Լրահոս
Օրվա լրահոսը

«Չկրկնվի սենց բան։ Հանձնարարականս պա՞րզ է»․ Փաշինյանը՝ Սիմիդյանին

Փետրվար 08,2024 12:12

«Սա առաջին անգամ է, երբ մենք սիգի հետ հարաբերվում ենք որպես պետություն, եւ սա կարեւոր արձանագրում է»,-այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սեւանա լճում սիգի որսի համար քվոտա սահմանելու մասին որոշման նախագծի քննարկման ժամանակ։

Ըստ նախագծի՝ մինչեւ սեպտեմբերի 1-ը ձկնորսները կարող են դիմել 257 տոննա քվոտայի շրջանակում օրինական որս իրականացնելու համար։

«Ում համար ենք սա անում։ Առաջին հերթին՝ այն մարդկանց համար, որոնք իրենց ընտանիքի կարիքները հոգում են Սեւանա լճում ձկնորսություն իրականացնելով։ Այս ամենը արվում է ձկնապաշարը, վերարտադրությունը եւ բազմացումն ապահովելու համար։ Դա պետական եւ ազգային հարստություն է, բայց առաջին շահառուն հենց Սեւանի ավազանում ապրող մեր հայրենակիցներն են, ովքեր փորձում են ընդդիմանալ այդ սահմանափակումներին»,-ասաց Փաշինյանը։

Նա ասաց՝ չնայած սահմանափակումներին, սիգի ապօրինի որսը շարունակվում է․ «2023-ին սահմանել ենք 600 տոննա քվոտա, մարդիկ գալիս են, դիմում ու մեկ կիլոգրամի դիմաց պետական բյուջե վճարում 65 դրամ։ Իհարկե, սիգի շուկայական արժեքը մի քանի անգամ բարձր է։ 566 տոննա է իրացվել, բայց բոլորս գիտենք, որ կրկնակի ավելի որս է արվում, բայց նույնիսկ այս քվոտան, որի դիմաց պետք է վճարում կատարվեր, նույնիսկ այս 600 տոնայի վճարումը չենք կարողացել ապահովել։ Սա անընդունելի է։ Ավելի մեծ պրոբլեմն այն է, որ 2023-ին այդ ցուցանիշն ավելի է նվազել՝ նախորդ տարի 568 տոննա, 2023-ին դարձել է 390 տոննա։ Սա անընդունելի պրակտիկա է։ Էլ չեմ ասում այդ 65 դրամ գինը։ Ո՞նց ենք որոշել, որ 65 դրամ է, ոչ թե 100։ Չի կարող սենց բան կրկնվի, ինչքան քվոտան տրված է, ճշգրիտ էդքանի դիմաց պետք է վճարում կատարվի։ Եթե չէ, ուրեմն պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունենում»։

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն էլ ասաց, որ այժմ քննում են, թե ինչ է տեղի ունենում, ինչու ձկնորսները դիմում չեն ներկայացնում սահմանված չափաքանակի դիմաց․ «Ենթադրություններ կան, բայց․․․»։

«Ենթադրությունը ո՞րն է։ Մտնում են առանց թույլտվության ձկնորսություն են անում, ոչ մեկն իրենց վրա վերահսկողություն չի անում, կոնկրետ փաստ է։ Բոլորս գիտենք, որ ընդեղից 600 տոննա գերազանցող որս է արվում։ Այսինքն, չե՞նք գնում այդ 65 դրամի հետեւից, կամ էլ հիմնավորեք, որ ոչ թե 600 տոննա ձուկ են որսացել, այլ՝ 390 տոննա»։

Սիմիդյանը հավելեց, որ ամեն տարի սահմանված քվոտայից քիչ են եղել դիմումները։ Փաշինյանն էլ նկատեց․ «Գնալով քչանում է։ Չկրկնվի սենց բան։ Հանձնարարականս պա՞րզ է»։

Սիմիդյանն էլ վստահեցրեց, որ էկոպարեկային ծառայության ստեղծմամբ՝ Սեւանա լճում անօրինական որսի նկատմամբ հսկողություն ավելի կուժեղանա։

Նախարարի ներկայացմամբ՝ Սեւանա լճում արդյունաբերական որսի չափաքանակը հաստատելու համար հիմնվում են ԳԱԱ ուսումնասիրության տվյալների վրա, ըստ այդմ՝ 2023-ի դեկտեմբերին տրամադրած տվյալներով՝ մինչեւ այս տարվա սեպտեմբերի 1-ը սահմանվել է 257 տոննա քվոտայով որս։ Ըստ Սիմիդյանի՝ 2020 թվականից է քվոտա տրամադրվում, օրինակ՝ 2020-2021 թվականներին քվոտան եղել է 300 տոննա, 2022-2023-ին՝ 600 տոննա․ «2024-ի հուլիսին ակադեմիան նոր ուսումնասիրություն կանի, հասկանալու՝ նոր քվոտայի հնարավորություն ունե՞նք, թե՝ ոչ»։

Փաշինյանի ներկայացմամբ՝ 3-րդ Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ է, որ սիգի որսի արգելքը գործադրվում է․ «Սա տեղի է ունեցել պարեկային ոստիկանության ներդրման շնորհիվ։ Սա այն դեպքն է, երբ միայն քաղաքական կամքը բավարար չէ, պետք են գործիքներ։ Առաջին անգամ ստեղծվեցին այդ գործիքները՝ ջրային եւ առափնյա պարեկային ծառայությունը»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարում՝ վարչապետը 2018–ին ծանոթանում է «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» ընթացքին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829