«Էլվինան ապրում է»․ այս համոզմունքով էին շատերը հեռանում Գյումրիի պետական դրամատիկական թատրոնից նոյեմբերի 11-ին, երբ բեմում ներկայացվեց հայ երգարվեստի ամենավառ ու ինքնատիպ կերպարներից մեկին՝ Էլվինա Մակարյանին նվիրված «Էլվինա Մակարյան… Չկայացած համերգ» մենաներկայացումը։
Բեմադրության հեղինակ Արթուր Սահակյանի, սցենարի հեղինակ Ռուզան Մինասյանի ու երգչուհի Իլոնա Սագիևայի այս աշխատանքը, լինելով հարգանքի տուրք ու, ինչպես իր հարցազրույցներից մեկում ասել է Արթուր Սահակյանը՝ նաև «հոգու պարտք» Էլվինա Մակարյանի հիշատակին, ոչ միայն ներկայացնում է մեծ արտիստի կյանքը, արվեստն ու ներաշխարհը, այլև մի յուրօրինակ հայելի է դառնում՝ արտացոլելով մեզ ու մեր իրանակությունը։
Կարդացեք նաև
Ինչպես շատ երգեր են ժամանակի ընթացքում հեռանում իրենց հեղինակից և դառնում յուրաքանչյուրինը, այնպես էլ այս մոնոդրաման սոսկ մեկ մեծ արտիստի պատմությունը չէ․ այն բոլոր նրանց պատմությունն է, որոնք երբևէ զգացել են չգնահատված լինելու, չլսված մնալու կամ իրենց ժամանակից առաջ ընկնելու բարդությունը։
Ներկայացման ավարտից հետո հանդիսատեսը չէր շտապում լքել դահլիճը՝ ձգտելով մի փոքր էլ մնալ այն բացառիկ մթնոլորտում, որը, գուցե, շատերը զգացել էին իրենց ժամանակին, երբ հայկական ջազի թագուհու կատարումները հաճախ խլանում էին հանդիսատեսի՝ չդադարող ծափերից։
Գյումրի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար, բժիշկ Արմեն Խաչատրյանը, որը Էլվինա Մակարյանի երգարվեստի երկրպագուներից է, մենաներկայացում-համերգից հետո «Առավոտի» հետ զրույցում պատմեց՝ ներկայացումը բացահայտել է Էլվինա Մակարյանի կյանքի այն կողմերը, որոնք հաճախ դուրս են մնացել հանրության ուշադրությունից։
«Իրականում շատ հուզիչ մոնոներկայացում էր։ Պատմվում էր մի մեծ, հանճարեղ արտիստի կյանքի մասին, ներկայացվում էին այնպիսի դրվագներ, որոնք հասարակության ուշադրությունից դուրս էին մնացել։ Շատերը Էլվինա Մակարյանին ճանաչել են որպես արտիստի, երգչուհու, բայց նրա ապրումների, հուզումնալից պահերի, տաղանդին զուգահեռ ունեցած անտեսվածության մասին քչերը գիտեին։
Ինձ համար անակնկալ էր, թե որքան լավ էր Իլոնա Սագիևային հաջողվել փոխանցել այդ ամենը։ Նա իսկապես շատ լավ էր մարմնավորել Էլվինային։
Ներկայացման մասին տեղեկացել էի սոցիալական ցանցերից և միշտ մտածում էի՝ արդյո՞ք երբևէ հնարավորություն կլինի այս ամենը նաև Գյումրիում տեսնելու։ Երբ իմացա, որ ներկայացումը կայանալու է, մեր հաստատության աշխատակիցների համար բավականին տոմսեր գնեցինք, որպեսզի բոլորը դիտեն այն։ Եվ բոլորը հիացած դուրս եկան դահլիճից»,- ասաց Արմեն Խաչատրյանը։
Նրա համար ներկայացումն առանձնահատուկ հուզական նշանակություն ուներ նաև անձնական հիշողությունների առումով։ Նա հիշեց տարիներ առաջ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած Էլվինա Մակարյանի բենեֆիսը, որին ուսանողական տարիներին ինքն էլ ներկա է եղել։
