Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերությունների չերևացող կողմերը

Մարտ 14,2024 11:03

Հայաստանի քաղաքական և պաշտպանական հարաբերությունները Ֆրանսիայի, Հունաստանի և Հնդկաստանի հետ խորանում են։ Կտրուկ ավելացել են փոխայցելությունները և երկկողմ հանդիպումները՝ ՀՀ վարչապետի այցը Փարիզ և Աթենք, Ֆրանսիայի ԶՈՒ, այնուհետև Հունաստանի ազգային պաշտպանության նախարարի այցը Երևան, Հայաստանի և Հնդկաստանի արտգործնախարարների զրույցը Մյունխենում։

Իսկ ի՞նչ կարգի քաղաքական, տնտեսական կամ պաշտպանական հարաբերություններ ունեն այս երկրներն Ադրբեջանի հետ։ Aravot.am-ն ուսումնասիրել է Ֆրանսիա-Ադրբեջան, Հունաստան-Ադրբեջան և Հնդկաստան-Ադրբեջան հարաբերությունների՝ հայկական հասարակական և քաղաքական շրջանակներում ոչ այդքան շատ քննարկվող (կամ ընդհանրապես չքննարկվող) իրողությունները։

 

Գազին վտանգ չի սպառնում

Թեև ֆրանսիական ԱԳՆ կայքէջը ադրբեջանաֆրանսիական հարաբերությունները նկարագրելիս առայժմ օգտագործում է «հիանալի» բառը, երկու երկրների քաղաքական հաղորդակցությունը բավականին ցածր մակարդակի վրա է գտնվում՝ դիվանագետների արտաքսումներից՝ հայաստանամետ լինելու մեղադրանքներ, իշխանական բռնությունների մասին մտահոգված հայտարարություններից՝ մինչև ներքին գործերին չմիջամտելու պահանջներ։

Չնայած այս ամենին, անցած տարեվերջին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդգծել էր, որ Ադրբեջանում ֆրանսիական TotalEnergies ընկերության կողմից կազմակերպվող բնական գազի ծրագրերին վտանգ չի սպառնում՝ փարատելով գործարարների անհանգստությունը, որ դիվանագետների երկկողմ արտաքսումներով հավաստված քաղաքական լարվածությունը կարող է ազդել էներգետիկ փոխգործակցության վրա։

Այնուամենայնիվ, Միլլի Մեջլիսի միջազգային և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովը Ֆրանսիայի Սենատի հայանպաստ բանաձևի ընդունումից հետո կառավարությանը կոչ արեց երկրից հեռացնել ֆրանսիական կազմակերպություններին, այդ թվում՝ TotalEnergies-ին, բայց գործադիրը, կարծես, անտեսեց այդ կոչը։

 

Ֆրանսիական ընկերության և SOCAR-ի ծրագիրը Ապշերոնում

 

1924-ին Ֆրանսիայում հիմնադրված, այժմ միջազգային համարվող, TotalEnergies ընկերությունը Ադրբեջանում գործում է 1996 թվականից։Այն 5% բաժնեմաս ունի Բաքու, Թբիլիսի, Ջեյհան նավթամուղում։

 

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը

Հուլիսին TotalEnergies-ը և Ադրբեջանի պետական SOCAR նավթային կազմակերպությունը հայտարարեցին Կասպից ծովում՝ Բաքվից մոտ 100 կիլոմետր հարավ-արևելք, Ապշերոնային թերակղզում գազի և կոնդենսատի հանքավայրի շահագործման առաջին փուլի մեկնարկի մասին՝ 50-50 բաժնեմասերով, սակայն մեկ ամիս անց TotalEnergies-ը և SOCAR-ը 15-ական տոկոս վաճառեցին ADNOC-ին՝ Աբու Դաբիի նավթի ազգային ընկերությանը։

Հանքը կապվում է Նավթի քարեր (Neft Daşları) արդյունաբերական բնակավայրին, որն ըստ TotalEnergies-ի տարածած հաղորդագրության՝ ունի օրական 4 միլիոն խորանարդ մետր գազի և 12 հազար բարել կոնդենսատի արտադրողականություն։

Ի դեպ, «Ապշերոնի դաշտում» գազը հայտնաբերվել էր 2011-ին՝ հենց TotalEnergies-ի ջանքերով։

 

Բաքվի, Ապշերոնի և Նավթի քարերի քարտեզը

Ամրապնդվող գործընկերություն SOCAR-ի հետ

 

««Ապշերոնի դաշտի» զարգացումն ապահովում է գազի լրացուցիչ մատակարարում աճող պահանջարկը բավարարելու համար՝ մրցունակ տեխնիկական արժեքով», – շեշտվում է ֆրանսիական ընկերության հաղորդագրության մեջ, իսկ ընկերության ուսումնասիրությունների և արտադրության նախագահ Նիկոլաս Տերրազն ավելացնում է՝ «Այս նախագիծը համահունչ է ընկերության ռազմավարությանը` բավարարելու գազի աճող պահանջարկը, և ամրապնդում է մեր գործընկերությունը ազգային SOCAR ընկերության հետ»։

