Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի կազմը կընդլայնվի՝ ներառելով անհատների ՌԴ-ից և Մերձավոր Արևելքից

Փետրվար 02,2024 16:11

Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի հայտարարությունը

Ի լրումն 2024-ի հունվարի 18-ի հայտարարության՝ Արցախի հիմնական քաղաքական ուժերի հետ համագործակցությամբ ձևավորված Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախումբը հայտնում է, որ հանձնախմբի նախնական կազմում հետևյալ անհատներն են․

Վարդան Օսկանյան, ՀՀ արտաքին գործերի նախարար (1998-2008)

Գեղամ Ստեփանյան, Արցախի մարդու իրավունքների պաշտպան

Կարեն Բեքարյան, «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, Հայաստան

Մարիո Նալպատյան, Հայ դատի կենտրոնական Խորհրդի անդամ, Արգենտինա

Գասպար Կարապետյան, Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ, Բելգիա

Գառնիկ Քըրքոնեան, միջազգային իրավաբան, ԱՄՆ

– Հանձնախմբի կազմը կընդլայնվի՝ ներառելով անհատների Ռուսաստանից և Մերձավոր Արևելքից:

– Հանձնախմբի գլխավոր խնդիրը լինելու է Արցախի ժողովրդի՝ միջազգային երաշխիքներով հավաքական հայրենադարձության և իր հայրենիքում ապահով, անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքի հետապնդումը և պաշտպանությունը։

– Արցախի ժողովուրդը ցեղասպանության սպառնալիքի տակ բռնի տեղահանված է իր տնից, հողից ու հայրենիքից և նրա բնական և անքակտելի իրավունքն է անխոչընդոտ վերադառնալ իր բնօրրանը, շարունակել բնականոն ժողովրդավարական կյանքը՝ իր լեզվի, մշակույթի, հոգևոր ժառանգության պահպանման, սեփականության վերատիրացման, զարգացման և կյանքի կազմակերպման՝ միջազգայնորեն ընդունելի նորմերով և սկզբունքներով։

– Հակամարտության հետևանքով բռնի տեղահանվածների՝ իրենց հայրենիք կամավոր վերադառնալու իրավունքը ճանաչված է որպես միջազգային իրավունքի նորմ, որը հիմնավորվում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով (Universal Declaration of Human Rights), Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային կոնվենցիաով (International Convention on Civil and Political Rights) և տարածաշրջանային բազմաթիվ հռչակագրերով:

– Ավելին, 2023-ի նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանը (ICJ) վճռել է, որ Ադրբեջանի Հանրապետությունը պետք է ապահովի 2023-ի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղը լքածների անվտանգ և անարգել վերադարձը։

– Հանձնախումբը բազմակողմանի գործունեություն է ծավալելու միջազգային հարթակներում՝ բարձրաձայնելու, ծանոթացնելու, հիմնավորելու և հետապնդելու Արցախի ժողովրդի խնդիրները, շահերը և իրավունքները։

– Հանձնախումբը, վերը նշված նպատակների կյանքի կոչման համար, մշտական ու հետևողական աշխատանք է իրականացնելու արցախահայության, Հայաստանի հանրության ու Սփյուռքի հայրենակիցների հետ՝ նպատակ ունենալով կոնսոլիդացնել բոլոր ռեսուրսները, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների, ակադեմիական և փորձագիտական շրջանակների:

– Հանձնախումբը Արցախի ժողովրդին ներկայացնելու է պետական և քաղաքական մարմինների առաջ, ինչպես նաև միջազգային ատյաններում, համաժողովներում և միջազգային դատարաններում։

– Ակնկալում ենք, որ ՀՀ իշխանությունները և քաղաքական բոլոր ուժերը աջակցության և համագործակցության պատրաստակամություն կցուցաբերեն Հանձնախմբի գործունեությանը: Հանձնախումբը պատրաստ է աշխատել անխտիր յուրաքանչյուրի և բոլորի հետ, ովքեր պատրաստ են պատասխանատվություն ստանձնել՝ համապատասխան լիազորություն ստացած այս հանձնախմբի հետապնդած նպատակների շրջանակներում:

Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829