Լրահոս
Օրվա լրահոսը

«Պլատոնն իմ ընկերն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է, ես հասկանում եմ, որ սա դասալքության խնդիրներ կարող է առաջացնել, անհաշտ եմ». Քրիստինե Պողոսյան

Հունվար 11,2024 16:30

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին նախագիծը։

Երկրորդ ընթերցման ժամանակ առաջարկվում է նոր քաղաքացիություն ձեռք բերող քաղաքացիների համար շեմ սահմանել 18-45 տարեկան, ինչը հնարավորություն կտա ծառայել մեկ տարի կամ վճարել 2,5 մլն դրամ եւ ազատվել ծառայությունից:

ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանն ասաց, որ դա խթան կհանդիսանա, որ մարդիկ հրաժարվեն ՀՀ քաղաքացիությունից կամ երեխաներին դարձնեն այլ երկրի քաղաքացիներ, որ 2,5 մլն դրամով ազատեն: Նա հորդորեց այս փոփոխությունից ձեռնպահ մնալ. «Վստահ եմ, որ եթե որոշ ժամանակ անց վերլուծություն անենք, կտեսնենք, որ քաղաքացիությունից հրաժարվող քաղաքացիների թիվը մեծացել է»: Նա առաջարկեց 27 տարին լրացածների նկատմամբ դա կիրառել, ոչ թե 18-ից սկսած:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, օգտվելով նրանից, որ ՊՆ փոխնախարարը ներկա է, նրան հարցրեց՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ բանակից 5-րդ շարասյունը վերացրել են, ի՞նչ գործողություն է իրականացվել, որ բանակը ազատվել է իբր 5-րդ շարասյունից, ԶՈՒ-ում ավագ եւ բարձրագույն սպայակազմից քանի՞ զինծառայող է ազատվել պաշտոնից եւ զորացրվել, ներկայացրեք հստակ թվեր: Նա ասաց, որ այդ մասին գրավոր հարցում է ուղարկել դեկտեմբերի սկզբին ու մինչ օրս պատասխան չի ստացել:

ՔՊ պատգամավոր Քրիստինե Պողոսյանն արձագանքեց. «Շատ լավ է, որ պարոն Մանուկյանը գրավոր հարցումներ է անում, իրավունք ունի, բայց եթե ինքը գար ու մասնակցեր 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստերին, 5-րդ շարասյան հետ կապված լիքը հարցեր կփարատվեր իր մոտ, կտեսներ էդ ամբողջ բուկետը»:

Նա ՊՆ փոխնախարարին ասաց, որ զգում է՝ կառավարությունը հաշտ չէ այս օրենքի նախագծի հետ, բայց ինչո՞ւ դա ուղիղ չի ասում. «Հայկ Սարգսյանը չի նեղանա իմ հարցից, Պլատոնն իմ ընկերն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է, ես զգում եմ, որ խնդիր կա, ներքուստ անհաշտ եմ: Ես հասկանում եմ, որ սա դասալքության խնդիրներ կարող է առաջացնել: Ամեն անգամ, երբ ներում ես, միտք է առաջացնում, որ էլի կարող եմ անել ու ներվել: Դուք չեք ասում այդ անհաշտ լինելը ու ինձ՝ որպես պատգամավորի, դժվար իրավիճակում եք դնում»:

Արման Սարգսյանը պատասխանեց, որ հոգու խորքում ունեն անհաշտություն, բայց ելնում են իրականությունից:

Իսկ Հայկ Սարգսյանն արձագանքեց, որ որեւէ անձնական շահ այս նախագծից չունի, բացի պետական շահը ու չի ուզում, որ իր խաթր կամ իրեն հակառակ քվեարկեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031