Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանազատման հանձնաժողովները սկզբունքային հարցեր պետք է քննարկեն, քարտեզների հարցը տեխնիկական է»․ Արծվիկ Մինասյան

Փետրվար 01,2024 13:16

«Սկզբունքային հարցը շատ խորն է՝ ի՞նչ սկզբունքների վրա է հիմնված այս հանձնաժողովերի աշխատանքը»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով սահմանազատման հարցերով հանձնաժողովների երեկվա հանդիպմանը։

Նա հիշեցրեց, որ 2023 թվականի դեկտեմբերին ՀՀ կառավարությունն ընդունել է մի որոշում, որը որեւէ դրույթ չի պարունակում, թե հայկական կողմի հանձնաժողովն ի՞նչ սկզբունքներով պետք է առաջնորդվի։ «Ավելին, այնտեղ սեւով սպիտակի վրա ուղիղ նշված է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններն ընդունում են այդ փաստաթուղթը։ Առնվազն սկզբունքների մակարդակով պետք է փաստաթղթում արտացոլված դրույթներ լինեն։ Իսկ սկզբունքները, այս մասին բազմիցս ենք ասել, միջազգային լավագույն փորձից են գալիս՝ արտացոլված ԵԱՀԿ սահմանագծման եւ սահմանազատման արդի հիմնահարցեր փաստաթղթում։ Ալիեւը հոխորտում է՝ «այն, ինչ իմ տիրապետության տակ է, իմն է, եւ պետք է մնացածներն էլ տաք», հայկական կողմը զրո արձագանք է տալիս։ Հակառակը, հակառակ կողմը՝ Նիկոլ Փաշինյանի եւ իր վարչախմբի ներկայացուցիչների հայտարարություններով պատրաստ է ամեն ինչ զիջել։ Բառացիորեն ամեն ինչ՝ անկլավներից սկսած, վերջացրած պետական հիմքերը խարխլելով։ Հիմա արդեն չկա 29 800 քկմ, էլ ո՞նց է պահում։ Այստեղ սկզբունքային երկրորդ հարցը հետեւյալն է՝ եթե դեկտեմբերին կառավարությունն ընդունում է նման որոշում, կա միջազգային համաձայնություն, որքանո՞վ է այդ միջազգային համաձայնությունն իրավաչափ, եթե այն չի անցնում Հայաստանի ներպետական ընթացակարգ։ Ո՞վ է տվել իրեն իրավունք, որ վերցնում ու Ալիեւի հետ պայմանավորվածություն է ձեռք բերում այս հանձնաժողովի հետ կապված։ Ուժի չկիրառում, դրա ներքո այսօր բռնազավթված տարածքների ադրբեջանական զինուժի դուրսբերման որեւէ դրույթի բացակայություն, հումանիտար որեւէ թեմայի կամ սկզբունքի չարծարծում, գերիներին, պատանդներին ադրբեջանական բանտերում պահելու պայմաններում ի՞նչ հարցեր պետք է քննարկեն, ի՞նչ սկզբունքներով պետք է առաջնորդվեն։

Ես դեմ եմ, որ Ալմա-Աթայի գործընթացը բերել ու խցկվել է այս բանակցությունների պրոցեսում։ Կամ, անգամ եթե Փաշինյանի ակտիվ նախաձեռնությամբ Ալմա-Աթայի հռչակագիրն ու արձանագրությունը բերել խցկվել է այս փաթեթում, ինչո՞ւ որպես կարեւորագույն սկզբունք՝ չի դրվում այն հարցը, որ սեւով սպիտակի վրա գրված է՝ երկրների համար առկա կամ փաստացի սահման արտահայտությունը վերաբերելի է այդ երկրի պաշտոնապես վավերացման պահից։ Եթե ինքը տանում է այդ գիծը, 1993 թվականի սեպտեմբերի դրությամբ առկա սահմանների ճշտում պետք է տեղի ունենա։ 1993 թվականի սեպտեմբերի դրությամբ ոչ Արցախը, ոչ էլ ՀՀ որեւէ այսօրվա որեւէ տարածք Ադրբեջանի իրավազորության տակ չէր։ Ակնհայտ է, որ այստեղ հայկական կողմը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, իրականացնում է զիջման հանձնվելու քաղաքականություն՝ կեղծ խաղաղասիրական կոնցեպտի ներքո»,- ասաց նա։

Անդրադառնալով քարտեզների հարցին՝ Արծվիկ Մինասյանն ասաց, որ քարտեզները տեխնիկական հարցեր են, սկզբունքային հարցերը ուժի եւ դրա սպառնալիքի գործադրումից հրաժարումն է, լարված իրավիճակը թոթափելը, այսինքն՝ ՀՀ ինքնիշխան տարածքներից դուրս գալը, գերիներին ու պատանդներին ազատ արձակելը։ Այս սկզբունքային հարցերը լուծելուց հետո միայն, նրա խոսքով, պետք է քննարկվեն տեխնիկական հարցերը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829