Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ Արևմտյան թեմում մեկնարկում են մայրենի լեզվի դասագրքերի պատրաստման աշխատանքները

Դեկտեմբեր 29,2023 13:26

Գաղտնիք չէ, որ տասնամյակներ շարունակ սփյուռքի հայկական դպրոցների համար մայրենի լեզվի  դասագրքեր չեն պատրաստվել։ Արդյունքում օգտագործվել են նախորդ դարում ստեղծված որոշ հավաքածուներ, որոնք վաղուց կորցրել են իրենց արդիականությունը և չեն համապատասխանում այսօրվա պահանջներին։ Փոխվել է նաև գաղթօջախների ներքին հարաբերակցությունը։ Եթե ժամանակին, լեզվական առումով, ամենուրեք տիրապետողը արևմտահայերենն էր, ապա այսօր շատ վայրերում պատկերն այլ է։

Այս խնդիրների մտահոգությամբ ԱՄՆ Արևմտյան թեմում մեկնարկել է սփյուռքահայ աշակերտների համար նախատեսված մայրենի լեզվի նոր դասագրքրերի ստեղծման աշխատանքը։ Թեմական առաջնորդ, գերաշնորհ Տ․ Հովնան արք․ Տերտերյանի օրհնությամբ գրքերի պատրաստման գիտական խումբը ղեկավարելու է հայտնի լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը, որը հեղինակել է բազմաթիվ դասագրքեր թե՛ հայաստանյան հանրակրթական  և թե՛ սփյուռքի դպրոցների համար։

Թեմում ձևավորվել է մանկավարժների խումբ, որի աշխատանքները համակարգելու է Սրբազան հոր նախագահությամբ գործող մարմինը։ Վերջինս դեկտեմբերի 27-ին, առաջնորդարանում գումարել էր առաջին քննարկումը, որին մասնակցում էին հոգեշնորհ Տ․ Երեմիա վարդապետ Աբգարյանը, արժանապատիվ Տ․ Խաժակ քահանա Շահբազյանը, բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանը, դոկտ․ Էլլի Անդրեասյանը, դոկտ․ Մինաս Գոճայեանը, բանասիրական գիտությունների թեկնածուներ Արփի Մարտիրոսյանը և Նորայր Պողոսյանը։

Աշխատաժողովի ընթացքում քննության նյութը հայաստանյան դպրոցների համար պատրաստված դասագրքի օրինակներից մեկն էր։ Տեղի ունեցավ մտքերի փոխանակություն։ Ակնկալվում է, որ նոր դասագրքերը լինելու են գերժամանակակից, պարզ, բայց ոչ պարզունակ, թվային աշխատատետրերով, հետաքրքրական նյութերով։ Այն պետք է խճողված չլինի քերականական խնդիրներով, լինի մրցունակ և չզիջի ամերիկյան դասագրքերին։ Հաշվի առնելով սփյուռքի լեզվական առանձնահատկությունները՝ բառագիտության բաժինը լինելու է նաև անգլերեն բացատրություններով, որն այլ լեզվի փոխարինման պարագայում, հնարավոր կլինի օգտագործել ոչ անգլիախոս գաղութներում։ Նախատեսվում է, որ դասագրքերը գործածական կդառնան ինչպես ամենօրյա, այնպես էլ շաբաթօրյա վարժարաններում։ Սկզբնական փուլում կազմվելու է արևելահայերեն, ապա ճիշտ նույն դասագրքի արևմտահայերեն տարբերակը։

Հաջորդ ժողովը ծրագրվում է գումարել 2024 թ․-ի հունվարին։

 

Հովհաննես սարկավագ Գումրույան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031