպել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի հետ:

«Փոխնախարարի հետ հանդիպեցինք, ասաց, որ որոշումը կա, ոչինչ անել չեմ կարող, պետք է փակվեք, միանաք Սունդուկյանին: Իրենց մեկնաբանությունը դա է: Նախ մենք չենք ուզում, եւ հետո ինչո՞ւ պետք է մենք մեր միավորը կորցնենք, գնանք կպնենք ինչ-որ մեկին: Եթե պետք լիներ, հիմա վաղուց Սունդուկյանում աշխատում էինք»,-ասաց Արթուր Սահակյանը:

Հարցրինք՝ ի վերջո ո՞վ է իրենց նորանշանակ տնօրենը, պարզե՞լ են, թե ինչ առաքելությամբ է եկել: «Ինչքան գիտեմ երգիչ է եղել, կարծեմ Ֆրանսիայից է եկել: Մեր տնօրենին՝ ԺՊ-ին,  երեկ աշխատանքից ազատել են, նշանակել են մեկին, որ գա ու մեր հարցերը լուծի: Հիմա ինքը կգա, կստորագրի, ու կփորձեն «Գոյը» փակել, վերջացնել: Մի խոսքով, 37 թիվ… Բայց պետք է պայքարենք, այլ տարբերակ չունենք…»,-ասաց «Գոյի» գեղարվեստական ղեկավարը:

Հիշեցնենք, որ թատրոնը տեւական ժամանակ է դատական քաշքշուկների մեջ է, «Գոյը» դեմ է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ միավորմանը, եւ այդ որոշումն ապօրինի է համարում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031