Aravot.am-ը դերասան, հումորիստ Ռաֆայել Երանոսյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերվում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ շոու բիզնեսի ներկայացուցիչները պետք է հարկեր վճարեն, եթե Հայաստանի սահմաններից դուրս համերգներ, ելույթներ են ունենում, այլապես ինքն առաջարկում է մերձդաշտյա ճանապարհներով, եղեգները հնձելով հասնել օդանավակայան, որպեսզի ասֆալտը չմաշվի:
Ռաֆայել Երանոսյանը հարցը լսելով՝ ասաց, որ ինքը վաղուց հարկատու է, հարկ է վճարում: Երբ մանրամասնեցինք, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը, մեր զրուցակիցը ծիծաղեց. «Տեղյակ չեմ, ոչ մի բանի չեմ հետեւում, ուզում եմ հանգիստ ապրել… Հաստա՞տ ասել է նման բան, թե՞ խաբում եք: Ստենդա՞փ եք մեզ պատմում, ներկայացման սցենա՞ր եք առաջարկում…»:
Երբ հիշեցրինք, որ իր գործընկերներից Անդրանիկ Հարությունյանը անգամ այդ թեմայով հումորային հոլովակ է նկարել եւ հրապարակել իր էջում, Ռաֆայել Երանոսյանն ասաց. «Ես Անդոյի հետ չեմ շփվում շատ վաղուց… Բայց այդ ամեն ինչն իսկապես խնդալու է, ես պատասխան չունեմ, անկեղծ… Հետաքրքիր է՝ իսկապես ձեր ասածներն իրականությո՞ւն են…»:
Փաշինյանի նշած՝ մերձդաշտյա ճանապարհներով, եղեգները հնձելով, առանց ասֆալտը մաշելու օդանավակայան հասնելու մասին էլ Երանոսյանը նշեց. «Ես ապրում եմ Արմավիրի մարզում, մեզ մոտ ասֆալտ չկա, ես դաշտերով կգնամ… (ծիծաղում է-Գ.Հ.): Միակ բանը այն է մնում, որ ներկայացումներ շատ դնեմ, շատ աշխատեմ, սեփական ուղղաթիռն առնեմ… Ի դեպ, 10 հա դեղձի այգի ունեմ, երեւի քանդեմ полоса (թռիչքուղու գոտի) սարքեմ: Իսկ եթե հարկ վճարելու մասին է խոսքը, նորից եմ կրկնում՝ միշտ վճարել եմ ու վճարելու եմ: Բայց մեկ է, այս ամեն ինչը խնդալու է, պատասխան չեմ կարող տալ…»:
Կարդացեք նաև
Նա հավելեց, որ հենց հիմա իր նոր՝ «Փահլեւան» ներկայացմանն է պատրաստվում, որի պրեմիերան կկայանա ապրիլին․ «Ես անպայման սրա մասին կգնամ տղերքին՝ մեր սցենարական խմբին կասեմ ու սրան կանդրադառնանք»:

«2018թ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների 80 տոկոսը այդ կուսակցության կողքին է եղել, եթե դուք չեք եղել, ուրեմն 20 տոկոսի մեջ եք մտնում։ Բայց հիմա էդ 80 տոկոսին զանգում հատ-հատ հարցնո՞ւմ եք էն, ինչ ինձ հարցրիք․․․Կոպիտ ասած՝ կրա՞կն ենք ընկել (կրակ բառի փոխարեն կոպիտ բառ օգտագործվեց-Գ․Հ․), որ աջակցել ենք։ Բնականաբար, եթե իմանայինք էսօր էս է լինելու, չէինք անի, ո՞վ էր բայց պատկերացնում։ Էդքան բան․․․»,-Aravot.am-ին հետո ասել էր Անդրանիկ Հարությունյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Կամերային թատրոնի կայքից


















