 

Էլեկտրակայաններ Նախիջևանում

 

Turkic World-ի փոխանցմամբ՝ TotalEnergies-ը հողմային և արևային էլեկտրակայաններ կկառուցի Նախիջևանում՝ յուրաքանչյուրը 250 մեգավատ հզորությամբ։

 

Ֆրանսիա-Ադրբեջան, Ֆրանսիա-Հայաստան առևտրաշրջանառության համեմատություն

Ինչ վերաբերում է առևտրաշրջանառությանը, Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև առևտուրն ավելի տպավորիչ է, քան Ֆրանսիայի և Հայաստանի։ Օգտվելով «Տնտեսական բարդության դիտակետի (Observatory of Economic Complexity)» 2022-ի տվյալներից, պարզում ենք, որ Ֆրանսիայից Ադրբեջան ընդհանուր արտահանումները կազմել են 336 միլիոն դոլար, Ադրբեջանից Ֆրանսիա՝ 70 միլիոն դոլար, Ֆրանսիայից Հայաստան արտահանումները՝ 94.9 միլիոն դոլար, Հայաստանից Ֆրանսիա՝ 10.5 միլիոն դոլար։

Ֆրանսիայից Ադրբեջան արտահանումների 46.4%-ը (156 միլիոն դոլար) կազմել են ինքնաթիռները, ուղղաթիռները և/կամ տիեզերական սարքավորումները։ Ադրբեջանից Ֆրանսիա արտահանված ապրանքատեսակների 88%-ը (61.6 միլիոն դոլար) նավթի հումքն է եղել։

Ֆրանսիայից Հայաստան ընդհանուր արտահանումների ամենամեծ՝ պատվաստանյութերի, արյան, հակաշիճուկների, թույների կլաստերը կազմել է 5.99% (5.69 միլիոն դոլար): Հակառակ ուղղությունով արտահանումների 53.2%-ը (5.57 միլիոն դոլար) ալյումինաթուղթն է կազմել։

 

Ֆրանսիական տեխնոլոգիաներ 44-օրյայի ժամանակ․ «Հետք»-ի բացահայտումը

2021-ի մայիսին «Թուրք-ադրբեջանական տանդեմը ֆրանսիական տեխնոլոգիաներ է կիրառել Արցախում» վերտառությամբ հոդված հրապարակվեց «Հետքում»։ Ֆրանսիական անուղղակի աջակցության մասին ծավալուն այս նյութի սկզբում նշվում է, որ Ադրբեջանի և ավիացիոն գիգանտ Airbus-ի, որի գրեթե 11% բաժնետերը Ֆրանսիան է, համագործակցությամբ արտադրված ադրբեջանական 3 արբանյակներից շատ գոհ է մնացել նախագահ Ալիևը, «Կյանքը ցույց տվեց, որ այն (արբանյակները – Առավոտ) մեզ շատ անհրաժեշտ էր։ Արբանյակների օգտագործումը ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ դրանից հետո մեզ հսկայական առավելություն էր տալիս… Պատերազմի ընթացքում հակառակորդի տեղաշարժին առցանց հետեւելը եւ նրա սադրանքների կանխումը, իհարկե, մեզ լրացուցիչ առավելություն էր տվել», 44-օրյա ագրեսիայից հետո հայտարարել էր Իլհամ Ալիևը։

Ֆրանսիական անուղղակի օժանդակության մասին ավելի մանրամասն՝ «Հետք»-ի կայքում։ 

 

Անկեղծ բարեկամություն vs. էներգետիկ փոխգործակցություն

 

Ֆրանսիայի հետ հարաբերությունների մասին խոսելիս, իսկապես պետք է արձանագրել, որ թե՛ ֆրանսիացի ժողովուրդը, թե՛ ֆրանսիական իշխանությունները բարեկամաբար են տրամադրված հայերի և Հայաստանի Հանրապետության հանդեպ, բայց պետք է նաև ընկալել, որ Բաքվի հետ ֆրանսիական պետության և մասնավոր հատվածի տնտեսական և էներգետիկ փոխգործակցությունը շատ ավելի շոշափելի է, ինչը չի կարող ազդեցություն չթողնել երկրների վարած քաղաքականության վրա։

 

 

Հաջորդ հրապարակման մեջ կանդրադառնանք Ադրբեջան-Հունաստան հարաբերություններին։

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Գլխավոր լուսանկարում՝ «Նավթի քարեր/Neft Daşları» արդյունաբերական բնակավայր, Ադրբեջան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031