Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր քաղաքականությունն է՝ պետք է թույլ չտանք պատերազմի սկսում․ դա է նաև պատճառը, որ որոշել ենք՝ պետք է գնանք այս հատվածներում ՀՀ-ի սահմանի ճշգրտման»․ Նիկոլ Փաշինյան

Մարտ 18,2024 22:44

«Մեր քաղաքականությունն այն է, որ մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում։ Սա է նաև պատճառը, որ մենք նաև որոշել ենք, որ պետք է գնանք այս հատվածներում ՀՀ-ի սահմանի ճշգրտման։ Դա անում ենք ոչ միայն հանուն ՀՀ-ի, այլև կոնկրետ Ոսկեպար գյուղի, Կիրանց գյուղի համար, որ ապահովենք այդ գյուղերի անվտանգությունը»,- ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում Ոսկեպարի, Բաղանիսի եւ հարակից գյուղերի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց՝ ինչպես նախկինում պայմանավորվել էին, ասել էր, որ երբ այս բնակավայրի հետ կապված գործնական խնդիրներ կլինեն լուծելու, կգնա անձամբ բնակիչների հետ կքննարկելու և լուծելու այդ խնդիրները․ «Խնդիրն այն է, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ։ Ի՞նչ է նշանակում սահմանազատում և սահմանագծում ընդհանրապես և կոնկրետ ՀՀ-ի դեպքում։ Դա նշանակում է գնալ և գետնի վրա տեղորոշել, թե որտեղ է սկսվում ՀՀ-ն։ Մենք բոլորս գիտենք և դուք էլ գիտեք՝ ինձնից էլ լավ գիտեք, թե որտեղ է սկսվում և որտեղ է ավարտվում ՀՀ-ն․ դա նույն բանն է՝ նայած, թե որ կողմից նայես։ Եվ վերջերս նաև ցույց եմ տվել»։

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ սահմանագծման ու սահմանազատման գործընթացը հետևյալն է․ «Սահմանագծման մեր հանձնաժողովները պետք է գնան ու տեղում որոշեն, թե որտեղ է սկսվում ՀՀ-ն, և դա պետք է դառնա ՀՀ-ի և Ադրբեջանի հանրապետության միջև պետական սահման։ Ինչո՞ւ ենք մենք այս հատվածին անդրադառնում և հիմա եկել կոնկրետ Ոսկեպարի հետ այս հարցը քննարկում, քանի որ կան որոշ խնդիրներ, որոնց հետ կապված քննարկում կանենք»։

Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ուզում է բաց ու անկեղծ լինել ու ասաց․ «Արձանագրումը հետևյալն է․ մենք տեսնում ենք, որ իրական հնարավորությունը սահմանազատման և սահմանագծման գործընթացը սկսելու կարող ենք իրականացնել այս հատվածում՝ Բաղանիսից Բերքաբեր ընկած հատվածում։ Գիտեք, որ Ադրբեջանը բարձրացնում է չորս գյուղերի մասին՝ չորս ոչ անկլավային գյուղերի մասին հարց, գիտեք, որ մենք բարձրացնում ենք 31 գյուղերի մասին հարց։ Երբ մենք ուզում ենք այս քննարկումներում առաջ գնալ, անգամ եթե հենվում ենք այն տրամաբանության վրա, որ մենք 31 բնակավայր ունենք խնդրահարույց վիճակում, իրենք դրանից պակաս, Ադրբեջանն օգտագործում է մի այսպիսի փաստարկ, որ ՀՀ-ի բնակավայրերից ոչ մեկի բուն տարածքն Ադրբեջանի վերահսկողության տակ չէ։ Գյուղի բնակելի տարածքը Ադրբեջանի վերահսկողության տակ չէ, և իրենք ասում են, որ եկեք փոխադարձաբար բնակավայրերի բուն տարածքները ազատենք, հետո քննարկենք, խոսենք գյուղերի, բնակավայրերի կենսական նշանակության տարածքների մասին։ Մենք հակադարձում ենք, ասում, որ գյուղը միայն գյուղապետարանը չէ, այլ նաև նրա կենսական տարածքներն են»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031