Լրահոս
Օրվա լրահոսը

Չինարիի գյուղապետ․ «Եթե տավուշյան «անկլավները» տվեցին, ուրեմն Արցախի նույն իրավիճակն է ստեղծվելու Տավուշում՝ հյուսիսային դարպասները փակվելու են»․ «Հրապարակ»

Հունվար 13,2024 12:05

«Ալիեւը գլուխը պատին է խփում՝ նման հայտարարություններ անելով․ մենք ունենք, չէ՞, մեր ազգային արժանապատվությունը, մենք ազգ ենք, երկիր ենք, պետություն ենք, կանք ու գոյատեւում ենք»,- մեզ հետ զրույցում ասաց Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանը։

«Տավուշի մարզում դրանք չեն էլ եղել անկլավներ։ Շամշադինում միշտ պաշտպանվել են, եւ երբեւիցե նման ներթափանցում ադրբեջանցիների կողմից չի եղել, կոնկրետ Տավուշի մարզի Շամշադին շրջանում Խորհրդային Միության ժամանակ ոչ մի ադրբեջանցի չի ապրել, բայց նրանք փորձել են նաեւ այստեղ ներգաղթել»,- ասաց Սաղոյանը։

Ադրբեջանցիները փորձել են գալ-հաստատվել, սկզբում մի քանի հոգով են եկել, տուն-տեղ դրել, շատ երեխաներ ունեցել, հետո նաեւ իրենց բարեկամներին են բերել եւ վերջում դա կոչել են անկլավ։

«Տավուշում անկլավ չի եղել՝ երբեք չի եղել»,- շեշտում է Սաղոյանը։ Մեր հարցին, թե տեղի բնակիչներն ինչպես են վերաբերվում այս հարցին, ասաց, որ լուծումը մեկն է՝ պետք է ապավինել մեր բանակին, որպեսզի դիմակայենք ու թույլ չտանք, որ նման քայլեր իրագործեն։ «Տավուշը, Շամշադինը 34 տարի շարունակ ամենօրյա պատերազմի մեջ են եղել։ 1994 թվականի հրադադարից հետո այս գյուղում 19 քաղաքացիական զոհ ենք տվել: Իբր հրադադար է եղել, բայց երբեք մեզ մոտ կրակը չի դադարել։ Իսկ 2020 թվականին Հայաստանի Հանրապետությունում առաջին գյուղը, որտեղ անօդաչու սարք է կիրառվել, Չինարիի վրա է կիրառվել` 2020 թ. հուլիսի 15-16-ին, հուլիսյան մարտերի ժամանակ։ Այդ ժամանակ գյուղը հրետակոծվել է, վնասներ ունեցել ենք, բայց փառք ու պատիվ մեր ժողովրդին՝ ապրում ենք»,- ասում է Չինարիի վարչական ղեկավարը։

Սաղոյանը կարծում է, որ Ալիեւը հենց այնպես հայտարարություններ չի անում։

«Հենց այնպես չի ասում․ իրեն զգալով հաղթող կողմ՝ մեզ սպառնում է, սպառնալիք է տարածում մեր երկրի նկատմամբ, միջազգային հանրությունն էլ լռում է, ցավոք սրտի։ Մենք մեր բանակին պետք է զորավիգ լինենք, մոտը կանգնենք ու պաշտպանենք մեր հայրենիքի սահմանները՝ միակ լուծումը դա է: Ես ուրիշ տարբերակ չեմ տեսնում։ Եթե տավուշյան «անկլավները» տվեցին, եթե հանձնեցին, ուրեմն Արցախի նույն իրավիճակն է ստեղծվելու Տավուշում՝ հյուսիսային դարպասները փակվելու են, մենք մնալու ենք շրջափակման մեջ, որովհետեւ Վրաստան տանող միջպետական ճանապարհը փակվելու է։ Եթե ուզենք Շամշադինից դուրս գալ, պիտի մտնենք, այսպես կոչված, Ադրբեջանի տարածքով անցնենք։ Ոնց որ Բերձորի անցակետը դրեցին՝ նույնն է լինելու»,- նկատում է վերջինս։

Հայկա ԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031