Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Մոսկվան իր նոր հակահայ քայլերով կարծես ստիպում է Երեւանին՝ վերջնական խզել իր հետ կապերը, որպեսզի հետո մեզ պատժի Բաքվի ձեռքերով»

Մարտ 02,2024 13:00

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ինստիտուցիոնալ միջնորդություն գոյություն չունի։ Ով, որտեղ բռնացնում, մի քիչ ձեւական միջնորդություն է անում։ Իրականում բանակցելու հարց էլ գոյություն չունի։ Ուղղակի եվրոպացիներն իրենց պարտքն են համարում պարբերաբար հորդորել, որ Նիկոլն ու Իլհամը մի բան ստորագրեն, թե ինչ, այնքան էլ չեն կարեւորում, մի բան, որը ՀՀ բնակչությունը մի կերպ կմարսի», – «Առավոտի» զրուցակիցն է «Հայկական ընտրություն» նախաձեռնության համակարգող Արմեն Աղայանը:

-Ձեր կարծիքով՝ ի՞նչ տեղի ունեցավ Մյունխենում. եվրոպական միջնորդի՝ Ֆրանսիայի փոփոխությունը Գերմանիայով, ուժերի ինչպիսի՞ վերադասավորման կբերի, ի՞նչ գաղտնի բան ուներ խոսելու Նիկոլ Փաշինյանը բրիտանական արտաքին հետախուզական ծառայության ղեկավարի հետ, ով ժամանակին եղել է Թուրքիայում Բրիտանիայի դեսպան, ինչո՞ւ Ռուսաստանը նույնպես կրավորական արձագանքեց ԵԱՀԿ Մինսկի ձեւաչափը լուծարելու Իլհամ Ալիեւի հայտարարությանը:

-Ոչ մի փոփոխություն էլ Մյունխենում չի եղել։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ինստիտուցիոնալ միջնորդություն գոյություն չունի։ Ով, որտեղ բռնացնում, մի քիչ ձեւական միջնորդություն է անում։ Իրականում բանակցելու հարց էլ գոյություն չունի։ Ուղղակի եվրոպացիներն իրենց պարտքն են համարում պարբերաբար հորդորել, որ Նիկոլն ու Իլհամը մի բան ստորագրեն, թե ինչ, այնքան էլ չեն կարեւորում, մի բան, որը ՀՀ բնակչությունը մի կերպ կմարսի։ Իրենց կողմից անգամ չեն փորձում տարբերակներ առաջարկել։ Նրանք, ի տարբերություն Երեւանում իշխող պատահական մարդկանց, շատ լավ գիտեն, որ Բաքվին ստեղծված իրավիճակում ոչ մի խաղաղության պայմանագիր էլ պետք չէ ու նա բոլոր հարթակները օգտագործում է միայն մեկ նպատակով՝ իր նոր մեծ հարձակման իրավական եւ դիվանագիտական հիմքեր եւ հիմնավորումներ ստեղծելու համար։ Իհարկե, այդ սպառնալիքը կանխելու որոշ փորձեր Եվրամիությունը ու առանձին անդամ երկրներ անում են՝ Բաքվին զգուշացնող խոսքով, դիտորդներով, ՀՀ-ին զենքի՝ առայժմ խիստ սահմանափակ մատակարարումներով, նաեւ հույս ունենալով, որ դիվանագիտական շփումները նույնպես որոշ ժամանակով կհետաձգեն Ադրբեջանի ակտիվորեն նախապատրաստվող հարձակումը։

Ինչ վերաբերում է Մինսկի խմբին, ապա այն վաղուց գոյություն չունի, որովհետեւ պատերազմն ավարտվեց եւ Արցախի թեման Երեւանը փակեց։ Վերջին մոտ տասը տարիներին Ռուսաստանը Մինսկի խմբում իր կարգավիճակը օգտագործում էր բացառապես Երեւանին տարածքային զիջումներ պարտադրելու, ինչպես նաեւ Բաքվի համար հարցը ուժով լուծելու հիմքեր ստեղծելու համար, նաեւ զուգահեռաբար զինում էր ադրբեջանական բանակը։ Նպատակը՝ Արցախը Ադրբեջանին հանձնելն էր ու այդ նպատակին նրանք հասել են։ Այլեւս ինչների՞ն է պետք Մինսկի խումբը։ Առավել եւս, որ այդ խմբի մյուս երկու երկրները Ռուսաստանին ու նրա ղեկավարությանը ագրեսոր եւ հանցագործ են համարում։

Իսկ թե ի՞նչ է Փաշինյանը խոսել Բրիտանական հետախուզության պետի հետ, չգիտեմ, նաեւ չգիտեմ, թե դա ում նախաձեռնությունն է եղել, բայց եթե ինչ-որ լուրջ բան խոսացած լինեն, շուտով կիմանանք։

-Մյունխենից հետո Նիկոլ Փաշինյանը խոսեց ՀԱՊԿ-ում ՀՀ անդամությունը փաստացի սառեցված լինելու մասին, օրերս էլ խորհրդարանում հայտարարեց, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի համար անվտանգային խնդիրներ է ստեղծում ու եթե այսպես շարունակվի, Հայաստանի անդամությունը ՀԱՊԿ-ին իրավաբանորեն էլ կդադարեցվի: Նա նաեւ սահմանապահների մանդատի եւ նրանց առաքելության մասին պայմանագրի բացակայության մասին խոսեց. հասկանալի է, որ ՌԴ-ն, ՀԱՊԿ-ն այն միակն ու անկրկնելին չէին, ինչի մասին երազում էինք, բայց ՆԱՏՕ-ում մեզ չեն սպասում, արեւմտյան երկրներում վերապահումով են խոսում մեր մասին, անգամ ՄԱԿ-ի ԱԽ որոշումները՝ Արցախի շրջափակման մասով, չկատարվեցին ու նույն արեւմտյան տերությունները հետամուտ չեղան իրենց ստորագրությանը: Ի՞նչ փուլ ենք մտել, Կարճաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարի ի՞նչ կանխատեսումներ ունեք:

-Ոչ թե այսօր, այլ 2020թ-ից մտել ենք պարտված, ջախջախված, կապիտուլացված երկրներին բնորոշ փուլ եւ այդ փուլից ելքը դեռ չի երեւում։ Հիմա աշխարհը փորձում է հասկանալ, թե արդյո՞ք Հայաստանը գոյության իրավունք եւ ներուժ ունի, եւ արդյո՞ք հայ ժողովուրդը բավականաչափ կամք կդրսեւորի դրա համար։

Այն, որ Փաշինյանը վախվորած պատրաստվում էր Մոսկվայից հեռանալու քայլեր կատարել, վաղուց էր հայտնի։ ՀԱՊԿ անդամության փաստացի սառեցված լինելու մասին էլ Մյունխենից շատ առաջ էր խոսվում, մասնավորապես Ջերմուկի ուղղությամբ ադրբեջանական հարձակումից հետո։ Գործածվում էր այսպիսի արտահայտություն. «Մենք չենք դուրս գալիս ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ն է հեռանում Հայաստանից»։ Ուստի ոչ մի զարմանալու բան չկա, որ այդ ուղղությամբ նոր քայլեր են կատարվում կամ փակագծեր են բացվում։ Ընդգծենք, որ դրանք կիսաքայլեր են ու սարսափելի դանդաղ։ Մոսկվայի շարունակվող հակահայ կեցվածքը, ինչպես նաեւ Ուկրաինայում ձախողված ագրեսիան, ստիպեցին վախեցած քպ-ական կառավարիչներին հովանավորներ փնտրել նաեւ Արեւմուտքում։ Վերջինները մինչ օրս ըմբռնում են դրսեւորում՝ Պուտինի զայրույթից սարսափած Հայաստանի կառավարիչների դանդաղկոտության եւ զգուշավորության նկատմամբ, բայց Մոսկվան իր նոր հակահայ քայլերով կարծես ստիպում է Երեւանին վերջնական խզել իր հետ կապերը, որպեսզի հետո մեզ պատժի Բաքվի ձեռքերով։ Ու նրա համար անգամ կարեւոր չէ, թե նոր պատերազմում պարտված Հայաստանը նորից կվազի՞ Պուտինի ոտքերը համբուրելու, թե՞ կհանձնվի թուրքերի ողորմությանը։ Կարեւոր է միայն արդարացումը, որ Մոսկվան մեղավոր չէ, չի դավաճանել իր նախկին դաշնակցին, այլ որ Հայաստանն ինքը խզեց հարաբերությունները եւ ջախջախվեց։

Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, ապա բնական է, որ այնտեղ մեզ չեն սպասում, այնտեղ Թուրքիա կա։ Բայց Ռուսաստանը ակնհայտ թշնամի է եւ մոտալուտ պատերազմի նախօրյակին մեր թիկունքում գտնվող եւ Ադրբեջանին բացահայտ աջակցող թշնամի։ Վերջապես ո՞վ ասաց, որ Հայաստանը պետք է անպայման ինչ-որ մեկի պաշտպանության ներքո լինի։ Եթե այդպես մտածենք, երբեք պաշտպանված չենք լինի, որովհետեւ պաշտպանությունը առաջին հերթին մեր պարտականությունն է։ Եվ դաշնակիցներ էլ երբեք չենք ունենա, քանի որ իր ինքն իրեն չպաշտպանող եւ միայն օտարների վրա հույսը դրած գործընկերները հետաքրքիր չեն։

-ՔՊ-ականները նաեւ Ուկրաինայի նախագահի՝ Վլադիմիր Զելենսկու այցին են ոգեւորությամբ սպասում, այն Զելենսկու, որը 44-օրյայի ժամանակ հակահայկական հայտարարություններ էր անում: Սրա՞ն ինչպես եք վերաբերվում, սրա նպատա՞կը որն է:

-Չգիտեմ, թե ինչո՞ւ են ոգեւորված քպ-ականները։ Զելենսկին, հնարավոր է, Բաքու էլ գնա։ Նաեւ չեմ հասկանում, թե պատերազմի թեժ պահին այս այցի իմաստը ո՞րն է Ուկրաինայի համար։ Հայաստանը, եթե շատ ուզի էլ, դժվար թե նրանց համար զենքի մատակարար դառնա։

Ինչ վերաբերում է մեր պատերազմի ժամանակ Զելենսկու իբր հակահայ հայտարարություններին, ապա նման պնդումները ակնհայտ ուռճացված են։ Իմ հիշելով դրանք բավականին չեզոք էին։ Իսկ ընդհանրապես Ուկրաինայում, այո շատերն են հակահայ հայտարարություններ արել ու դրա համար միշտ եղել է երկու տեսակի պատճառ ու երկուսի մեղավորն էլ մենք ենք եղել։ Մեկը, որ մենք չենք կարողացել ապացուցել, որ ագրեսոր չենք եղել, որ Արցախը ազատագրելիս Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չենք խախտել, այլ վերականգնել ենք մերը, որը ժամանակին խախտվել էր բոլշեւիկաթուրքական ագրեսիայի ժամանակ։ Բանը հասավ նրան, որ սկսեցինք Արցախի կարգավիճակը նույնացնել Դոնբասի կարգավիճակի հետ ու զուգահեռներ էինք տանում մեր եւ Ղրիմի հանրաքվեների միջեւ, չճանաչված պետությունների չեմպիոնատներ էինք կազմակերպում Ստեփանակերտում ու հրավիրում Ուկրաինայի սեպարատիստներին նույնպես։ Երկրորդը, Հայաստանը իրեն ներկայացնում էր Ռուսաստանի դաշնակից, իրականում չլինելով այդպիսին, ու ԽՍՀՄ-2-ի վերականգնման նախագծերի մասնակից, ինչին կատաղի դիմադրում էր Կիեւը, նաեւ մենք ՄԱԿ-ում քվեարկում էինք Ուկրաինայի դեմ։

-Ինչո՞ւ են Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն շարունակում մնալ իշխանության:

-Որովհետեւ հայ ժողովուրդը դեռ չի ընտրել Նիկոլի ու ՔՊ-ի այլընտրանքին։ Որովհետեւ ընդդիմադիր դաշտը դեռ զբաղեցնում են մերժված նախկինները, փողոցում աղմկում են ձախող ամբոխավարական խմբերը, իսկ հայրենատեր, սկզբունքային եւ կարող երիտասարդությանը վաղուցվանից համոզել են, որ կուսակցական դառնալը կամ ընտրություններին մասնակցելը անբարո զբաղմունք է, որ անհայրենիք տականքի կառավարությունը հեռացնելու ազգային պետություն կերտելու փոխարեն, պետք է «օգնել» նրան, որ իբր հնարավոր է փոխարինել պետությանը ամենատարբեր ոլորտներում՝ բանակաշինությունից մինչեւ մշակույթ եւ կրթություն, բայց ոչ մի դեպքում  հնարավոր չէ զբաղվել քաղաքականությամբ՝ դրանով պետք է զբաղվեն միայն նիկոլներն ու դոգերը։

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
01.03.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Վերջապես հարցազրույց վերցվեց մի մարդուց, որն իրատեսական դատողություններ արեց Ռուսաստանի և Արևմուտքի ոչ հայանպաստ գործունեության ու ծրագրերի մասին և հստակ գնահատեց մեր քաղաքական դաշտի սնանկությունը։
    Չնայած բանախոսը ներկա իրավիճակից դուրս գալու լուծումներ չառաջարկեց, սակայն դա ավելի ազնիվ քայլ է, քան մինչև վերջ ծանր ու թեթև չարված առաջարկությունները։

  2. Seyran says:

    Նախ հշեցնեմ հայտնի իմաստո թյունը«Պատմությունը ոչ մեկին ոչինչ չի սովորեցնում-բայց պատժում է ով նրա դասերը չի սերտել»։Ցարական Ռուսաստանի տարացքում անկախ պետություններ ստեղծվեցին երբ Լենինը զբաղված էր պատերազմներում՝արտաքին եւ ներքին։Պատերազմում հաղթելուց հետո իր շրջանակների մեջ մտցրեց «անկախացած» պետությունները՝նաեւ Հայաստանը՝նրա տարածքների զգալի մասը «նվիրելով» թուրքերին։Ի միջայլոց նույնը կատարեց նաւ Տաջիկստանի հետ՝նրանց ամենա բարեբեր տարածքները հանձնելով թուրքալեզու հարւաններին՝հատկապես Ուզբեկստանին։. Այժմ նույն իրավիճակն է՝Ռուսները կռվում են իրենց «Արցախի»՝Դոնբասի հետ վերադարձի համար՝որին մենք հայերս պետք է ըմբռնումով մոտենալ։Թե՞ոչ….։

    Մեր իշխանություններին-քաղաքական մեկնաբաններին-հատկապես խուրշուդյանին խորհուրդ եմ տալիս նորից ընթերցել «Անհայտ զինվորի հիշատակարանը»գրքից մեկ հատված՝
    թուրքական իշխանությունները Բաքվին խորհուրդ են տալիս Կարմիր բանակին չխոչնդոտել ւ թույլ տալ մտնել ադրբեջան՝նշելով հայերի միամտությունը՝հույսը դնելով արւմուտքի օգնության վրա…։Մեր միամտության հետեվանքները մենք արդեն մեր մաշկի վրա զգացել եւ զգում ենք արդեն մեկ դարից ավել։
    Ուկրաինայի համար ցավողներին հիշեցնեմ՝Արցախի առաջին պատերազմում նրանց օդաչուները ծառայում էին ադրբեջանցիներին։2020թ.
    Պատերազմում ուկրաինացի քսան IT մասնագետներ շահագործում էին արդրբեջանական բայրաքթարները մեր զորքերի դեմ։
    Ռուսները ուկրաինական «քնջութը»լուծելուց հետո իջնելու են Այսրկովկաս եւ վայ նրան՝ով վայրահաչել է նրանց դեմ՝ռուսները իրենց եղբայրներին չեն խնայում մեզ պետք է խնայե՞ն….

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031