Լրահոս
Օրվա լրահոսը

Մուրադ Փափազյան․ Մեր աշխատանքը շարունակեցինք, որովհետեւ մեր առաքելությունն է՝ զորավիգ կանգնել Հայաստանին ու Արցախին․ «Հրապարակ»

Հունվար 27,2024 11:05

Օրերս վարչական դատարանը բավարարեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ, դաշնակցական Մուրադ Փափազյանի հայցն ընդդեմ ԱԱԾ-ի։ Փափազյանը պահանջել էր իր անունը հանել Հայաստանի համար անցանկալի անձանց տվյալների բանկից։ Հիշեցնենք, որ մոտ 2 տարի առաջ Փափազյանը, գալով Հայաստան, օդանավակայանում պարզել էր, որ չի կարող մուտք գործել հայրենիք, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի կամքով Հայաստանում «պերսոնա նոն գրատա» է ճանաչվել։ Երեկ մենք զրուցեցինք Մուրադ Փափազյանի հետ։

– Պարոն Փափազյան, մոտ ապագայում պլանավորո՞ւմ եք գալ Հայաստան։

– Երբ որ որոշումը հաստատվի․․․ գիտեք, որ ԱԱԾ-ն մեկ ամիս ունի՝ որոշումը բողոքարկելու համար, այդ 1 ամիսը կավարտվի փետրվարի 22-ին, եւ իմ հույսն է, որ ԱԱԾ-ն չի բողոքարկի դատարանի որոշումը։ Եթե չբողոքարկի, ապա մարտի կեսերին ես Հայաստան կգամ, անշուշտ։

– Դատարանի այս վճիռն անակնկա՞լ էր Ձեզ համար, թե՞ գիտեիք, որ պետք է բավարարի Ձեր հայցը։

– Իրականության մեջ բոլորը շատ լավ գիտեին, որ այդ «պատիժը» հիմնված էր քաղաքական պատճառների վրա։ Որեւէ իրավական հիմք չուներ այդ որոշումը, այդ դեպքում դատարանն ի՞նչ պիտի որոշեր` եթե 18 ամսվա ընթացքում ԱԱԾ-ն չբերեց որեւէ պատճառ, չպատասխանեց դատարանին եւ դատավորի պահանջներին, որ բերի գոնե մի պատճառ։ Հետեւաբար, դատարանն ուղղակի ստիպված էր նման որոշում կայացնել։ Ես վստահություն ունեի Հայաստանի արդարադատության վրա եւ տարբեր դատավորների վրա, որովհետեւ եթե շինծու պատճառներ ներկայացներ ԱԱԾ-ն, ու դատարանն ընդուներ այդ շինծու պատճառները, ապա կնշանակեր, որ միջազգային գետնի վրա Հայաստանն իսկապես կսեւանար։ Ես կուզեմ ողջունել դատարանի որոշումը, քանի որ այդ որոշումը հարգում է ժողովրդավարական սկզբունքները եւ ցույց կտա, որ արդարադատությունը կրնա անկախ ըլլալ Հայաստանի մեջ, եւ սա լավ նշան է ապագայի համար։

– Այս ընթացքում Ֆրանսիայի կառավարությունը Ձեզ աջակցե՞լ է, մենք գիտենք, որ Դուք եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտերիմ հարաբերություններ ունեք։

– Չեմ ուզում ասել, որ օգնեցին, որովհետեւ Ֆրանսիան չի խառվում Հայաստանի ներքին հարցերին, բայց լինելով Ֆրանսիայի քաղաքացի, անշուշտ, նախագահի հետ մի քանի անգամ խոսեցինք այս մասին, ինքն էլ Հայաստանի վարչապետի հետ խոսեց այս հարցի մասին։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը եւս խոսել է Հայաստանի արտաքին գործոց նախարարի հետ։ Երբ ասում ենք՝ խոսեցին, այսինքն՝ զարմացած էին, որ այդպիսի որոշում է կայացվել իմ դեմ, որովհետեւ իրենց համար ես պաշտպանում եմ Հայաստանի շահերը Ֆրանսիայի մեջ եւ արտաքին ճակատում, պաշտպանում եմ Արցախի ու Հայ դատի շահերը, եւ երբ այս որոշումը կայացվեց, իրենք, անշուշտ, շատ զարմացած էին, որովհետեւ իրենց համար ժողովրդավար երկրի մեջ ընդդիմությունը սրբություն է, այսինքն՝ ընդդիմության գաղափարն օգնում է իշխանություններին իրականության մեջ՝ փաստելու համար, որ երկիրը ժողովրդավարական երկիր է։

– Շուրջ 2 տարվա արգելքը՝ Հայաստան մուտք գործելու, Ձեզ չէ՞ր խանգարում Հայաստանի համար աշխատել, այս 2 տարիների ընթացքում մեծ ողբերգություններ տեղի ունեցան՝ Արցախը հայաթափվեց ու ամբողջովին հանձնվեց Ադրբեջանին։

– Մենք շարունակեցինք աշխատել ֆրանսիական կառավարության հետ՝ նախագահի, Փարիզի քաղաքապետի, Լիոնի, Մարսելի քաղաքապետների հետ։ Ճիշտ է՝ ավելի օգտակար կըլլար, եթե ես կարողանայի իրենց հետ Հայաստան գալ-գնալ, սակայն իրականության մեջ աշխատանքը շարունակեցինք, շատ քիչ խանգարեց, որովհետեւ մեր առաքելությունն է՝ զորավիգ կանգնել Հայաստանին ու Արցախին։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031