Երևանում՝ Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի դահլիճում, Արցախյան գրական ընտանիքի անդամների նախաձեռնությամբ նշվեց գրող, դերասան, լրագրող, արվեստաբան, դասախոս, հասարակական գործիչ Համլետ Մարտիրոսյանի՝ Մարտիրոս Ոբնեցու 70-ամյա տարեդարձը։
Ծնվել է 1954թ․ մարտի 20-ին։ Մշակութային կյանքը սկսել է 1980-ին՝ աշխատանքի անցնելով Կապանի Ալեքսանդր Շի
րվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան և գրական մասի վարիչ: 1987թ․ տեղափոխվել է Արցախ՝ աշխատելով Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնում որպես թատերական ստուդիայի տնօրեն և դերասան: 1990-ականների սկզբին նա ճանաչվեց նաև որպես գրող «Ապրում ենք, էլի» պատմվածքների ժողովածուով:

Կարդացեք նաև
Ոբնեցու երկարամյա գրչակից գրող, գրականագետ և լրագրող Կիմ Գաբրիելյանը բարձր գնահատեց ընկերոջ ստեղծագործությունը, ինչպես նաև՝ որպես հասարակական գործիչ ու Արցախի նվիրյալ զավակի։
Ընթացքում էկրանին ցուցադրվեցին դրվագներ Հ. Մարտիրոսյանի՝ Արցախի հանրային հեռուստատեսության հեղինակային «Իշխան Փարավոնովիչ» երգիծական հաղորդաշարից։ Ցավ է՝ երգիծական հանրահայտ մանրապատումներից քիչ բան է պահպանվել։ արցախահայության հապճեպ բռնատեղահանման պատճառով հեղինակը չի կարողացել իր հեղինակած տեսանյութերի, ձեռագրերի արխիվները տեղափոխել Երևան:

Հատված գրքից. «․․․Դրախտը հորինեցին Աստվածները, դժոխքը սարքեցին մարդիկ: Թվում է՝ այն նպատակով սարքեցին, որ դրախտում ապրելու ձգտում լինի: Սակայն դրախտը Աստվածային էր` կատարյալ, և մարդիկ, ձգտումի մասին մոռացած, ջանացին իրենց ստեղծածը նույնպես հասցնել կատարելության: Դժոխային դարձրին անգամ իրենց ունեցած միակ կյանքը: Աստված տեսնելով, որ իր հետ մարդիկ մրցակցում են, խղճաց ու մարդկանց լեզու տվեց, սակայն դա էլ չփրկեց աշխարհը չարից՝ պատերազմից․․․»
2023թ. մայիսին Համլետ Մարտիրոսյանը ընտրվել է Ստեփանակերտում հիմնադրված Արցախյան գրական միավորման նախագահ: Ցավոք, միավորումը չկարողացավ լիարյուն աշխատել, որովհետև Արցախը դաժան պաշարման մեջ էր:
Գրող-լրագրող Դավիթ Միքայելյանն իր խոսքում ասաց. «Այսօր Համլետ Մարտիրոսյանը՝ մեր սիրելի Համոն, դարձավ 70 տարեկան։ …Իսկ մինչև կսեղմեմ ձեռքդ, եղբա՛յր, և իմ բարեմաղթանքները կհաղորդեմ, ուզում եմ սրտանց շնորհավորել հոբելյանդ և համոզմունք հայտնել, որ դեռ լուսավոր տարիները կգան ու ծննդյանդ հերթական տարեդարձը միասին կնշենք հարազատ օջախում։ Երանի այդ օրը շուտ գա…»։

Արցախի Հանրապետության վաստակավոր արտիստ, ասմունքի վարպետ Սամվել Եվրիկյանն ընթերցեց ընկերոջ գործերից, որը հեղինակի մանկության տարիների հուշ-պատմություն էր։
Որպես լրագրող՝ Համլետ Մարտիրոսյանը 1995-ից Արցախի հանրային հեռուստատեսությունում վարել է հեղինակային տարբեր հաղորդումներ՝ «Իրիկնաժամ», «Ասուպ», «Գրվածք», «Արվեստանոց», «Գիր», «Մի գավաթ սուրճ» և այլն, հանդես է եկել նաև որպես արվեստաբան։ Արցախցին նրա հաղորդումներով ճանաչել է հայ և համաշխարհային շատ նկարիչների, քանդակագործների, երաժիշտների, գրողների, նաև՝ իր երկրացիների։ Հիմնավոր է ուսումնասիրել համաշխարհային արվեստի պատմությունը, նույնիսկ գիրք է հրատարակել կերպարվեստի աշխարհահռչակ ներկայացուցիչների մասին: Մտերիմ է ու բարեկամ արցախցի նկարիչների ու քանդակագործների հետ։

Բեմ հրավիրելով հոբելյարին՝ հաղորդավարը նշեց․ «Համոզված ենք՝ Համլետ Մարտիրոսյանը՝ գրական ծածկանունով՝ Մարտիրոս Ոբնեցին, ստեղծել է և ունի իր հոգևոր կացարանը հայ մշակութային անդաստանում: Հավատանք՝ այդ կացարանն աստ
իճանաբար տեսանելի կդառնա ավելի մեծ սահմաններում: Իսկ դրա համար նրան ամուր առողջություն է պետք, ոգու ամրություն և մտքի սրություն: Հենց այդ ամենը մաղթենք նրան»:
Իր խոսքում Հ․ Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին։ Նշեց՝ չի հավատում, որ արդեն 70 տարեկան է։ «Այստեղ նշվեց 70 թիվը, որից պատկառանք եմ զգում, զարզանդ եմ զգում, և երկակի հոգեվիճակ է ինձ մոտ։ Մի կողմից Աստծուց գոհանում ես, որ եկել-հասել ես այս տարիքին, մյուս կողմից էլ մտահոգվում ես՝ հորիզոնը շատ է մոտեցել։ Բայց, երբ բակում տեսնում եմ ֆուտբոլ խաղացող երեխաներին, ուզում եմ միանալ նրանց․ էլ ծերունին որն է, 70 տարին որը․․․», -շարունակեց Հ․ Մարտիրոսյանը և խոսքի վերջում ընթերցեց իր բանաստեղծություններից, որոնք, ըստ իրեն, անձնական են։ Եղան այլ ելույթներ ևս, և բոլորը կարևորեցին Հ. Մարտիրոսյանի դերն Արցախի մշակութային, գրական, կրթական և հասարակական կյանքում:
Զոհրաբ Ըռքոյան




















































