Լրահոս
Օրվա լրահոսը

Կարևորեցին Համլետ Մարտիրոսյանի դերն Արցախի մշակութային, գրական, կրթական և հասարակական կյանքում

Մարտ 22,2024 17:59

Երևանում՝ Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի դահլիճում, Արցախյան գրական ընտանիքի անդամների նախաձեռնությամբ նշվեց գրող, դերասան, լրագրող, արվեստաբան, դասախոս, հասարակական գործիչ Համլետ Մարտիրոսյանի՝ Մարտիրոս Ոբնեցու 70-ամյա տարեդարձը։

Ծնվել է 1954թ․ մարտի 20-ին։ Մշակութային կյանքը սկսել է 1980-ին՝ աշխատանքի անցնելով Կապանի Ալեքսանդր Շի

րվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան և գրական մասի վարիչ: 1987թ․ տեղափոխվել է Արցախ՝ աշխատելով Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնում որպես թատերական ստուդիայի տնօրեն և դերասան: 1990-ականների սկզբին նա ճանաչվեց նաև որպես գրող «Ապրում ենք, էլի» պատմվածքների ժողովածուով:

Համլետ Մարտիրոսյան մշակութային գործչին ներկայացրեց ցերեկույթի հաղորդավար Ամալյա Գրիգորյանը՝ ասելով․ «Այսօր հավաքվել ենք նշելու մի մարդու հոբելյան, որը Արցախի, կարելի է ասել նաև հայաստանյան հոգևոր-մշակութային կյանքում ծանրակշիռ ավանդ ունի: Մենք կարող ենք անկաշկանդ թվարկել բնագավառներ, որտեղ նրա տաղանդը, իրոք, փայլել է»:

Ոբնեցու երկարամյա գրչակից գրող, գրականագետ և լրագրող Կիմ Գաբրիելյանը բարձր գնահատեց ընկերոջ ստեղծագործությունը, ինչպես նաև՝ որպես հասարակական գործիչ ու Արցախի նվիրյալ զավակի։

Ընթացքում էկրանին ցուցադրվեցին դրվագներ Հ. Մարտիրոսյանի՝ Արցախի հանրային հեռուստատեսության հեղինակային «Իշխան Փարավոնովիչ» երգիծական հաղորդաշարից։ Ցավ է՝ երգիծական հանրահայտ մանրապատումներից քիչ բան է պահպանվել։ արցախահայության հապճեպ բռնատեղահանման պատճառով հեղինակը չի կարողացել իր հեղինակած տեսանյութերի, ձեռագրերի արխիվները տեղափոխել Երևան:

Գրչակից ընկերոջ գործերը կարևորեց բանաստեղծ Ռոբերտ Եսայանը։ Հոբելյարի դուստրը՝ Նարեն, ընթերցեց հոր գործերից։ Արցախի ճանաչված գրողներից բանասիրական գիտությունների թեկնածու Հրանտ Ալեքսանյանն անդրադարձավ Հ․ Մարտիրոսյանի գրական կյանքին։ Կարևորեց նրա ստեղծագործությունները, որոնք ունեն գեղարվեստական մեծ որակ, ճանաչելի են դարձնում մարդ արարածին։ Հատկապես նշեց նրա «Դժոխքից եկածին հարցեր չեն տալիս» գրքին, որտեղ չկա դրական կերպար։

Հատված գրքից. «․․․Դրախտը հորինեցին Աստվածները, դժոխքը սարքեցին մարդիկ: Թվում է՝ այն նպատակով սարքեցին, որ դրախտում ապրելու ձգտում լինի: Սակայն դրախտը Աստվածային էր` կատարյալ, և մարդիկ, ձգտումի մասին մոռացած, ջանացին իրենց ստեղծածը նույնպես հասցնել կատարելության: Դժոխային դարձրին անգամ իրենց ունեցած միակ կյանքը: Աստված տեսնելով, որ իր հետ մարդիկ մրցակցում են, խղճաց ու մարդկանց լեզու տվեց, սակայն դա էլ չփրկեց աշխարհը չարից՝ պատերազմից․․․»

2023թ. մայիսին Համլետ Մարտիրոսյանը ընտրվել է Ստեփանակերտում հիմնադրված Արցախյան գրական միավորման նախագահ: Ցավոք, միավորումը չկարողացավ լիարյուն աշխատել, որովհետև Արցախը դաժան պաշարման մեջ էր:

