Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուրս եկանք շենքից, իսկ այդ աշխարհից դուրս չենք գալու դեռ շա՛տ երկար». «Վերածնունդ Art Provence»-ի տպավորություններից

Մարտ 23,2024 13:00

Հայաստանի բնության պետական թանգարանում (տնօրեն՝ Լիլիթ Գալստյան) մարտի 16-ից բացվել է ժողվարպետ, զինհաշմանդամ Գարիկ Միքայելյանի եւ ՀՆՄ անդամ արվեստաբան Արմինե Մելիք-Իսրայելյանի «Վերածնունդ Art Provence» գեղանկարների համատեղ ցուցահանդեսը: Արմինեին «Առավոտի» ընթերցողները լավագույնս գիտեն, նա պարբերաբար ներկայացնում է այլեւս մեծ ընտանիք դարձած զինհաշմանդամների, նրանց ընտանիքների սոցիալական, իրավական խնդիրները, նրանց գործունեությունը:

Խոսելով Գարիկի նկարների մասին՝ Արմինեն ասաց. «Այստեղ ներկայացված են անձեռակերտ գործեր, Գարիկի գործերին ձեռք չի կպել: Գարիկի նկարները նույնքան զարմանալի են, որքան զարմանալի ու առեղծվածային են երաժշտության, մեղեդու, սիմֆոնիկ ստեղծագործությունների, որպես արվեստի գործերի հայտնությունը, հանելուկային, անբացատրելի, անշոշափելի մի իրականությունից եկող, գոյություն, միս ու արյուն ստացած արժեքներ: Նրա նկարները բացահայտում են մի նոր ձեռագիր. հոգու ձեռագիրը: Նրանք շոշափելիքին ենթակա չեն եղել, ծնվել են հոգուց՝ ահռելի մեծ ցանկությունից, ապրելու եւ արարելու, անպարտելի տեսակ մնալու որոշումից»:

Ցուցասրահում զինհաշմանդամներն են՝ Գարիկի ընկերները, սիրելի մարզիչը՝ հերոս Հենրիկ Հակոբյանի հայրը՝ պարոն Համիկը, պատվարժան Սարգիս Ստեփանյանը, Մարինա Սարգսյանը (երգչուհին կատարեց «Կռունկ» ու «Մշո հորովելը»-Ռ.Մ.), հասարակական գործիչ, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը, ՀՀ վաստակավոր նկարիչ Խաչատուր Ազիզյանը, գեղանկարիչ Սերվետ Պողոսյանը, քանդակագործ Իսահակ Ապրեյանը, ճարտարապետ Դավիթ Ստեփանյանը, արվեստաբան Սվետլանա Սահակյանը, Սերիկ Դավթյանի կենսագիր Մերի Քեշիշյանը, արցախցի ընկերները, ովքեր բնանկարները դիտելուց հետո շտապում էին իրենց խոսքը կիսել «Տպավորությունների մատյանում»:

Կարդացեք նաև
Տատիս բաժակը
Տաք աղբյուրը

Սխալված չեմ լինի, եթե ներկայացնեմ ծնունդով Արցախի Մեծ Թաղեր գյուղից Ասթինե Քալաշյանի տպավորությունները, ով ասես խտացրած արտահայտեց մասնակիցներիցս շատերի տրամադրությունները. «Այդ օրը երկու իրականություն կար մեր կյանքում՝ դռներից դուրս ու դռներից ներս։ Ինձ համար լավագույն ընկերուհի դարձած Սաթենիկի հետ էինք այդ օրը։ Դրսում ցուրտ էր, թեեւ գարուն էր։ Հնաոճ փայտե դռան մոտ փակցված ցուցանակի վրայի գրածը Սաթենիկը բարձր կարդաց. «Բնության թանգարան»։ Ներս մտանք։ Իրականությունը փոխվեց։ Ծաղկած էին այգիներն ու դաշտերը, թեեւ դեռ վաղ գարուն էր։ «Դե, հա, բնության թանգարան ա», կմտածեք։ Բայց ոչ։ Դա աշխարհից կտրված, այս աշխարհի հետ կապ չունեցող մի տարածություն էր։ Մարդու կողմից ստեղծված, բայց մարդու ձեռք չդիպչած կտավների սիմֆոնիա՝ Գարիկ Միքայելյանի եւ Արմինե Մելիք-Իսրայելյանի «Վերածնունդ Art Provence» նկարների համատեղ-անհատական ցուցահանդեսն էր։

Մինչ ես, հիացած անհամբերությամբ, սեր ու կյանք առկայծող նկարներին նայելով, արագ-արագ անցնում էի երկար միջանցքով, Սաթենիկը տարված էր կտավների տակ գրածները կարդալով. «Նկարված է ձեռքի պրոթեզներով», «Նկարված է ոտքով», «Նկարված է բերանով»…

Ու, բարձր ինձ ասում է. «Մա՛մ, գրված ա՝ նկարված է…», ու չի կարողանում շարունակել, ձայնը հետ է գնում, հուզվում է…

Միջանցքի աջ ու ձախ պատերից բուրում էր «ԳԱրմին» ստեղծագործական այգին։

Այդ բույրը մեր հետ միասին վայելում էին երկրիս ուժեղները՝ «Զինվորի տան» տղաները։ Իրար օգնելով առաջ էին գնում։ Հումորներ էին անում միմյանց ուղղված։

Դուրս եկանք շենքից, իսկ այդ աշխարհից դուրս չենք գալու դեռ շա՛տ երկար…

Հենց այդպես։ Գնացեք ու զգացեք»:

Գարիկի առաջին նկարը, որը նույնպես ներկայացված էր, կոչվում էր «Ճանապարհ դեպի լույս», իսկ այս շարքը, որը համատեղ ներկայացրել էին՝ «Վերածնունդ»:

Նրա նկարներից՝ «Մասիսից» նարինջն էր «ծորում», ծաղիկները «ծիկրակում» են լույս-շրջանակներից, իսկ ասելիքը մեկն է. Հայրենիքի ամեն մի թուփ, ծաղիկ, քար պիտի գրկես, թեկուզ ……ոտքերով, որ հետո կարողանաս փոխանցել հոգուդ էներգիան:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ. Գարիկն ու Արմինեն իրենց անունից ցուցահանդեսի բացման օրը «Անպարտելիներ» սպիտակ շապիկներ նվիրեցին ցուցահանդեսին մասնակից մեր զինվորներին, զինհաշմանդամներին, Աստղաշենի բացառիկ աստղիկներից մեկը նվիրվեց թանգարանին, իսկ թանգարանի տնօրենը շնորհակալագիր հանձնեց Արմինեին ու Գարիկին: Ցուցահանդեսը բաց է մինչեւ ապրիլի 10-ը:

«Առավոտ» օրաթերթ
22.03.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031