Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Սիմիդյան․ «Սեւանա լճի ջրի 1903,5 նիշն այն մակարդակն է, որն ուղիղ ազդեցություն կունենա ջրի որակի վրա»

Հունվար 15,2024 15:23

Սեւանա լճի ջրի 1903,5 նիշն այն մակարդակն է, որն ուղիղ ազդեցություն կունենա ջրի որակի վրա։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ պատասխանելով հարցին՝ լճի մակարդակը նվազում է, ի՞նչ է անում նախարարությունը այն կանխելու համար։

Նախարարն ասաց, որ գործընկեր գերատեսչությունների հետ են աշխատում, փորձում են այն օղակները, որոնք հնարավորություն են տալիս ջուր բերել Սեւան, դրանց արդյունավետությունը մեծացնել։

«Ջրի մակարդակի վրա դրական ազդեցություն ունեն տեղումները, բացասական ազդեցություն ունի ոռոգման նպատակով ջուր բացթողելը։ Տարիներ շարունակ այդ խնդիրն ունենք։ Չենք կարող գյուղատնտեսությանն առանց ջուր թողնել։ Տարբեր քննարկումներ ունենք, թե ինչպես ջրի մակարդակը չնվազի, որտեղից կկարողանանք ջուր գեներացնել ու բերել Սեւանա լիճ։ Մեր մասնագիտական գնահատականն այն է, որ 1903,5 նիշն այն մակարդակն է, որն ուղիղ ազդեցություն կունենա ջրի որակի վրա։ Հույս ունեմ, որ կկարողանանք ջրի մակարդակը բարձրացնել, նաեւ հույս ունեմ, որ բնությունն ու եղանակը մեզ կօգնի»,-ասաց նախարարը։

Եթե բնությունը չօգնի, ինչպես ասաց նախարարը, Արփա-Սեւան հիդրոթունելով շատ ջուր պետք է բերեն Սեւանա լիճ՝ խնդիրը շտկելու համար․ «Այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են, ու հույս ունենք, որ Արփա-Սեւանով ավելի շատ ջուր բերելու հնարավորություն կունենանք։ Այստեղ իրավական եւ այլ գործընթացներ կան, որ այս պահին մեզ մի քիչ խանգարում են։ Հույս ունեմ առաջիկայում լուծել կլինի»։

Անդրադառնալով անտառապահպանությանը, Սիմիդյանն ասաց, որ օրենսդրական փաթեթ են պատրաստում, նախատեսվում է անտառներում եւ բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացնել 24 ժամյա հսկողություն։ Ըստ նախարարի՝ ռենջերների ծառայություն ստեղծելու գաղափար կա, նախատեսվում է, որ ծառայությունը տեխնիկապես բավականին հագեցած կլինի, դրոններով, հաղորդիչներով, որոնք օրինակ բենզասղոցի ձայների կամ հրդեհի դեպքում անմիջապես կարձանագրեն եւ տեղեկատվությունը կփոխանցվի կառավարման օղակ։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031