Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Ստացվում է՝ մի քանի տասնյակ ժողովրդականներ ու վաստակավորներ սպառնալի՞ք են երկրի անվտանգությանը». Լիլիթ Գալստյան

Հունվար 16,2024 16:00

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը «ցինիկության հերթական հրավառություն» է որակում նշանակալի ոլորտներում ակնառու հաջողությունների եւ բացառիկ վաստակի համար անհատներին տրվող ժողովրդական եւ վաստակավոր կոչումների չեղարկելը։

Լիլիթ Գալստյան

Aravot.am-ի հետ զրույցում պատգամավորն ասում է, որ մերկապարանոց մեղադրանքը, թե պատվավոր կոչումներն իրավակիրառ պրակտիկայում չեն ապահովում հետապնդած նպատակների իրականացումը, դրական հետեւանքներ ունենալու փոխարեն՝ բացասական ազդեցություն են ունենում առանձին մասնագիտական հանրույթի ներսում առաջացող հարաբերությունների, մասնագիտությունների եւ կոլեկտիվների համարժեք հանրային ընկալման ձեւավորման վրա, համարժեք է կուլիսային բամբասանքը օրենքի հիմնավորման դաշտ բերելուն։

Լիլիթ Գալստյանը հավելում է. «Չեմ զարմանում, որ այս «փաստարկները» ներկայացնում էր արդարադատության փոխնախարարը, որն աննախանձելի տգիտությամբ հայտարարեց, թե ո՞վ է ճանաչում Գեղունի Չթչյանին, Վլադիլեն Բալյանին, Ֆելիքս Սողոյանին, Նիկոլայ Ծատուրյանին։ Իսկ մեկ այլ քայլական՝ էքստազի և լկտիության մեջ, հայտարարեց, թե կոչումները տալիս էին լռության համար, լավ լռողներին ժողովրդական էին տալիս։ Ընդ որում, չեղարկումը հիմնավորվում է նրանով, թե որեւէ գործչի ժողովրդական կամ վաստակավոր լինելը չի կարող գնահատվել կամ ստուգվել փորձագիտական խմբի հայեցողությամբ, քանի որ դրանք չափելի եւ որեւէ կոնկրետ չափանիշով գնահատելի չեն։ Իրականում սա էլ մերկապարանոց եւ խոցելի հաստատում է, որովհետև գործող օրենսդրությունը բավականին հստակ չափանիշներ է սահմանում, թե որ դեպքերում եւ ինչի համար են տրվում պատվավոր կոչումները:

Առավել քան մերկապարանոց են այն հիմնավորումները, թե իբր պատվավոր կոչումները անձեռնմխելիության դեր են կատարում, խոչընդոտում են կադրային քաղաքականությանը, սահմանում են արտոնություններ, անհավասար պայմաններ մյուս մասնագետների համար, խաթարում են բարոյահոգեբանական մթնոլորտը եւ այլն: Սա եւս ամբողջովին խեղաթյուրված պատկեր է, որովհետև աշխատանքային-պայմանագրային հարաբերություններում կոչումները որեւէ իմպերատիվ առավելություն եւ արտոնություն չունեն։ Օրինակ՝ Գուժ Մանուկյանի ժողովրդական կոչումը չկաշկանդեց նրան աշխատանքից ազատելու հարցում։

Բայց հիմնավորումների չակերտավոր գագաթնակետը այն հաստատումն է, թե կոչումները վնաս են հանրային համախմբմանը, համերաշխությանն ու ներդաշնակությանը։ Փաստորեն, դուրս է գալիս, որ մի քանի տասնյակ ժողովրդականներ ու վաստակավորներ սպառնալիք են երկրի անվտանգությանը»։

Պատգամավորը հարց է հնչեցնում՝ եթե կառավարությունը չափանիշների սահմանման անհնարինությամբ պայմանավորված՝ չեղարկում է անհատական մակարդակում շնորհվող պատվավոր կոչումները, այդ դեպքում ինչո՞ւ է արդիական եւ անհրաժեշտ համարում «ՀՀ վաստակավոր կոլեկտիվ» կոչման շնորհումը, կամ եթե կոլեկտիվների պարագայում հնարավոր է չափելի ցուցանիշներ ապահովել, ինչո՞ւ չի կարելի նույնն անել անհատի մակարդակում։

Լիլիթ Գալստյանը նշում է, որ Մշակութային օրենսդրության հիմունքների մասին ՀՀ օրենքով սահմանված են ազգային եւ ակադեմիական կարգավիճակները, որոնք տրվում են այն կազմակերպություններին, որոնք առանձնանում են ինքնատիպությամբ, կատարողական բարձր վարպետությամբ, անժամանցելի ձեռքբերումներով։ Նրա խոսքով, նախագիծը հակասության մեջ է մտնում ՀՀ Սահմանադրության 136-րդ հոդվածի հետ, համաձայն որի՝ «Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով պարգեւատրում է Հայաստանի Հանրապետության շքանշաններով եւ մեդալներով, շնորհում է պատվավոր կոչումներ»: Պատգամավորը փաստում է. «Փաստորեն, նախագծի արդյունքում խաթարվել է նախագահի՝ պատվավոր կոչում շնորհելու սահմանադրորեն ամրագրված իրավասությունը» ։

Նրա ձեւակերպմամբ, իրականում ՔՊ-ին անհատի հեղինակություն, ազգային ինստիտուտներ ու էլիտաներ պետք չեն. «Իրենց ողորմելի «գիտելիքներով», բայց ծրագրված համառությամբ քանդում են ավանդույթ ու ժառանգություն։ Անցյալը մերժելու եւ զրոյական կետից սկսելու նրանց հանձնառությունը մեզ համար Հայրենիքի ու Պետության գին ունի»։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռուզան says:

    Երկրում այսքան բաներ պատահեցին, ու՞ր էին ժողովրդականները: Քանի հոգի բուռն արձագանք ունեցան:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031