Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում նկատվում է կարմրուկի դեպքերի աճի միտում. հունվարին դեպքերը 41%-ով ավելացել են

Փետրվար 16,2024 14:20

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայաստանում կարմրուկի նոր դեպքերն՝ ըստ ամիսների

Կարմրուկի համաճարակային իրավիճակը աշխարհում շարունակում է մնալ լարված:  Դեռևս 1998թ. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը որդեգրեց կարմրուկի վերացման քաղաքականությունը: Երկար տարիներ կարմրուկի դեմ պատվաստումներում բարձր ընդգրկվածության և որակյալ համաճարակաբանական հսկողության ապահովման արդյունքում շատ երկրներ, այդ թվում Հայաստանի Հանրապետությունը,  հասան կարմրուկի վերացման նպատակին: Մինչդեռ COVID-19 համավարակը նոր մարտահրավերներ առաջացրեց առողջապահական համակարգում՝ խափանելով ընթացիկ գործընթացները, ինչը հանգեցրեց նաև շատ երկրներում կարմրուկի վերացված կարգավիճակի փոփոխությունների:

👨‍⚕️Համաձայն ԱՀԿ-ի հրապարակումների՝ 2022թ. ԱՀԿ 6 տարածաշրջանի 166 անդամ երկրում արձանագրվել է կարմրուկի կասկածելի 369195 դեպք, որից 171156-ը (46%)՝ լաբորատոր հաստատված: 2023թ. ԱՀԿ 169 անդամ երկրում արձանագրվել է կարմրուկի կասկածելի 534672 դեպք, որից 280933-ը (53%)՝ հաստատված: Այսինքն՝ 2023թ. կարմրուկի հաստատված դեպքերը 64%-ով ավելացել են 2022թ. համեմատ։ 2022թ. երեխաների ընդհանուր ընդգրկվածությունը կարմրուկի առաջին դեղաչափ պատվաստումներում կազմել է 83%, իսկ երկրորդը՝ 74%: 2022թ. մոտ 22 միլիոն երեխաներ  պլանային պատվաստումներում բաց են թողել կարմրուկի պատվաստանյութի առնվազն մեկ դեղաչափ:

Հարկ է նշել, որ լիարժեք անընկալություն ապահովելու և բռնկումները կանխելու համար անհրաժեշտ է երկու դեղաչափ պատվաստումը:

Կարմրուկի համաճարակային իրավիճակը բավականին լարված է նաև Եվրոպական տարածաշրջանում: 2023թ. նկատվել է դեպքերի տագնապալի աճ, տարածաշրջանի 53 անդամ երկրներից 42-ում արձանագրվել է կարմրուկի 58114 դեպք՝ 2022թ. արձանագրված 942-ի համեմատ, ինչը վկայում է դեպքերի մոտ 60 անգամ բարձրացման մասին։

Հիվանդության դեպքերն արձանագրվել են նախկինում կարմրուկը վերացրած շատ երկրներում: Հիվանդներից ավելի քան 30000-ը ենթարկվել են հոսպիտալացման, իսկ 10-ը՝ ունեցել են մահվան ելք: Մահվան դեպքերից 1-ը արձանագրվել է Հայաստանում, 9-ը՝  Ղրղզստանում: Եվրոպական տարածաշրջանում առավել բարձր հիվանդացությամբ երկրներն են՝ Ղազախստանը (15114 դեպք), Ադրբեջանը (13735 դեպք), Ռուսաստանի Դաշնությունը (12723 դեպք), Ղրղզստանը (7044 դեպք), Թուրքիան (4559 դեպք), Ռումինիան (1759 դեպք):  Կարմրուկի հիվանդության դեպքերի զգալի աճը դիտվել է հատկապես տարվա վերջին ամիսներին և, ըստ Եվրոպայի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի փորձագետների գնահատման, ակնկալվում է բարձրացման շարունակական միտում, եթե ամբողջ տարածաշրջանում անհապաղ չձեռնարկվեն այն կանխելու միջոցառումներ:

☑️Ահազանգող է նաև տարածաշրջանում կարմրուկի պատվաստումներում ընդգրկվածության նվազումները վերջին տարիներին՝ 2019-2022թթ. պատվաստանյութի առաջին դեղաչափի ընդգրկվածությունը 96%-ից նվազել է մինչև  93%, երկրորդ դեղաչափինը՝ 92%-ից նվազել է 91%: Ընդհանուր առմամբ, տարածաշրջանում ավելի քան 1,8 միլիոն երեխա բաց է թողել կարմրուկի պատվաստումը 2020-2022թթ. ընթացքում:

