Shamshyan.com. Նոյեմբերի 4-ին խարդախության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժին է դիմել Տավուշի մարզի բնակիչ 60-ամյա Անդրանիկ Չ․-ն և հայտնել, որ հոկտեմբերի 30-ին իր հեռախոսահամարին «Telegram» հավելվածով զանգահարել է «Արթուր Ս․» անվամբ օգտատեր, ներկայացել որպես ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակից և հայտնել, որ իր հետ կապ կհաստատի Կենտրոնական բանկի աշխատակից Ռաֆայել Բ․-ն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Անդրանիկ Չ․-ն ոստիկաններին հայտնել է, որ որոշ ժամանակ անց կրկին «Telegram» հավելվածով զանգահարել է Ռաֆայել Բ․-ն և հայտնել, թե իր անվամբ բանկում ձևակերպվել է 20 մլն դրամի առցանց վարկ, որը փոխանցվել է այլ հաշիվների։ Գումարը հետ վերադարձնելու նպատակով վերջինս համոզել է, որ անհրաժեշտ է իր բանկային քարտում առկա գումարը փոխանցել իր մատնանշած հաշվեհամարին։
Արդյունքում Անդրանիկ Չ․-ն իր «ՎՏԲ» բանկային քարտից 262 հազար 600 դրամ է փոխանցել Նունե Դ․-ի անվամբ հաշվեհամարին, որից հետո տեղեկացել է, որ կատարվածը խարդախություն է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Անդրանիկ Չ․-ն Ենոքավան բնակավայրի վարչական ղեկավարն է։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում



















