«Հիշում եմ՝ 1996 կամ 1997 թ․-ն էր։ Էլվինա Մակարյանի բենեֆիսն էր Օպերայի դահլիճում։ Հիշում եմ նաև, որ ձայնային տեխնիկայի հարցում նրան այն ժամանակ օգնել էր Արամ Ասատրյանը, քանի որ Էլվինան այդ հնարավորությունները չուներ։ Չնայած բենեֆիսը հրաշալի էր, դահլիճում շատ քիչ մարդ կար․․․
Իսկ այս ներկայացումը կարծես այն ժամանակ իմ տեսած պատմության շարունակությունը լիներ։ Շատ հույզեր կային դահլիճում։ Շնորհակալություն բոլոր կազմակերպիչներին և, իհարկե, Իլոնային»,- նշեց նա։
ՀՀ արվեստի վաստ․ գործիչ, պրոֆեսոր Սամվել Գրիգորյանի համար ևս ներկայացումը բացառիկ հուզական փորձառություն էր։ Նրա խոսքով՝ Իլոնա Սագիևային հաջողվել է ոչ միայն մարմնավորել Էլվինա Մակարյանին, այլև հանդիսատեսին տեղափոխել նրա ապրած ժամանակներ ու վերադարձնել մեր օրեր՝ ստիպելով վերապրել մեծ երգչուհու պատմությունը։
«Շնորհակալ եմ այս ստեղծագործական խմբին, Արթուր Սահակյանին, Ռուզան Մինասյանին և Իլոնային՝ այդ հրաշալի դերասանուհուն ու երգչուհուն, որը կարողացավ մեզ տանել դեպի Էլվինա Մակարյանը և վերադարձնել այսօրվա օրեր։
Անկեղծ ասած՝ բացառիկ դեպք է իմ կյանքում, երբ ներկայացման ընթացքում այդքան հուզվում եմ՝ գիտակցելով, որ այն բեմադրություն է։ Բայց ամեն ինչ այնքան բնական էր, այնքան ճշմարիտ, մարդկային ու արտիստիկ, որ անհնար էր անտարբեր մնալ։
Իլոնան կատարեց նաև այն երգերից մի քանիսը, որոնք իմ հիշողության մեջ պահպանվել են Էլվինա Մակարյանի կատարմամբ։ Եվ պետք է ասեմ՝ իմ կարծիքով՝ որոշ երգեր նա նույնիսկ ավելի լավ կատարեց։ Սա, իհարկե, իմ անձնական կարծիքն է, բայց նրա կատարումն իսկապես հրաշալի էր։
Ինձ համար այս ամենն ավելին էր, քան պարզապես Էլվինա Մակարյանի մասին ներկայացում։ Այն մեր մասին էր՝ հայ մարդու, հայ աղջկա, իր տառապանքների միջով անցնելով երգարվեստի գագաթին հասած կնոջ մասին։ Ներկայացման ընթացքում այնպիսի զգացողություն ունեի, կարծես Էլվինան այսօր էլ կա, այսօր էլ ապրում է բոլորիս մեջ։ Բեմադրությունն այնքան տպավորիչ էր, որ մի պահ նույնիսկ մոռանում էի՝ նստած եմ թատրոնի դահլիճում և դիտում եմ ներկայացում։
Շնորհակալ եմ այս հրաշալի աշխատանքի համար»,- իր տպավորություններով կիսվեց Սամվել Գրիգորյանը։
«Համազգային հայ կրթական ու մշակութային հիմնադրամի» Գյումրու գրասենյակի տնօրեն Արա Նախշքարյանի խոսքով՝ ներկայացումն իր համար ոչ միայն հուզիչ մշակութային իրադարձություն էր, այլև հնարավորություն՝ բացահայտելու հայ երգարվեստի մեծանուն ներկայացուցիչներից մեկին։
«Եթե անկեղծ լինեմ, Իլոնայի այս ներկայացումից հետո միայն հասկացա, թե ով էր Էլվինա Մակարյանը։ Սա ինձ համար բացառիկ միջոցառում էր։ Բեմում Իլոնան իրեն փառահեղ դրսևորեց։
Երբեմն մտածում ենք՝ մի մարդու մեջ այսքան շատ բան չի կարող լինել։ Բայց պարզվում է՝ հնարավոր է, որ Աստծո կողմից մեկ մարդու մեջ այդքան մշակույթ, արվեստ ու սեր ներդրված լինի։ Ես իսկապես ցնցված եմ»,- ասաց Արա Նախշքարյանը։
Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ




























































