Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ կարծում՝ Եվրախորհրդարանի կազմում փոփոխություններն էական ազդեցություն կունենան ՀՀ-ԵՄ հարաբերությունների ամբողջ ներկապնակի վրա, որը հիմա տեսնում ենք»

Փետրվար 09,2024 13:30

2024-ի հունիսի 6-9-ը տեղի կունենան Եվրոպական խորհրդարանի ընտրություններ։ Այս տարվա ընթացքում ընտրություններ են սպասվում ԵՄ 9 անդամ պետություններում։ Ինչպե՞ս կազդեն Եվրոպական խորհրդարանի ընտրությունների արդյունքները ԵՄ-ՀՀ հարաբերությունների վրա։ Այս հարցերի շրջանակում «Առավոտը» զրուցեց ԱՊՐԻ-Արմենիա վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանի հետ։

-Պարոն Պողոսյան, Ձեր կարծիքով Եվրոպական խորհրդարանի ընտրությունների ելքը կարո՞ղ է ուղիղ ազդեցություն ունենալ ՀՀ-ԵՄ հարաբերությունների վրա, մանավանդ, որ արդեն կան որոշ կանխատեսումներ, որ այսպես կոչված աջակողմյան կուսակցություննեը բավականին մեծ շանսեր ունեն։ Սա կարո՞ղ է բացասական ազդեցություն ունենալ ՀՀ-ի հետ հարաբերությունների հարցում։

-Այո, 2019-ի հետ համեմատած աջակողմյան կուսակցությունների ձայները թերեւս ավելի շատ կլինեն։ Բայց ամեն դեպքում կարծում եմ, որ հիմնական կոնֆիգուրացիան չի փոխվի։ Այսինքն՝ էլի թիվ 1 կուսակցությունը կլինի ԵԺԿ-ն՝ կենտրոնամետ աջակողմյան, հետեւաբար էական փոփոխություններ Եվրոպական խորհրդարանի քաղաքական կազմում չեմ կարծում։ Հնարավոր է որոշ խմբակցությունների թվաքանակ նվազի, որոշներինն ավելանա, բայց ասել, որ օրինակ՝ աջակողմյան կուսակցությունները կկարողանան ձեւավորել առանձին խմբակցություն, որը կլինի թիվ մեկը Եվրոպական խորհրդարանում, չեմ կարծում, քանի որ ամեն դեպքում շատ երկար ժամանակ հիմնականում երկու հիմնական խմբակցություններ կան՝ աջ կենտրոնամետներ՝ ԵԺԿ եւ այսպես ասած ձախ կենտրոնամետներ՝ կամ սոցիալիստներ։

-Որքանո՞վ Եվրոպական խորհրդարանի ընտրությունները կարող են ՀՀ-ԵՄ հարաբերությունների վրա ազդել։

-Երկարաժամկետ առումով կամ ինստիտուցիոնալ առումով չեմ կարծում, որովհետեւ ամեն դեպքում հարաբերությունները հենված են ՍԵՊԱ-ի վրա։ Չեմ կարծում, որ նոր Եվրախորհրդարանը եւ դրա  հիման վրա ձեւավորված նոր Եվրահանձնաժողովը, օրինակ՝ խնդիրներ տեսնի ՍԵՊԱ-ի իրականացման հարցում։ ԵՄ-ն վերջերս ընդլայնեց իր դիտորդական առաքելության թվաքանակը ՀՀ-ում՝ 138-ից դարձավ 209, եւ ամենայն հավանականությամբ ժամկետը եւս կերկարաձգվի։ Գիտենք, որ երկու տարով էր եւ տեղակայումը 2023-ի փետրվարին էր։ Սակայն ինչքանով ես եմ պատկերացնում, ամենայն հավանականությամբ, եթե իհարկե, ՀՀ-Ադրբեջան համապարփակ համաձայնագիր չստորագրվի, ապա ԵՄ-ն թերեւս կորոշի երկարաձգել այդ առաքելությունն առնվազն երկու տարով՝ այսինքն՝ մինչեւ 2027-ի փետրվար։ Բայց չեմ կարծում, որ Եվրախորհրդարանի ընտրություններն էական դեր խաղան։ Եվրախորհրդարանը կարեւոր մարմին է Եվրահանձնաժողովի հաստատման համար, բայց չմոռանանք, որ Եվրահանձնաժողովի կազմն ու նախագահը, Եվրոպական խորհրդի նախագահը կամ նրանց  թեկնածություններն առաջին հերթին որոշվում են անդամ պետությունների միջեւ տեղի ունենալիք քաղաքական առեւտրի արդյունքում։ Եվ այստեղ հիմնական դեր խաղում են ծանրքաշայինները՝ առաջին հերթին Ֆրանսիան, Գերմանիան, վերջերս նաեւ Լեհաստանի դերն է բավականաչափ ակտիվացել։ Գիտենք, որ Լեհաստանի ներկայիս վարչապետ Դոնալդ Տուսկը մինչեւ Շառլ Միշելը 2019-ին ինքն էր զբաղեցնում Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնը։

Բայց ընդհանուր առմամբ չեմ կարծում, որ Եվրախորհրդարանի ընտրություններն էականորեն կփոխեն Եվրախորհրդարանի կառուցվածքը՝ նկատի ունեմ կուսակցությունների ներկայացվածության առումով եւ լուրջ ազդեցություն կունենան ՀՀ-ԵՄ  հարաբերությունների վրա թե՛ ՍԵՊԱ-ի իրականացման, թե՛ ՀՀ-ում դիտորդական առաքելության տեղակայման եւ դրա ժամկետների հնարավոր երկարաձգման հարցում։ 2025-ի փետրվարից հետո նկատի ունեմ, թե օրինակ՝ Եվրոպական խաղաղության գործիքի միջոցով ՀՀ-ին ոչ մահացու օգնության տրամադրման հարցում, քանի որ գիտեք՝ հարաբերությունները կամ քննարկումներն ինտենսիվ շարունակվում են։ Արդյունքները չեմ կարծում, որ լինեն չափից դուրս անսպասելի եւ նույնիսկ որոշակի փոփոխությունները Եվրախորհրդարանի կազմում՝ ըստ քաղաքական ուժերի դասավորվածության, չեմ կարծում, որ էական ազդեցություն կունենան մասնավորապես ՀՀ-ԵՄ  հարաբերությունների ամբողջ ներկապնակի վրա, որը մենք հիմա տեսնում ենք։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 «Առավոտ» օրաթերթ
08.02.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829