«Հայաստանյան իշխանության հիմնական քաղաքական վարքագծային առանձնահատկություններից մեկն այն է, որ բոլոր խնդրահարույց իրավիճակներում, երբ տեսնում են կա հանրային ճնշում, հանրային անհամաձայնություն, առաջ է բերում շանտաժի էլեմենտը, որը տարբեր փուլերում աշխատացրել է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն՝ անդրադառնալով երեկ Նիկոլ Փաշինյանի Տավուշի մարզ կատարած այցին եւ հանդիպումներին՝ հավելելով, որ իր անզորությունը, հանձնման քաղաքականությունը կոծկելու համար, իշխանությունը պատերազմով է վախեցնում, շանտաժ է անում հասարակությանը։

Ընդդիմադիր պատգամավորը հայտարարում է՝ ՀՀ գործող իշխանությունը գնում է ոչ թե սահմանների ճշգրտումների ճանապարհով, այլ փաստացի միակողմանի հանձնման ճանապարհով․ «Հայտարարվեց, որ սահմանազատման-սահմանագծման գործընթացը սկսվում է Տավուշից․ սա այն դեպքում, որ մինչեւ գոնե երեկ՝ հայաստանյան իշխանությունները մի կողմից, Ադրբեջանի իշխանությունները մյուս կողմից, հնչեցնում էին այն մոտեցումը, որ Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում չլուծված հարցերից մեկը վերաբերում է սահմանագծման ու սահմանազատման հիմքում դրված սկզբունքներին։ Պարզ ասած՝ իրավական բազա եւ քարտեզներ, որոնց հիման վրա պետք է տեղի ունենար գործընթացը։ Այսինքն, ունենք իրավիճակ, երբ պարզ չէ՝ կա՞ն արդյոք կոնսեսուսային քարտեզներ եւ իրավական փաստաթղթային բազա։ Այս պայմաններում չորս գյուղն Ադրբեջանին հանձնելը չի նշանակում սահմանազատում ու սահմանագծում իրականացնել»։
Տիգրան Աբրահամյանը հիշեցնում է՝ համանման գործընթաց իրականացվեց մի քանի տարի առաջ Սյունիքում՝ Գորիս-Կապան ճանապարհային հատվածում, երբ ներքին կարգով, առանց որեւէ քարտեզների, Հայաստանն ու Ադրբեջանը գնացին «ճշգրտումների» ճանապարհով։ Արդյունքում՝ Ադրբեջանը ստացավ այն, ինչ ցանկանում էր, Հայաստանը դրա դիմաց չստացավ որեւէ բան, մինչդեռ Գորիս-Կապանի հանձնումից հետո Սյունիքի խոցելիությունը մեծացավ։ Ինչպես Սյունիքի դեպքում, Տավուշի դեպքում եւս չի ստանալու եւ նույնը կլինի Տավուշում։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































