Հակակոռուպցիոն դատարանը էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ կիրառեց խափանման միջոց տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով: Դատարանը քիչ առաջ բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը։ Անի Իսպիրյանն իր պաշտպանի հետ դուրս եկավ դատարանից:
Անի Իսպիրյանի պաշտպան Մամիկոն Մուրադյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ այս փուլում միայն կարող է ասել, թե դատարանն ինչ խափանման միջոց ընտրեց: Մեր հարցին, թե Իսպիրյանն ընդունո՞ւմ է առաջադրված մեղադրանքը, պաշտպանը չպատասխանեց, նաեւ չպարզաբանեց, թե ինչ հիմքով իր պաշտպանյալի նկատմամբ կիրառվեց մեղմ խափանման միջոց՝ տնային կալանք, իսկ այս գործով անցնող այլ կանանց նկատմամբ, որոնք ունեին 2 եւ 4 տարեկան անչափահաս երեխաներ, կիրառվեցին խիստ խափանման միջոցներ՝ կալանք:
Նշենք, որ մինչեւ դատարանը որոշում կկայացներ՝ Հանրային հեռուստաընկերությանը երեկ տված հարցազրույցում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդես էր եկել Անի Իսպիրյանի պաշտպանությամբ, հայտարարելով, թե որպես անձնավորություն՝ նա անբասիր է․ «Անի Իսպիրյանը Ռուսաստանից վերադարձել է Հայաստան 2020 թվականին 44-օրյա պատերազմի ժամանակ։ Դա, իմ կարծիքով, շատ հայանվեր քայլ է և ես կարող եմ ասել, որ վերջին 3 տարվա իմ համատեղ աշխատանքի հետ, միայն ամրապնդել է իմ վերաբերմունքը իր նկատմամբ»։
Նա նաեւ հայտարարել էր, թե կստանձնի պատասխանատվություն, եթե ապացուցվի, որ Անի Իսպիրյանը մեղավոր է․ «Ես ձեզ պետք է ասեմ, որ Անի Իսպիրյանի դրվագով ընդհանրապես բյուջեի միջոցներ չեն ծախսվել, այսինքն` թե ինչ վնասներ է հասցվել պետությանը, ինչպիսի սխալ ծախսեր են կատարվել, ով է դրա համար կաշառք վերցրել, ոչ մի նմանատիպ հարց չկա ու չի էլ կարող լինել։ Պետք է լինի այնպես, որ ավելացնենք ոչ թե ձերբակալությունները, այլ մեղադրական ակտերը։ Ո՞ւր են մեղադրական ակտերը։ Եթե կան մեղադրական ակտեր, ապա եկեք շնորհակալություն հայտնենք մեր Քննչական մարմիններին։ Այս պահին եղած մեղադրանքը և իմ գիտելիքները թույլ են տալիս, որ ես ասեմ, որ մեր գործողություններում ոչ մի անօրինականություն չկա։ Մենք բացառապես օրենքի տառին համաձայն ենք շարժվել։ Իմ համար մարդը մեղավոր է, երբ որ իր նկատմամբ մեղադրական ակտ կա»։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ նախկին փոխնախարարն Անի Իսպիրյանն ավելի վաղ ձերբակալվել էր: Նախաքննությամբ, մասնավորապես, պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մրցույթի մասնակից N բաժնետիրական ընկերության տնօրենի և աշխատակիցների դրդմամբ և օժանդակությամբ, մրցույթին այդ ընկերության հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ N 526-Ն որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են մրցույթին վերջինիս մասնակցությունն իբր անհնար դարձնող պայմաններ, նրան ապօրինաբար դիտել որպես մրցույթի պայմաններին չհամապատասխանող ու փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392մլն. ՀՀ դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

















































