Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախցիները չեն կարող վերադառնալ՝ որպես Ադրբեջանի քաղաքացիներ, միջազգային երաշխիքները շատ կարեւոր են»․ Արթուր Թովմասյան

Փետրվար 20,2024 11:44

Այսօր Արցախյան շարժման 36-ամյակն է։ Արցախցի ներկա ու նախկին պաշտոնյաները ժամանել են Արցախի ներկայացուցչություն, որտեղ քննարկում է լինելու։

Արցախի ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասյանը լրագրողների հետ զրույցում ասաց․ «Շնորհավորում եմ բոլորիս։ 1988 թվականի այս օրը ես ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ասպիրանտուրայում էի սովորում։ Դա համաժողովրդական պոռթկում էր եւ շատ սուրբ բան էր դրված՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզը վերամիավորվում է մայր Հայաստանին։ Եվ ազգը միասնական էր՝ Արցախ, Հայաստան, Սփյուռք։ Որպեսզի մենք իրականում միշտ վառ ու տաք պահենք Արցախի թեման, պետք է ունենանք հզոր Հայաստան եւ հզոր Սփյուռք։ Այսօր ավելի քան այդ միասնականությունը՝ Արցախ, Հայաստան, Սփյուռք, շատ կարեւոր է։ Տարբեր թեմաներ կան՝ վերադարձի իրավունք, մշակույթի ժառանգության պահպանման իրավունք, կորցրած գույքի իրավունք։ Կան հարցեր, որոնք քաղաքական չեն»,- ասաց նա։

Արթուր Թովմասյանը նշեց, որ Արցախի Ազգային ժողովը գործելու է, օրենքներ չեն ընդունելու, բայց որոշումներ ու հայտարարություններ լինելու են։ «Մենք ունենք երկու ճանապարհ՝ մեկը ուռա հայրենասիրության ճանապարհն է, մյուսը՝ ներկա իրողությունները հաշվի առնելն է։ Ես գտնում եմ, որ ներկա իրողություններով պետք է առաջնորդվենք, որպեսզի ոչ ՀՀ մեր հայրենակիցներին վնաս հասցնենք, ոչ Արցախի մեր հայրենակիցներին»,- ասաց նա։

Արթուր Թովմասյանը նշեց, որ ՀՀ իշխանություններն ասում են, որ զբաղվում են Ադրբեջանի բանտերում գտնվող հայ գերիների ու առեւանգված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը վերադարձնելու հարցերով։ «Ես ուսումնասիրել եմ Ադրբեջանի քրեական եւ քաղաքացիական օրենսգրքերը։ Այն հոդվածները, որոնց մասին խոսվում է, շատ դաժան հոդվածներ են։ Ասում են՝ անջատողականներ, ահաբեկիչներ, բայց այդ 30 տարիներին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները միշտ էլ եղել են Ստեփանակերտում։ Արդյո՞ք նրանք այցելել են ահաբեկիչներին, անջատողականներին։ Արցախի Հանրապետությունում ցանկացած համապետական ընտրությունների ժամանակ միշտ էլ միջազգային դիտորդներ են եղել՝ 100-ից ավելի պետություններից։ Եվ բոլորն էլ արձանագրել են, որ Արցախի Հանրապետությունում ընտրությունները, դա կլինի նախագահական, թե խորհրդարանական, տեղի են ունեցել ժողովրդավարության սկզբունքներին եւ Արցախի Հանրապետության Ընտրական օրենսգրքին համապատասխան եւ մեկ քայլ առաջ են, քան նախորդ տարիներին։ Եվ արձանագրել են, որ մենք ընտրություններն ավելի լավ ենք կազմակերպում, քան տարածաշրջանի պետությունները»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին, թե բռնի տեղահանված արցախցիների վերադարձն ի՞նչ ճանապարհով պետք է տեղի ունենա, Արթուր Թովմասյանը պատասխանեց․ «Միջազգային երաշխիքները շատ կարեւոր են, անվտանգության հարցեր կան։ Արցախցիները չեն կարող վերադառնալ՝ որպես Ադրբեջանի քաղաքացիներ։ Դա անհնար է»։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829