Հայաստանը նույնպես զերծ չմնաց կարմրուկի դեպքերի ակտիվացումից: Մինչդեռ 2008-ից Հայաստանում ընդհատվել էր կարմրուկի տեղական փոխանցումը և երկար տարիներ պահպանվել այդ կարգավիճակը: 2023թ. փետրվարից մինչև 2024թ. փետրվարի 12-ը Հայաստանում արձանագրվել է կարմրուկի 614 տեղական դեպք, որից 545-ը՝ 2023թ., 69-ը՝ 2024թ.: Կարմրուկի տարածվածությունն ըստ ամիսների ներկայացված է նկար 1-ում: Դեպքերի 72%-ը կազմել են երեխաները, իսկ 28%-ը՝ մեծահասակները: Հիվանդների մոտ 70%-ը ենթարկվել է հոսպիտալացման, ցավոք արձանագրվել է նաև 1 մահվան դեպք: Հայաստանում նկատվում է կարմրուկի դեպքերի աճի միտում, 2024թ. հունվարին դեպքերը 41%-ով ավելացել են՝ համեմատած 2023թ. դեկտեմբերի հետ:

Վիճակագրական վերլուծության արդյունքում ակնկալվում է դեպքերի շարունակական աճ (նկար 2):

Հայաստանում վերջին տարիներին նույնպես նկատվել է կարմրուկի պլանային պատվաստումներում ընդգրկվածության նվազում. ԿԿԽ1 պատվաստումներում  այն կազմել է 2019թ.՝  95%, 2020թ.` 94%,  2021թ.` 94%,  2022թ.`95%, ԿԿԽ2 պատվաստումներում՝ 2019թ.՝  96%, 2020թ.` 94%,  2021թ.` 94%,  2022թ.`94%: Պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշների նվազումը նպատակային մակարդակից տարիների ընթացքում  հանգեցնում է  չպատվաստված բնակչության կուտակմանը և լարված համաճարակային իրավիճակի առաջացմանը՝ նպաստելով կարմրուկի ու կարմրախտի տեղական դեպքերի տարածմանը, ինչին մենք արդեն ականատես եղանք:

📎Ելնելով վերը նշված փաստերից՝ հարկավոր է կրկին հիշեցնել կարմրուկի վտանգավորության մասին: Այն օդակաթիլային փոխանցման մեխանիզմով շնչառական վարակ է: Կարմրուկի վիրուսն ունի արագ տարածվելու ունակություն: Կարմրուկով հիվանդը կարող է միաժամանակ վարակել միջինում 12-18 ընկալ անձանց: Այն հատկապես վտանգավոր է բարդություններ առաջացնելու առումով, ինչպիսիք են էնցեֆալիտը, ծանր փորլուծությունը, օտիտը, թոքաբորբը, հազվադեպ հանդիպող, բայց լուրջ բարդություն է ենթասուր սկլերոզացնող պանէնցեֆալիտը:  Վերջին տարիներին գիտականորեն ապացուցվել է կարմրուկի վիրուսի բացասական ազդեցությունը իմունային համակարգի վրա՝ հանգեցնելով իմունային հիշողության կորստի:  Նման հիվանդները ավելի խոցելի են դառնում այլ վարակների նկատմամբ: Կարմրուկը վտանգավոր է նաև հղիների համար և կարող է հանգեցնել վաղաժամ ծննդաբերությունների:

💉Կարմրուկի հիմնական և արդյունավետ կանխարգելիչ միջոցը պատվաստումն է: Հայաստանում այն իրականացվում է պատվաստումների ազգային օրացույցին համապատասխան՝ երկու դեղաչափով՝ 1  և 4-6 տարեկանում:  Կարմրուկի պատվաստանյութն ունի բարձր արդյունավետություն, որն ապահովվում է 95% պաշտպանություն առաջին դեղաչափի և 99%՝ երկրորդդ դեղաչափի ներմուծման դեպքում: Հաշվի առնելով կարմրուկի վիրուսի բարձր հպավարակելիությունը՝ կոլեկտիվ անընկալության շեմը բավականին բարձր է, հետևաբար վիրուսի շրջանառությունը ընդհատելու համար անհրաժեշտ է 95% և բարձր պատվաստումներում ընդգրկվածության մակարդակ: Ուստի հորդորում ենք  պատվաստման նպատակային խմբի անձանց, ինչպես նաև չպատվաստված կամ թերպատվաստված անձանց ներկայանալ տարածքային պոլիկլինիկա և պատվաստվել կարմրուկի դեմ:

Կարևոր է նաև կարմրուկի դեպքերի վաղ հայտնաբերումը և մեկուսացումը վարակի հետագա տարածումը կանխելու նպատակով: Ուստի անհրաժեշտ է կարմրուկի կասկածելի ախտանշանների առկայության դեպքում՝ մաշկի ցանավորում և ջերմության բարձրացում, անմիջապես դիմել բժշկի խորհրդատվության: Վարակի օջախում կարմրուկով հիվանդի հետ շփված ընկալ անձանց ենթարկում են  հրատապ հետազդակային իմունականխարգելման՝ սկսած 6 ամսականից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829