Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ բացարձակ չի տիրապետում բանակցությունների տարրական կանոններին»․ Արծվիկ Մինասյան

Հունվար 18,2024 12:04

ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ հույս ունի, որ Բաքվից հնչող հայտարարությունները խաղաղության գործընթացը դիտավորյալ փակուղի մտցնելու նպատակ չունեն։

«Երեկ Նիկոլ Փաշինյանը հարցուպատասխանում իր արտահայտած մտքերով եւս մեկ անգամ ցույց տվեց, որ ինքը բացարձակ չի տիրապետում ոչ միայն դիվանագիտական նրբություններին, չի տիրապետում անգամ բանակցությունների տարրական կանոններին։ Չի էլ հասկանում, որ նմանատիպ հարցերի վերաբերյալ գոյություն ունի միջազգային իրավունք եւ նաեւ կանոններ։ Երեկ Նիկոլ Փաշինյանը ոչ մի բանակցային սկզբունքների մասին չխոսեց։ Ինքը խոսում է այնպիսի տեխնիկական հարցերի մասին, որոնք Ալիեւը հեշտությամբ կոտրում է եւ հեշտությամբ հակադարձում է։ Իսկ հայկական կողմից չկա սկզբունքների շուրջ հստակ մոտեցում»,- ասաց Մինասյանը։

Ըստ նրա՝ միջազգային իրավունքի տեսակետից սկզբունքներից կարևորներից մեկը հետեւյալն է, թե ի՞նչ մոտեցումով ես դու մտնում բանակցությունների մեջ։ Ալիեւը հայտարարում է՝ «այն, ինչ իմ տիրապետության տակ է, իմն է»։ Եվ դրանով է հիմնավորում, որ բռնազավթած տարածքներից զորքերը չի ուզում դուրս բերել։ «Նիկոլ Փաշինյանի կամ հայկական կողմի պատասխանը ո՞րն է դրան, ոչ մի բան, զրո։ Մինչդեռ, նույն միջազգային իրավունքի տեսակետից, եթե դու այդ մոտեցումն ես որդեգրում, առաջինը՝ առնվազն դու ընդհանրապես չպետք է խոսես որեւէ անկլավի մասին։

Երկրորդ, եթե անգամ դա հիմք է ընդունվում, եւ Նիկոլ Փաշինյանի թեթեւ ձեռամբ անգամ եթե բանակցային փաթեթ է մտել Ալմա-Աթայի հայտնի հռչակագիրը եւ արձանագրությունը, ապա Ադրբեջանը պաշտոնապես միացել է, եւ իր համար այդ նորմը գործողության մեջ է մտել 1993 թվականի սեպտեմբերի 24-ին։ Այսինքն՝ եթե դու խոսում ես տիրապետման տակ գտնվող տարածքի եւ սահմանագծի, սահմանազատման մասին, այդ պահի դրությամբ պետք է խոսես։ Իսկ այդ պահի դրությամբ սահմանագիծը շփման գիծն էր, որտեղ հայկական իշխանության ներքո գտնվող տարածքները Հայաստանի իրավազորության ներքո են»,- հավելեց նա։

Ըստ Արծվիկ Մինասյանի՝ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին նույն միջազգային իրավունքի կանոնների համաձայն՝ օպտիմալ է այնպիսի հաղորդակցությունների բացումը եւ այնպիսի միավորների ձեւավորումը, որոնք երկու կողմերին էլ հնարավորություն չեն տալու ապագայում այնպիսի որոշումներ կայացնել, որպեսզի միակողմանի շահ ստանան։

«Ամենակարճ օրինակը սրա հետեւյալն է՝ ոչ թե պետք է քննարկվի Մեղրիի երկաթգծի կամ այսպես կոչված աբսուրդ խաչմերուկի գաղափարը, այլ եթե ճանապարհային ենթակառուցվածքներն ես նայում, դրա լավագույն լուծումը Բաքու-Ղազախ-Իջեւան-Դիլիջան-Հրազդան գիծն է, որտեղ հայկական իրավասության տակ է գտնվելու շուրջ 320 կմ, ադրբեջանական իրավասության տակ՝ մոտ 360 կմ։ Դրա դեպքում վաղը-մյուս օրը որեւէ կողմ ցանկացած որոշում չի կարող միակողմանիորեն կայացնել, այսինքն՝ երկու կողմին էլ ձեռք չի տալու, որպեսզի միակողմանի քայլեր արվեն»,- նշեց նա։

Մինասյանն ասաց, որ այն տարբերակը, որը քննարկվում է այսօր, հայկական կողմից, լավագույն դեպքում, մինչեւ 45 կմ ճանապարհի մասին է խոսքը, ադրբեջանական կողմից՝ 650-700 կմ։ Այսինքն՝ ցանկացած պահի Ադրբեջանը կարող է անել այն, ինչ կուզենա։

«Վերջին օրինակն էլ բերեմ՝ սահմանազատման եւ սահմանագծման համար սկզբունքային նշանակություն ունի սահմանամերձ բնակավայրերում անվտանգության նվազագույն պայմանների ստեղծումը։ Չի կարող Ադրբեջանի այսօրվա օկուպացման քաղաքականության պայմաններում որեւէ սահմանագծման շուրջ համաձայնություն լինել, որովհետեւ դրանք անմիջական սպառնալիք են հենց հայկական բնակավայրերին։ Էլ չեմ խոսում արցախահայության իրավունքների, Արցախի հարցի մասին։ Սրանք բաներ են, որոնք այսօր իշխանությունը ներկայացնող խմբակի կողմից՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, բացարձակապես չեն արծարծվում»,- ընդգծեց Մինասյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031