Reuters-ը հայտնում է, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հինգշաբթի օրը, վկայակոչելով անանուն հետախուզական ծառայությունների տվյալները, հայտարարել է, որ Ռուսաստանը ծրագրում է «հիբրիդային» հարձակումներ իրականացնել (օգտագործելով անօդաչու սարքեր և հրթիռներ) Ուկրաինային աջակցող երկրների դեմ։
«Այդ հնարավոր հարվածները կրելու են, այսպես ասած, «պատահական» բնույթ և նպատակ են ունենալու կաթվածահար անել կամ գոնե թուլացնել ՆԱՏՕ-ի անդամ երկրների վճռականությունը՝ կիրառելու դաշինքի համապատասխան դրույթները անդամ երկրի դեմ ագրեսիայի դեպքում», – ասել է նա խորհրդարանում։
Եվրոպական երկրները կասկածում են, որ Մոսկվան կանգնած է վերջին ամիսներին տեղի ունեցած մի շարք դիվերսիոն գործողությունների հետևում՝ նպատակ ունենալով ճնշում գործադրել դաշնակիցների, հատկապես՝ Գերմանիայի վրա, որոնք օգնում են Կիևին դիմակայել Ռուսաստանի լայնածավալ ներխուժմանը։ Այս մեղադրանքները Կրեմլը կտրականապես հերքում է։
Տուսկը մանրամասներ չի հայտնել այն մասին, թե այդ ո՞ր հետախուզական ծառայություններն են տրամադրել այդ նախազգուշացումը։
Կարդացեք նաև
Տուսկը նաև նշել է, որ Ռուսաստանի կողմից նման հարձակումները կարող են համընկնել «որոշ եվրոպական երկրներում տեղի ունեցող քաղաքական փոփոխությունների հետ, որոնք իշխանության կամ գոնե ազդեցիկ ձայնի հնարավորություն են տալիս նրանց, ովքեր, ավելի ու ավելի հաճախ շահարկելով խաղաղության, պացիֆիզմի և անիմաստ զոհերի մասին ազնիվ կարգախոսները, կոչ կանեն խաղաղության, կամ ավելի ճիշտ՝ Ուկրաինայի լիակատար կապիտուլյացիայի»։
Այս խոսքերը թվում է, թե ուղղված են Ֆրանսիայի «Ազգային միավորում» կամ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցություններին։
Տուսկը ավելի վաղ իր X հարթակում գրել էր. «Մենք ավելացրել ենք F-16-ների և ուղղաթիռների գործունեությունը, ինչպես նաև ուժեղացնում ենք հակաօդային պաշտպանության և արագ արձագանքման մեր համակարգերը»: Նա նաեւ հայտնել է, որ ուրբաթ օրը կայցելի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ քննարկելու համագործակցությունը հակահրթիռային պաշտպանության կոալիցիայի շրջանակներում;


















































