Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնի տեղահանված արցախցին ահազանգում է՝ իրեն ու երեխաներին փախստականի վկայական չեն տալիս

Հունվար 30,2024 15:44

Սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի հարձակումից հետո Արցախից բռնի տեղահանված բազմազավակ Մանուշակ Ասլանյանն ահազանգում է՝ ինքն ու իր երեխաները Հայաստանում փաստաթղթերի խնդրի առաջ են կանգնել, միայն ամուսնուն է հաջողվել ստանալ ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայական։

«Անձնագրային և վիզաների վարչության Աշոցքի բաժնում պատճառաբանում են, թե ես Հայաստանում` Չարենցավանում եմ ծնվել և կարող եմ դիմել միայն ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ Բայց ես 1999թ․, երբ անչափահաս էի, Արցախ եմ տեղափոխվել և այնտեղ էլ ստացել եմ անձնագիրս»,-ասաց նա։

Մանուշակի պատմելով՝ իր ծնողները ևս Արցախից են, և առաջին անգամ այնտեղ են անձնագիր ստացել, սակայն ուսանողական տարիներին տեղափոխվել են Հայաստան ու հաշվառվել, փաստաթղթավորվել Չարենցավանում, որտեղ էլ ծնվել են երեխաներից մի քանիսը, այնուհետև կրկին տեղափոխվել են Արցախ ու կրկին ստացել Արցախի անձնագիր։

«Քույրս, որը Ռուսաստանում է ծնվել, արդեն իսկ ստացել է փախստականի վկայական, բայց ինձ ու երեխաներիս չեն տալիս։ Ես էլ չեմ ուզում ՀՀ քաղաքացիություն ստանամ, որովհետև ես իմ ողջ ունեցվածքը թողել եմ Արցախում՝ Վաղուհաս գյուղում, մեկ ձեռք հագուստ ենք վերցրել ու դուրս եկել գյուղից, ու եթե հետագայում փոխհատուցման հնարավորություն լինի` ես կզրկվեմ այդ հնարավորությունից»,-նշեց Մանուշակ Ասլանյանը:

Բազմազավակ մայրը փաստաթղթերի խնդրի պատճառով արդեն երեք ամիս է` չի ստացել իր 6 երեխաների նպաստը, իր խոսքով` չի ստացել նաև բռնի տեղահանված արցախցիներին պետության կողմից տրվող վեցամսյա սոցիալական աջակցությունը՝ 40 հազար դրամ՝ ժամանակավոր կացարանում բնակվելու և 10 հազար դրամ՝ կոմունալ ծախսերի վճարման համար, ինչպես նաև չի ստացել նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին հատկացված լրացուցիչ 50 հազարական դրամը, միայն 100000 դրամն է ստացել:


ՆԳՆ ՄՔԾ հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանն անդրադառնալով ՀՀ քաղաքացիություն ստանալու խնդրին, նշեց, որ իրենք առաջնորդվում են ՀՀ քաղաքացիության մասին օրենքով, որտեղ կան հստակ չափորոշիչներ․ «Նախ՝ ստուգվում է բնակչության պետական ռեգիստրում տվյալ անձի առաջին հաշվառումը՝ անձնագրավորումը, ծնողների քաղաքացիությունը, երեխայի ծնվելու պահին ծնողների քաղաքացիությունը, ծնվելու վայրը։ Այս չափորոշիչներից ելնելով ենք որոշում կայացնում՝ անձին համարե՞լ ՀՀ քաղաքացի, թե՞ ոչ։ Մեր օրենքը հիմնականում արյան սկզբունքով է գործում, այսինքն՝ երեխայի քաղաքացիությունը որոշվում է ծնողների քաղաքացիությամբ, բայց երբեմն լինում են իրավիճակներ, որ, օրինակ, մի ծնողը ՀՀ քաղաքացի է լինում, իսկ մյուսը՝ ոչ, հետևաբար նաև հողի սկզբունքն է գործում, այսինքն՝ նայում ենք, թե որտեղ է ծնվել երեխան»։

Ընդգծենք, որ Արցախից բռնի տեղահանված բազմազավակ Մանուշակ Ասլանյանի խոսքով՝ իր երեխաները ծնվել են Վաղուհասում, որտեղ էլ ապրել են ինքն ու իր օրինական ամուսինը։

Զարուհի Մանուչարյան

Ինչ վերաբերում է արցախցիներին տրվող աջակցությանը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը հիշատակեց, որ վճարման գործընթացը շարունակվում է․ «Վճարումները՝ և 100 000 դրամով, և 50000 դրամով, և 40000+10000 դրամով շարունակվում են։ 40000+10000-ի և 50000-ի համար ելակետն ընդունվում է 100000 դրամ ստանալու փաստը, բայց կան քաղաքացիներ, որ 100000 դրամն ստանալուց հետո նախորդ ամիսների 40000+10000 և 500000 դրամները չեն ստացել, դրա համար ուղղորդում ենք դիմում ներկայացնել, որ նախորդող ամիսներին էլ ստանան»,-ասաց Զարուհի Մանուչարյանն ու շեշտեց, որ քաղաքացիները պետք է դիմեն տարածքային կենտրոններ՝ վճարումների հետ կապված կոնկրետ դեպքերով մեկնաբանություն ստանալու համար։

Նա նաև հավելեց, որ Արցախի բռնի տեղահանումից հետո ՀՀ քաղաքացիություն ստացած արցախցիները շարունակելու են օգտվել բոլոր աջակցության ծրագրերից։

 

Նարա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031