Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանակում չծառայելու համար այսօր հետախուզման մեջ է գտնվում ավելի քան 10 հազար քաղաքացի»․ ԱԺ-ն քննարկում է Հայկ Սարգսյանի նախագիծը

Դեկտեմբեր 12,2023 13:18

ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվում է ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին նախագիծը։

Հայկ Սարգսյանն ասաց, որ իր նախագծով ակնկալվում է հետեւյալ խնդիրները լուծել։ «Գործող կարգավորումներով՝ 27 տարին լրացած եւ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիները ենթակա են դատապարտման։ Նրանք որեւէ տարբերակով չեն կարող ազատվել քրեական հետապնդումից, մեծ ցանկության դեպքում անգամ չեն կարող ծառայել, քանի որ համարվում են զինվորական ծառայության սահմանային տարիքն անցած։ Նախագծով առաջարկում եմ 27 տարին լրացած եւ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին տալ հնարավորություն՝ ազատվել քրեական պատասխանատվությունից՝ առաջին՝ երկու տարի ծառայելով, երկրորդ՝ մեկ տարի ծառայելով եւ պետական բյուջե վճարելով 2․5 մլն դրամ, երրորդ՝ վեց մասի ծառայելով ու վճարելով 5 մլն դրամ, չորրորդ՝ մեկ ամիս ծառայելով՝ վճարելով 10 մլն դրամ, հինգերորդ՝ վճարելով 15 մլն դրամ»,- ասաց նա։

Հայկ Սարգսյանը նշեց, որ նախկինում հետեւյալ կարգավորումներն են եղել։ 2004-2019 թվականը գործել է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիների մասին օրենքը, որը հնարավորություն էր տալիս պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին վճարել 200 հազար դրամ ամեն բացակայած զորակոչի համար եւ ազատվել պատասխանատվությունից։ Առավելագույնը 3,6 մլն դրամ վճարելով՝ սույն խմբի քաղաքացիները ազատվում էին քրեական պատասխանատվությունից։ Այս օրենքից օգտվել է 10 000 քաղաքացի։ 2021 թվականին, երբ երկու տարի որեւէ կարգավորում չկար, Ազգային ժողովն ընդունեց «Համաներման մասին» օրենք, որից օգտվեցին 1360 քաղաքացիների՝ չվճարելով որեւէ դրամ եւ չծառայելով՝ ազատվեցին քրեական պատասխանատվությունից։ Եթե այն ժամանակ համաներման փոխարեն ընդունվեին իմ կողմից առաջարկված կարգավորումները, ապա կունենայինք ավելի քան 10 մլրդ դրամ հավելյալ մուտքեր պետական բյուջե եւ 1000-ից ավելի զինծառայողներ մեր Զինված ուժերում։ Բանակում չծառայելու համար այսօր հետախուզման մեջ են գտնվում ավելի քան 10 000 քաղաքացիներ, որոնցից շուրջ 5000-ը 27 տարին լրացած են։ Ցանկության դեպքում անգամ չեն կարող ծառայել։ Ես չեմ ցանկանում, որպեսզի մենք երբեւէ նորից անենք համաներում՝ այս անձանց պատասխանատվությունից ազատելու համար։ Բայց նաեւ չեմ ցանկանում 5000 քաղաքացիներին դատապարտել 5 տարվա ազատազրկման, քանի որ դրանից մեր երկիրը ոչ միայն չի շահի, այլեւ մենք նրանց հայտնաբերելու, դատապարտելու եւ կալանքի մեջ պահելու համար մեծ գումարներ կծախսենք»,- ասաց Հայկ Սարգսյանը։

Ըստ նրա՝ եթե 27 տարին լրացած քաղաքացուն չընձեռվի այս հնարավորությունը, ապա գործող կարգավորումներով նրանք չեն վերադառնա հայրենիք մինչեւ նրանց 37 տարին լրանալը։ «Նախագծով ակնկալվող հիմնական արդյունքներն են․ բազմաթիվ քաղաքացիներ կվերադառնան հայրենիք, Զինված ուժերը կհամալրվեն հայրենադարձ քաղաքացիներով, նրանք սահմանված կարգով կծառայեն, ծառայությունից ազատվելուց հետո կհաշվառվեն պահեստազորում, լրացուցիչ ֆինանսական միջոցներ կմուտքագրվեն պետական բյուջեն, կխնայվեն 27 տարին լրացած զինծառայողներին հայտնաբերելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, նրանց դատապարտելու վրա ծախսվող ֆինանսական ու նյութական միջոցները, բազմաթիվ երիտասարդներ կվերադառնան հայրենիք՝ մշտական բնակության՝ իրենց հետ բերելով օտարերկրյա պետություններում կուտակած ֆինանսական միջոցները։ Այն երիտասարդները, որոնք չեն տեղափոխվի ՀՀ մշտական բնակության, առնվազն որպես զբոսաշրջիկ հաճախակի կայցելեն հայրենիք»,- ասաց պատգամավորը։

Հայկ Սարգսյանի խոսքով՝ նախագծի ընդունման դեպքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա կլինեն նաեւ 27 տարին լրանալուց հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող արական սեռի քաղաքացիները։ Ընդ որում, նրանք կարող են կամ 12 ամիս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնել, կամ պետական բյուջե վճարել 2,5 մլն դրամ։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031