Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում համաշխարհային երիտասարդական ֆորումի ժամանակ տեղի ունեցած դեպքերն արդեն քանի օր է՝ քննարկման թեմա են դարձել: Հիշեցնենք, որ ռուսաստանցի մեդիագործիչ Մարգարիտա Սիմոնյանը կոշտ հայտարարություններ էր արել Նիկոլ Փաշինյանի մասին, նրան անվանել դավաճան եւ ասել, որ եթե նա մնա իշխանության, Հայաստանը չի լինելու:
Հարցը, որ հնչեցրել է ֆորումին մասնակցած հայ երիտասարդներից մեկը, մեծ սկանդալի առիթ է դարձել: Հայկական պատվիրակության ներկայացուցիչները, որոնց թվում եղել են պաշտոնյաներ, այնքան են նեղվել Մարգարիտա Սիմոնյանի՝ Նիկոլ Փաշինյանի հասցեին արված արտահայտություններից, որ, որպես բողոքի նշան, ֆորումը չավարտված՝ վերադարձել են Հայաստան։
Մ. Սիմոնյանն անդրադարձել է նաեւ «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին հանելու վերաբերյալ Հայաստանում հնչած հայտարարություններին եւ, ընդհանրապես՝ հակառուսական տրամադրություններին: Ֆորումի մասնակից հայ աղջկա հարցին՝ այս իրավիճակում ի՞նչ պետք է անեն հայ երիտասարդները, Սիմոնյանը պատասխանել է․ «Հայաստանի երիտասարդությունը պետք է իմանա, որ Փաշինյանը հայ ժողովրդի դավաճանն է եւ Հայաստանը տանում է ամբողջովին ոչնչացման: Եթե նա շարունակի մնալ իշխանության, եւ հայ հասարակությունը շարունակի աջակցել նրան, Հայաստանն ընդհանրապես չի լինի 5 տարվա ընթացքում, ինչպես չկա Ղարաբաղն այնպիսին, ինչպիսի տեսքով որ պետք էր Հայաստանին․․․»։
Մարգարիտա Սիմոնյանը, ով Վլադիմիր Պուտինի ամենամերձավոր անձանցից է եւ երբեք իշխանական կուրսից դուրս հայտարարություններ չի անում, Հայաստանի իշխանությունների կողմից հռչակվել է պերսոնա նոն գրատա` անցանկալի անձ, եւ չի կարող այցելել Հայաստան: Հայկական պատվիրակությունը նրա այս ելույթից հետո որոշել է Հայաստան վերադառնալ, հավանաբար՝ պաշտոնական Մոսկվային «դաս» տալու նպատակով։ Պատվիրակության կազմում են եղել ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, ԱԺ ՔՊ-ական ռուս պատգամավոր, ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովը, այլ պաշտոնյաներ։
Կարդացեք նաև

Լիա ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում


















































