ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հարցրեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ որքանո՞վ է կառավարության գործունեությունը համապատասխանում Ազգային ժողովի կողմից հաստատված ծրագրին։
«Ազգային ժողովը հաստատել է մի ծրագիր, որտեղ գրված է մի բան, իսկ դու անում եք բոլորովին այլ բան կամ դրա ճիշտ հակառակը։ Դա ինչպե՞ս կմեկնաբանեք։ Մասնավորապես, ծրագրում գրված է հետեւյալը՝ ՀԱՊԿ-ը, դիտարկելով որպես ՀՀ անվտանգային համակարգի կարեւոր օղակ, կառավարությունը շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել կառույցի աշխատանքներում։ Ձեր կատարողականում նշվում է՝ նվազագույնի է հասցվել, գործնականում սառեցվել է ՀՀ ակտիվությունը ՀԱՊԿ-ում։ Սա հակառակն է նրա, ինչ գրված է ծրագրում, ի՞նչ իրավունքով եք դուք դա արել»,- հարցրեց Ռուստամյանը։

Անգամ հրապարակային փաստի ընդունումը, որ, այո, ՀՀ ինքնիշխան տարածքը եւ սահմանները ոտնահարվել են, անգամ այս փաստի ընդունումը տեղի չի ունեցել։ Այս պայմաններում ցանկացած ողջամիտ արձագանք կլինի՝ ապահովել, այնուամենայնիվ, այդ փոխըմբռնումն այդ գործընկերների շրջանակում, իսկ եթե դա հնարավոր չէ, առնվազն չտեսնել այդ գործընկերներին այնպիսին, ինչպիսին գրված է թղթի վրա։ Հակառակ դեպքում դա կլինի ինքնախաբեություն»։
Կարդացեք նաև
Արարատ Միրզոյանը հարցրեց Արմեն Ռուստամյանին․ «Պարոն Ռուստամյան, կներեք, հիմա դուք ո՞ւմ կողմից եք՝ ՀԱՊԿ-ի՞, որը չի ընդունում, որ Հայաստանի սահմանները ոտնահարվել են, թե՞ Հայաստանի, որը մեղմ ձեւակերպմամբ չունի բավարարվածության զգացում, որ ՀԱՊԿ-ն այդ փաստը չի ճանաչել»։
Արմեն Ռուստամյանը պատասխանեց․ «Ես Ազգային ժողովի կողմից եմ։ Ազգային ժողով ենք եկել, դուք էլ եկել եք Ազգային ժողով՝ ձեր կատարողականով։ Ես Ազգային ժողովի կողմից եմ հարցերը տալիս»։
Ըստ Ռուստամյանի՝ խորհրդարանական երկրում, երբ կառավարության ծրագիր է ընդունվում, կառավարությունը պարտավոր է այդ ծրագիրը կատարել։ «Հիմա դուք պատճառաբանություններ եք բերում, այս ծրագրով նշանակում էր այդ հարցերը լուծել ՀԱՊԿ-ում ակտիվությամբ, ոչ թե պասիվությամբ։ Իսկ եթե դուք կարծում եք, որ անհնար է, ստեղծվել է ֆորսմաժորային իրավիճակ, ձեւը մեկն է՝ մեծամասնություն կա Ազգային ժողովում, թող կառավարությունը փոխի, գա նոր ծրագրով, ասի՝ ստեղծվել է նոր իրավիճակ, մենք ՀԱՊԿ-ից դուրս պետք է գանք։ Ես պետության մտածելակերպ ունեցող անձանց կողմից եմ, ոչ թե ինքնագլուխ մի կառավարություն ենք ստեղծում, որն ապօրինի գործում է։ Հիմա դուք հակասահմանադրական գործողություն եք անում, եկել եք բացատրում եք, թե ինչու եք հակասահմանադրական գործողություն կատարել։ Դուք գերազանցել եք ձեր լիազորությունները»,- ասաց Ռուստամյանը։
Արարատ Միրզոյանն ասաց, որ հավատացնում է, որ կառավարությունը գերակտիվ ջանքեր է գործադրել, որպեսզի ՀԱՊԿ գործընկերների հետ ձեւակերպվի այն նվազագույն փոխընդունելի ձեւակերպումը, որով ՀԱՊԿ-ը պարտավոր էր անդրադառնալ Հայաստանի հետ տեղի ունեցածին։ Տեսել են, որ այդ ջանքերը չեն պսակվում հաջողությամբ։ «Եվ այս պարագայում դուք բխեցնում եք՝ եթե դա հնարավոր չէ, կառավարությունը պետք է հրաժարական տա։ Այստեղ արդեն ես որպես քաղաքական թիմի ներկայացուցիչ պիտի արձագանքեմ՝ պարոն Ռուստամյան, դուք շարունակաբար փնտրում եք զանազան ուղիներ, թե ինչպես պետք է այս կառավարությունը հրաժարական տա ու փոխվի։ Ես ձեզ կարող եմ ընկերաբար ցույց տալ կառավարության փոփոխության միակ իրական լեգիտիմ, օրինական ճանապարհը, դրանք խորհրդարանական ընտրություններն են։ Խնդրեմ, դուք ազատ եք ձեր գործողություններում՝ Սահմանադրությամբ ձեզ վերապահված հնարավորությունների շրջանակներում փոխել կառավարությունը, քավ լիցի»,- հավելեց Միրզոյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































