Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Արցախը՝ անգամ գերության մեջ, փաշինյանական իշխանության բկին մնացած ոսկոր է. «Հայացք Երևանից»

Մարտ 03,2024 10:38

Անցած փետրվարի 20-ին բոլորեց արցախյան ազգային-ազատագրական պայքարի` Ղարաբաղյան շարժման 36-րդ տարին: 1988-ի այդ օրն արցախահայությունը ԽՍՀՄ գործող օրենսդրության հիման վրա որոշում կայացրեց դուրս գալ ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից եւ միավորվել Հայաստանին՝ վերականգնելով պատմական արդարությունը: Շարժումը մաքառումների ու հաղթանակների փառավոր էջ բացեց հայ ժողովրդի պատմության մեջ: Ղարաբաղյան շարժման երեսնամյա «կապիտալը», սակայն, շատ արագ սկսեց մսխվել, երբ 2018-ին փողոցից իշխանության եկավ «թավշյա» կոչված քաղաքական արհավիրքը: Ավելի հեռատեսների սուր աչքը միանգամից նկատեց. «Սրանք եկել են Արցախը թուրքին հանձնելու»: Ու այդպես էլ եղավ:

Այսօր՝ Ղարաբաղյան շարժումից 36 տարի անց, ունենք ահասարսուռ մի պատկեր՝ լքված, հայաթափված Արցախ, որի անունն անգամ ՀՀ պաշտոնական շրջանակներում արգելված է արտաբերել, եւ էթնիկ զտման ենթարկված ու բռնի տեղահանված ավելի քան 100 հազար փախստականներ, որոնց վիճակը, մեղմ ասած, բարվոք չէ: Գործող կառավարությունը պատշաճ ուշադրություն չի դարձնում արցախցի «քույրերին ու եղբայրներին», որոնք, մեծ հաշվով, ՀՀ իշխանությունների խարդավանքների եւ ապիկարության զոհն են: Արցախը դավադրաբար Ադրբեջանի մաս ճանաչելու պատճառով է, որ մարդիկ զրկվեցին տուն ու տեղից, կորցրին բազմադարյա Հայրենիքը եւ մազապուրծ, ձեռնունայն հասան Երեւան:

Փաշինյանը Արցախի հանձնման՝ նրբորեն մշակված ծրագիրն իրագործեց աներեւակայելի հետեւողականությամբ: Ամենասկզբից նա հայտարարեց, որ ինքը լիազորված չէ ԼՂՀ-ի անունից բանակցել: Երեւում է՝ այդ պահին պետք էր ցույց տալ, որ «օրենքի մեռած» մարդ է: Հետո օրեր անց՝ հակասելով ինքն իրեն, հայտնեց, որ բանակցությունները զրոյական կետից է սկսելու, ինչն ասել է թե՝ դրանցում որեւէ առաջընթաց չկա, հետեւաբար՝ սկսելով սեփական կետից, «գործընթացը դուրս կբերի տեղապտույտից»: Աչքաթող չարեց եւս մեկ նրբերանգ՝ արդարամիտ, ժողովրդավար գործչի կերպարը, եւ հրապարակ նետեց այնպիսի լուծում գտնելու թեզը, որը կբավարարի ե՛ւ Հայաստանի, ե՛ւ ԼՂՀ-ի, ե՛ւ, «ինչու չէ, նաեւ Ադրբեջանի ժողովրդին»:

Լուծումն, իհարկե, երեք կողմերից միայն Ադրբեջանին բավարարեց, բայց Փաշինյանի համար էականը դա չէր: Նրան մնում էր մի լավ էնդշպիլ գտնել, եւ այն գտնվեց: 2019-ի օգոստոսին Ստեփանակերտի Վերածննդի բազմամարդ հրապարակն իսկը այն տեղն էր, որտեղից պետք է հնչեր խնդրո ծրագրի առաջին փուլի եզրափակիչ ակորդը՝ Փաշինյանի ճղճղան ձայնով. «Արցախը Հայաստան է, եւ վե՛րջ…»: Նախագծի իմաստը հետեւյալն է. թող արցախյան կողմից դա ընկալվեր որպես զորակցության ազդակ, իսկ ադրբեջանական կողմից՝ որպես ռազմակոչ: Այդպես գլորվեց ժամանակը… եկան օրեր ծանր ու աղետաբեր՝ 44-օրյա պատերազմ, մահ ու ավեր, պարտություն, տարածքային կորուստներ, Արցախի տասնամսյա շրջափակում եւ պաշարում, որին էլ հետեւեց 2023-ի սեպտեմբերի 19-20-ի մեծագույն ողբերգությունը՝ Արցախի ամբողջական հայաթափումը:

Այժմ հազարամյակներով հաշվվող հայոց բնօրրանի հանձնման սատանայական ծրագիրն իրագործված է, Հայաստանի պետականությունը՝ վտանգված: Ղարաբաղյան շարժման տոների խամրած փառքը եւ հայերից դատարկված Արցախը այն ամենն են, ինչ կարող են թողնել այս իշխանություններն իրենցից հետո: Առաջին անգամ Շարժման հերթական տարեդարձը ՀՀ-ում պետականորեն չնշվեց: Փետրվարի 20-ի վաղ առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոն էին այցելել Արցախի նախագահը, ԱԺ խոսնակը եւ պաշտոնատար այլ անձինք, ծաղիկներ դրել նահատակների գերեզմանին, իսկ հետմիջօրեին Երեւանում Արցախի ներկայացուցչությունն իր շրջանակներում կազմակերպել էր հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Շարժման 36-ամյակին:

Ի տարբերություն տեղական իշխանությունների, որոնց համար Արցախի անունն իսկ աչքի փուշ է, ՀՀ-ում ապաստանած արցախյան կառավարությունը, ԱԺ-ն՝ պատգամավորական իր կազմով, էլի մի քանի հաստատություններ ու նրանց սատարող մեծաթիվ հետեւորդներ լի են Արցախի հարցը միջազգային ատյաններում վերանայման դնելու վճռականությամբ: Չնայած իշխանությունների ստեղծած խոչընդոտներին, տակավին օրակարգում է ԼՂՀ վտարանդի կառավարություն կազմավորելու եւ Արցախի ինքնորոշման օրինական իրավունքը վերականգնելու հրամայականը, ինչը ժամանակին բարեհաջող բանակցվում էր եւ չէր մերժվել միջազգային հանրության կողմից:

ՀՀ իշխանությունների կողմից աջակցություն ակնկալելն անիմաստ է: Արցախը՝ անգամ գերության մեջ, փաշինյանական իշխանության բկին մնացած ոսկոր է:

Գեւորգ ԲՐՈՒՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031