Լրահոս
Օրվա լրահոսը

Վերադաս դատախազի կողմից իր 2026թ. հուլիսի 1-ի հիշյալ որոշման պատճենը տուժողիս  արդյոք չի՞ ուղարկվել հետին ամսաթվով

Նոյեմբեր 23,2026 12:00 Share
Աջակցեք aravot.am-ին

Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին

Ս. թ. սեպտեմբերի 17-ին փոստային ծառայության միջոցով, պատվիրված առաքանիով Ձեզ եմ հասցեագրել ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔ հետևյալ բովանդակությամբ.

«Խնդրում եմ կարգապահական խստագույն պատասխանատվության ենթարկելով կարգի հրավիրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների դատախազ Արմեն Մուրադյանին՝ Հայաստանի քրեական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածի 7-րդ, 196-րդ հոդվածի 9-րդ մասերի իմպերատիվ պահանջները և տուժողիս դատավարական իրավունքները միտումնավոր կերպով կոպտորեն ու շարունակաբար խախտելու համար:

Հիմա այն մասին, թե ինչ է տեղի ունեցել. հանդիսանալով թիվ 13-0653-24 քրեական վարույթով վերադաս դատախազ, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների դատախազի պաշտոնում նոր նշանակված Արմեն Մուրադյանը 2025թ. սեպտեմբերի 30-ին որոշում է կայացրել թիվ 13-0653-24 քրեական վարույթով հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշումը վերացնելու մասին, որի պատճենը Քրեական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջի կոպիտ խախտմամբ առ այսօր չի ուղարկել տուժողիս, ինչով խախտվել են տուժողիս դատավարական իրավունքները: Ընդ որում, տվյալ որոշումն առ այսօր չեմ ստացել նույնիսկ իրեն ուղղված իմ 15.06.2026թ. բողոքում նշված որոշումը ստանալու խնդրանքով հատուկ միջնորդություն ներկայացնելուց, ինչպես նաև 2026թ. սեպտեմբերի 1-ին նույն խնդրանքով առանձին գրավոր դիմում ներկայացնելուց հետո:

Երկրորդ. Վերադաս դատախազի (Արմեն Մուրադյանի) կողմից կայացված «Բողոքը քննության առնելու մասին» 01.07.2026թ. որոշումը բողոքաբերիս է ուղարկվել Քրեական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածի 7-րդ, 196-րդ հոդվածի 9-րդ մասերի իմպերատիվ պահանջների և բողոքաբերիս դատավարական իրավունքների կոպիտ խախտմամբ:

Քրեական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «7. Իրավասու մարմինը բողոքի վերաբերյալ ընդունում է որոշում, որի պատճենն անմիջապեu ուղարկում է բողոքը բերած անձին: Բողոքը և դրա վերաբերյալ կայացված որոշումը կցվում են վարույթի նյութերին»: 196-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ «9. Բողոքը մերժելու դեպքում վերադաս դատախազն իր որոշմամբ հաստատում է վիճարկվող որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը՝ նշելով դրա դատական բողոքարկման կարգը և ժամկետները: Բողոքը մերժելու վերաբերյալ որոշումը վերադաս դատախազն անհապաղ ուղարկում է բողոք բերած անձին:»:

Փաստն այն է, որ հսկող դատախազի որոշման դեմ բողոքս վերադաս դատախազին ներկայացրել եմ 2026թ. հունիսի 15-ին, այն Երևան քաղաքի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազությունում, ինչպես նշված է բողոքարկվող որոշման մեջ, ստացվել է հունիսի 17-ին, վերադաս դատախազի որոշումը կայացվել է 2026թ. հուլիսի 1-ին, ընդ որում, այն հավանաբար թվագրվել  է հետին ամսաթվով՝ կատարելով Քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածով նախատեսված արարք («Պաշտոնեական կեղծիքը»), քանի որ որոշման պատճենը բողոքաբերիս է ուղարկվել միայն 2026թ. օգոստոսի 19-ին (որոշման կայացումից ավելի քան մեկուկես ամիս հետո), այսինքն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածի 7-րդ մասի և 196-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջների կոպիտ խախտմամբ: Ինձ սպասարկող «ՀայՓոստ»-ի 0014 բաժանմունքում տվյալ որոշման պատճենը պարունակող փոստային առաքանին ստացվել է 2026թ. օգոստոսի 20-ին:

Խնդրում եմ սույն դիմումի պատասխանին կից ներկայացնել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների դատախազ Արմեն Մուրադյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Ձեր հրամանի պատճենը:

Միաժամանակ խնդրում եմ նշանակել ծառայողական քննություն՝ պարզելու նպատակով՝

  1. Վերադաս դատախազի կողմից իր 2026թ. հուլիսի 1-ի հիշյալ որոշման պատճենը տուժողիս արդյոք չի՞ ուղարկվել հետին ամսաթվով:
  2. Արմեն Մուրադյանի կողմից վերադաս դատախազի 2025թ. սեպտեմբերի 30-ի որոշումը Քրեական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածի 7-րդ մասի և տուժողիս դատավարական իրավունքների կոպիտ ու շարունակական խախտմամբ առ այսօր ինձ չուղարկելն արդյոք չի՞ կատարվել կոռուպցիոն դիտավորությամբ, ինչը ենթադրելու ողջամիտ հիմքեր ունեմ»:

Բողոք-դիմումիս կից ներկայացրել եմ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների դատախազ Արմեն Մուրադյանին իմ 01.09.2026թ. դիմումի պատճենը, Վերադաս դատախազ Ա. Մուրադյանի 01.07.2026թ. որոշումը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների դատախազությանը սպասարկող փոստային բաժանմունքից 2026թ. օգոստոսի 19-ին բողոքաբերիս ուղարկած լինելու և ինձ սպասարկող «ՀայՓոստ»-ի 0014 բաժանմունքում 2026թ. օգոստոսի 20-ին ստացված լինելու փաստը հավաստող փոստային ծրարի գունավոր լուսապատճենը՝ բաղկացած 1 թերթից, 2 էջից, որոնք իմ դիմում-բողոքում նշված, Հայաստանի գլխավոր դատախազությանը հասանելի և դյուրությամբ ստուգման ենթակա մյուս փաստաթղթերի ու փաստերի հետ միասին լիովին բավարար էին համոզվելու համար, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների դատախազ Արմեն Մուրադյանի կողմից միտումնավոր կերպով կոպտորեն ու շարունակաբար խախտվել են Հայաստանի քրեական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածի 7-րդ, 196-րդ հոդվածի 9-րդ մասերի իմպերատիվ պահանջները և տուժողիս դատավարական իրավունքները, իսկ տուժողիս տվյալ պնդման հարցում համոզվելուց հետո միջնորդել կամ համապատասխան զեկուցագիր ներկայացնել Ձեզ՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների դատախազ Արմեն Մուրադյանին կարգապահական խստագույն պատասխանատվության ենթարկելու համար:

Այսուհանդերձ, Հայաստանում օրինականության պահպանմանը կոչված բարձրագույն մարմնի՝ Գլխավոր դատախազության Ձեր կողմից լիազորված պաշտոնյայի՝ կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության դատախազ Վ. Դաշտոյանի կողմից 2026թ. նոյեմբերի 6-ին փոստային ծառայության միջոցով ստացել եմ 04.11.2026թ. թիվ 20.5/20.5/28480-2026 պատասխան գրությունը հետևյալ բովանդակությամբ.

«Ի պատասխան 2026 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ Դ/125446-2026 դիմումի՝ հայտնում եմ, որ Երևան քաղաքի  Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների դատախազ Արմեն Մուրադյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր առկա չեն»:

Հարկ եմ համարում Ձեր հատուկ ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ դատախազ Վ. Դաշտոյանի կողմից իմ դիմում-բողոքով ներկայացված որևէ փաստ, տեղեկություն, պնդում չի հերքվել, անգամ կասկածի տակ չի դրվել, նույնիսկ այդպիսի փորձ էլ չի արվել, ներկայացված ու բողոք-դիմումում վկայակոչված որևէ փաստաթուղթ չի համարվել կեղծ կամ գոյություն չունեցող, չի հերքվել Երևան քաղաքի  Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների դատախազ Արմեն Մուրադյանի նկատմամբ վերադասության կարգով ներկայացված իմ մեղադրանքը, որ նա միտումնավոր կերպով կոպտորեն ու շարունակաբար խախտել է Հայաստանի քրեական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածի 7-րդ, 196-րդ հոդվածի 9-րդ մասերի իմպերատիվ պահանջները և տուժողիս դատավարական իրավունքները, սակայն դատախազ Վ. Դաշտոյանը վերոնշյալ պայմաններում համարել ու հայտնել է, որ «դատախազ Արմեն Մուրադյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր առկա չեն», ինչը նշանակում է, որ նա Հայաստանի քրեական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածի 7-րդ, 196-րդ հոդվածի 9-րդ մասերի իմպերատիվ պահանջները և տուժողի դատավարական իրավունքների խախտումը համարում է Հայաստանի դատախազական համակարգում սովորական մի բան, լիովին թույլատրելի ու տվյալ խախտումները թույլ տված պաշտոնյայի նկատմամբ կարգապահական պատասխանատվության հիմքեր չառաջացնող:

  1. Որպեսզի կարողանամ կողմնորոշվել իմ հետագա քայլերում, սույն բողոքով ակնկալում եմ անձամբ Ձեր պատասխանը, թե արդյոք Դո՞ւք էլ եք, ինչպես դատախազ Վ. Դաշտոյանը, համարում, որ դատախազի կողմից Հայաստանի քրեական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածի 7-րդ, 196-րդ հոդվածի 9-րդ մասերի իմպերատիվ պահանջները և տուժողի դատավարական իրավունքների խախտումը, ավելին՝ միտումնավոր կերպով կոպտորեն ու շարունակաբար խախտումը, տվյալ խախտումները թույլ տված պաշտոնյայի նկատմամբ կարգապահական պատասխանատվության հիմքեր չի առաջացնում:
  2. Պահանջում եմ կարգապահական խստագույն պատասխանատվության ենթարկելով կարգի հրավիրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների դատախազ Արմեն Մուրադյանին՝ Հայաստանի քրեական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածի 7-րդ, 196-րդ հոդվածի 9-րդ մասերի իմպերատիվ պահանջները և տուժողիս դատավարական իրավունքները միտումնավոր կերպով կոպտորեն ու շարունակաբար խախտելու համար:
  3. Պահանջում եմ սույն բողոքի կապակցությամբ կայացվելիք որոշմանը կից ներկայացնել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների դատախազ Արմեն Մուրադյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Ձեր հրամանի պատճենը:
  4. Պահանջում եմ նշանակել ծառայողական քննություն՝ պարզելու նպատակով՝

Ա) Երևան քաղաքի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների դատախազ Արմեն Մուրադյանի կողմից իր 2026թ. հուլիսի 1-ի վերոնշյալ որոշման պատճենը տուժողիս արդյոք չի՞ ուղարկվել հետին ամսաթվով:

Բ) Արմեն Մուրադյանի կողմից վերադաս դատախազի 2025թ. սեպտեմբերի 30-ի որոշումը Քրեական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածի 7-րդ մասի և տուժողիս դատավարական իրավունքների կոպիտ, շարունակական ու հետևողական խախտմամբ շուրջ մեկ տարի ինձ չուղարկելն արդյոք չի՞ կատարվել կոռուպցիոն դիտավորությամբ, ինչը ենթադրելու ողջամիտ հիմքեր ունեմ:

  1. Պահանջում եմ կարգապահական խստագույն պատասխանատվության ենթարկել Հայաստանի գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության դատախազ Վ. Դաշտոյանին՝ Հայաստանի քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածների պահանջները խախտելու և տուժողիս վերոնշյալ պատասխանն ուղարկելու համար, ինչպես նաև սույն բողոքի կապակցությամբ կայացվելիք որոշմանը կից ներկայացնել դատախազ Վ. Դաշտոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Ձեր հրամանի պատճենը:
  2. Քանի որ ողջամիտ հիմքեր ունեմ ենթադրելու, որ Հայաստանի գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության դատախազ Վ. Դաշտոյանի կողմից Հայաստանի քրեական դատավարության օրենսգրքի պահանջների կոպիտ խախտմամբ տուժողիս վերոնշյալ չպատճառաբանված պատասխան տալը նույնպես առերևույթ կոռուպցիոն արարքի դրսևորում է, պահանջում եմ ծառայողական քննություն նշանակել նաև նրա նկատմամբ:
  3. Պահանջում եմ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների դատախազ Արմեն Մուրադյանի և որ Հայաստանի գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության դատախազ Վ. Դաշտոյանի նկատմամբ ծառայողական քննություն նշանակելու դեպքում, այդ մասին տեղեկացնել, ինչպես նաև հետագայում քննության արդյունքների մասին թղթային կրիչով հայտնել բողոքաբերիս:
  4. Պահանջում եմ սույն բողոքի կապակցությամբ ոչ թե պատասխան գրություն ուղարկել, այլ կայացնել պատճառաբանված որոշում և այն ուղարկել փոստային ծառայության միջոցով:

Տեղեկացնում եմ սույն բողոքը կամ դրա բովանդակությունը հանրայնացնելու մասին:

Արթուր Հովհաննիսյան

«Առավոտ» օրաթերթ
21.11.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել