«Ես չգիտեմ՝ վերջին անգամ ՌԴ նախագահի հետ, օրինակ, երբ են տեղի ունեցել աշխատանքային շփումներ, ե՞րբ է տեղի ունեցել հեռախոսազրույց, էլ չեմ ասում Ղազախստանի նախագահի մասին: Մենք ստանձնել ենք նախագահություն ԵԱՏՄ-ում, այս տարի արդյոք նախատեսվո՞ւմ է ԵԱՏՄ երկրների ղեկավարների նիստ ՀՀ-ում»,- այսօր ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում ՏԿԵՆ փոխնախարար Հակոբ Վարդանյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:


Վաղարշակ Հակոբյանը պատասխանեց. «Առաջարկում եմ, որ դուք միջազգային մեր գործընկերների արտահայտած մտքերին ու հաղորդագրություններին հետեւելուց զատ՝ հետեւեք նաեւ ՀՀ պաշտոնական լրահոսին»:
Կարդացեք նաև
Նա վստահեցրեց, որ ՀՀ-ն ԵԱՏՄ-ի շրջանակներում իր բոլոր պարտավորությունները կատարելու է, իսկ թե այդ պարտավորությունների շրջանակներում կլինի՞ այց ՀՀ-ում, թե որեւէ այլ երկրում՝ դա այլ հարց է, նախագահության հետ կապ չունի. «Երբ կլինի կոնսենսուս, որ բոլորը պետք է այցելեն Հայաստան, տեղի կունենա դա»:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Գասպարյանը ճշտեց. «Դուք վավերացրել եք «Հռոմի ստատուտը» ու ասում եք՝ բոլոր պարտավորությունները Հայաստանը կատարելու է, հիմա այնտեղի՞ պարտավորությունն եք կատարելու, թե՞ ԵԱՏՄ-ի»:
Վաղարշակ Հակոբյանը պատասխանեց. «Հռոմի ստատուտը ՀՀ-ն վավերացրել է այն տեսլականով, որ դա պետք է ՀՀ-ին ու մեր քաղաքացիներին: Դա հավելյալ անվտանգային երաշխիքներ է մեզ տալիս: Իսկ ԵԱՏՄ նախագահության ստանձնումը լրիվ այլ աշխատանքային պրոցես է, չեմ կարծում, որ պետք է այս երկու պրոցեսները խառնել: Հասկանում եմ, որ դուք անհանգստացած եք այդ հարցով, դա նորմալ է, բայց եկեք նախ պրոցեսները տարանջատենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































