Լրահոս
Օրվա լրահոսը

«Կասկածանքով եմ վերաբերվում Արփինե Սարգսյանի պնդմանը, արցախցիները սահմանահատումների ժամանակ որևէ խնդիր չեն ունենում»․ Գեղամ Ստեփանյան

Նոյեմբեր 24,2026 18:25 Share
Աջակցեք aravot.am-ին

«Առավոտ»-ի հարցերին պատասխանել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

– Պարոն Ստեփանյան, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, պարզաբանելով հարցը, թե ինչո՞ւ է արցախցիներին տրամադրվող կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրի դաշտում դիմաց նշվում «Ադրբեջան», ասաց, որ դա միջազգային պահանջ է։ Իշխանությունների բացատրություններն ընդունելի՞ են ձեզ համար։

– Ես մնում եմ այն կարծիքին, որ Հայաստանի Հանրապետությունն արցախցիների անձնագրերում շատ հանգիստ կարող է բնակավայրի անունը նշել և չառաջացնել այդ խնդիրը։

– Արփինե Սարգսյանն ասում է, որ «ISO ստանդարտում Ղարաբաղի մեր հայրենակիցների կողմից մատնանշված տեղանունները չեք գտնի այն անվանումներով, որոնք նրանք ցանկություն ունեն տեսնելու իրենց անձնագրերում»։

– Անձնագիրը չի հանդիսանում ծննդյան վկայական։ Ծննդյան վկայանում նշված տեղանունը պետք է տեղափոխվի անձնագրի մեջ։ Եթե ծննդյան վկայականում նշված է Ստեփանակերտ, ուրեմն անձնագրում էլ պետք է լինի Ստեփանակերտ, ոչ թե այլ անուն։ Հակառակ պարագայում, ինչպես իրենք են հաճախ նշում, որ պրոբլեմներ են առաջանում, այս դեպքում էլ կարող են պրոբլեմներ առաջանալ։ Եթե ծննդյան վկայականում և անձնագրում արված նշումներն իրարից տարբերվում են, այ դա է տարբեր երկրներում գործարքների պարագայում պրոբլեմներ առաջացնում։ Օրինակ՝ եթե ծննդականում նշված լինի Ստեփանակերտ, իսկ անձնագրում՝ «Խանքենդի», ինչպես իրենք են փորձում նշել, ապա դա խնդիրներ կառաջացնի։

Հետևաբար, մեր առաջարկն այն է, որ որևէ խնդիր չկա, եթե անձնագրերում ուղղակի նշվի բնակավայրը։ Եթե անգամ գնում են այլ ճանապարհով, ի՞նչն է պատճառը, որ, օրինակ, ԽՍՀՄ չի նշվում, այլ նշվում է Ադրբեջան։ Չէ՞ որ ԽՍՀՄ տարիներին կար միջազգայնորեն ճանաչված մեկ պետություն, և այդ պետությունը ԽՍՀՄ-ն էր։ Եվ իրենց մատնանշած ցուցակներում ԽՍՀՄ անվանումը կա։ Այսինքն՝ հանգիստ կարելի էր Ադրբեջանի փոխարեն թեկուզ ԽՍՀՄ նշել, եթե խուսափում են բնակավայր նշել։

Երկրորդ խնդիրն այն է, որ անկախության տարիներին՝ 1991 թվականից հետո ծնված անձանց ծննդյան վկայականներում առհասարակ Ադրբեջան բառ չկա։ Ոչ էլ ադրբեջանական ԽՍՀ-ի մասին խոսք կա, որևէ ձևով «Ադրբեջան» բառը չկա։ Ի՞նչն են իրենք հիմք ընդունում՝ այդ անձանց անձնագրերում «Ադրբեջան» բառը ներառելով։ Սա պարզապես աբսուրդ է։

Ես կարծում եմ, որ արցախցիների դժգոհությունը շատ հիմնավոր է։ Այս հարցն առաջացել էր նաև 2023-2024 թվականներին, երբ դեռևս կապույտ անձնագրերն էին։ Եվ այն ժամանակ իշխանությունները հասկացել էին, որ մեր դժգոհությունը բավականին հիմնավոր է, եկել էին այն համոզման, որ անձնագրերում կարելի է բնակավայրը նշել և ոչ թե պետությունը։

– Հիմա ՆԳ նախարարն ասում է, որ արցախցիները նախկինում սահմանին խնդիրներ են ունեցել, դիմել են իրենց, իրենք են այդ խնդիրները լուծել։ Իրո՞ք այդպես է, սահմանահատումների ժամանակ խնդիրներ առաջանո՞ւմ են, եթե անձնագրում նշվի ոչ թե պետությունը, այլ բնակավայրը։

– Սահմանահատումների ժամանակ որևէ խնդիր չի լինում։ Ես ամենաշատը ճամփորդող անձանցից եմ արցախցիների շրջանում, երբևէ որևէ սահմանապահ ինձ որևէ անգամ չի կանգնեցրել ու նման հարց չի ուղղել։ Հետևաբար, ես կասկածանքով եմ վերաբերվում այդ պնդմանը, որ դա որևէ պարագայում կարող էր խնդիր առաջացնել։

– Ի՞նչ քայլերի եք պատրաստվում դիմել։

– Դատական գործընթացի ճանապարհով ենք գնալու։ Ես կարծում եմ, որ այս հարցը նաև օրենսդրական կարգավորման կարիք ունի, որովհետև 2026 թվականի նոյեմբերին ուժի մեջ մտած նոր օրենքում իրենք պարզապես նշել են, որ անձնագրում նշվում է ծննդավայրը, այսինքն՝ պետությունը։ Օրենսդրական փոփոխություն պետք է կատարվի և պետք է վերադառնալ նախորդ՝ մինչ դա գործած օրենքի կարգավորումներին, որը հնարավորություն է տալիս բացի պետությունից, նշել նաև բնակավայր, քաղաք, շրջան և այլն։ Կարծում եմ, որ նաև այդ առաջարկով հանդես կգանք։ Արդեն կան այդպիսի նախաձեռնություններ, որ և օրենսդրական փոփոխություն կատարվի, և մինչ այդ էլ քննարկումներ լինեն իրենց հետ, որպեսզի վերադառնանք նախկին կարգավորումներին։

Իսկ այն, որ այդ պրոբլեմն իսկապես հուզում է արցախցիներին, դա ակնհայտ է ոչ միայն սոցիալական ցանցերում։ Ես տարբեր համայնքներում հանդիպում եմ տեղահանվածների հետ, երևի սա կարևոր 4-5 հարցերից մեկն է, որը մարդիկ բարձրացնում են և ասում, որ այն լուծում պետք է ստանա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30