Գրող-լրագրող Դավիթ Միքայելյանն իր խոսքում ասաց. «Այսօր Համլետ Մարտիրոսյանը՝ մեր սիրելի Համոն, դարձավ 70 տարեկան։ …Իսկ մինչև կսեղմեմ ձեռքդ, եղբա՛յր, և իմ բարեմաղթանքները կհաղորդեմ, ուզում եմ սրտանց շնորհավորել հոբելյանդ և համոզմունք հայտնել, որ դեռ լուսավոր տարիները կգան ու ծննդյանդ հերթական տարեդարձը միասին կնշենք հարազատ օջախում։ Երանի այդ օրը շուտ գա…»։

Գրողների արցախյան միավորման խորհրդի անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, բանաստեղծուհի Զինաիդա Բալայանը 1 օր շուտ է ծնվել Համլետ Մարտիրոսյանից։ Ներկայացնելով գրչակից ընկերոջը՝ տիկին Զինաիդան կատակով նշեց՝ ինքն ավագն է։ Նրանք երկար տարիներ դասավանդել են Արցախի պետհամալսարանի նույն ամբիոնում: Երանի տվեց այդ օրերին և հավատով նշեց՝ տուն են վերադառնալու։

Արցախի Հանրապետության վաստակավոր արտիստ, ասմունքի վարպետ Սամվել Եվրիկյանն ընթերցեց ընկերոջ գործերից, որը հեղինակի մանկության տարիների հուշ-պատմություն էր։

Որպես լրագրող՝ Համլետ Մարտիրոսյանը 1995-ից Արցախի հանրային հեռուստատեսությունում վարել է հեղինակային տարբեր հաղորդումներ՝ «Իրիկնաժամ», «Ասուպ», «Գրվածք», «Արվեստանոց», «Գիր», «Մի գավաթ սուրճ» և այլն, հանդես է եկել նաև որպես արվեստաբան։ Արցախցին նրա հաղորդումներով ճանաչել է հայ և համաշխարհային շատ նկարիչների, քանդակագործների, երաժիշտների, գրողների, նաև՝ իր երկրացիների։ Հիմնավոր է ուսումնասիրել համաշխարհային արվեստի պատմությունը, նույնիսկ գիրք է հրատարակել կերպարվեստի աշխարհահռչակ ներկայացուցիչների մասին: Մտերիմ է ու բարեկամ արցախցի նկարիչների ու քանդակագործների հետ։

Արցախցի ճանաչված քանդակագործ Յուրի Հովհաննիսյանն իր ելույթում ներկայացրեց Համլետին որպես արվեստաբան, ու բարձր գնահատեց նաև նրա գրական գործերը, հատկապես՝ արվեստի մասին գրված։

Բեմ հրավիրելով հոբելյարին՝ հաղորդավարը նշեց․ «Համոզված ենք՝ Համլետ Մարտիրոսյանը՝ գրական ծածկանունով՝ Մարտիրոս Ոբնեցին, ստեղծել է և ունի իր հոգևոր կացարանը հայ մշակութային անդաստանում: Հավատանք՝ այդ կացարանն աստ

իճանաբար տեսանելի կդառնա ավելի մեծ սահմաններում: Իսկ դրա համար նրան ամուր առողջություն է պետք, ոգու ամրություն և մտքի սրություն: Հենց այդ ամենը մաղթենք նրան»:

Իր խոսքում Հ․ Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին։ Նշեց՝ չի հավատում, որ արդեն 70 տարեկան է։ «Այստեղ նշվեց 70 թիվը, որից պատկառանք եմ զգում, զարզանդ եմ զգում, և երկակի հոգեվիճակ է ինձ մոտ։ Մի կողմից Աստծուց գոհանում ես, որ եկել-հասել ես այս տարիքին, մյուս կողմից էլ մտահոգվում ես՝ հորիզոնը շատ է մոտեցել։ Բայց, երբ բակում տեսնում եմ ֆուտբոլ խաղացող երեխաներին, ուզում եմ միանալ նրանց․ էլ ծերունին որն է, 70 տարին որը․․․», -շարունակեց Հ․ Մարտիրոսյանը և խոսքի վերջում ընթերցեց իր բանաստեղծություններից, որոնք, ըստ իրեն, անձնական են։ Եղան այլ ելույթներ ևս, և բոլորը կարևորեցին Հ. Մարտիրոսյանի դերն Արցախի մշակութային, գրական, կրթական և հասարակական կյանքում:

 

 Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031