Մեր եկեղեցին ստեղծվել է լիքը դարեր առաջ ու լիքը մարդիկ փորձել են մեր եկեղեցիները գրավել, վերցնել, բայց մեկ ա, մենք միշտ պահպանել ենք: Ոչ մեկը չի կարողացել էդքան ուժ գործադրի, որ վերցնի:
-Ինչի՞ շնորհիվ ենք պահպանել:
Հավատքի, որ մենք մեզ հավատում էինք, որ մենք միասնական էինք:

Կարդացեք նաև
Արդեն 30 տարի է՝ Հայորդյաց տներում այս երեխաներից կերտում են քաղաքացի, հայ, մարդ, որն ունի արժեհամակարգ:

Հայորդյաց տների կենտրոնական գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Լիանա Առաքելյանն ասաց. «Հայորդյաց տան գործունեությունը եղել է ի սկզբանե Վեհափառ Հայրապետի տեսլականը: Երբ որ էն մութ ու ցուրտ տարիներին տեսել է, որ երեխաները անգործության են մատնված, Պիոներ պալատներն այլեւս չեն գործում, հասկացել է խորագետ Հայրապետ լինելով, որ այս երեխաների կրթությունը եւ դաստիարակությունը չապահովելով՝ վաղվա մեր ապագան եւ ինքնությունը կորստյան է դատապարտված»:
«Նոր Նորքի Հայորդյաց տան» տնօրեն Աիդա Անդրիասյանի դիտարկմամբ՝ մենք պետք է կարողանանք պահել մեր ազգային, մշակութային արժեհամակարգը. «Աշխարհին մենք հետաքրքիր ենք՝ որպես ազգ: Մենք որպես կրկնող օղակ, որպես կրկնակի կատարող օղակ, ոչ մեկին հետաքրքիր չենք: Մեր երեխաների դաստիարակության հիմքում ընկած է ազգային մտածելակերպը: Դա չի նշանակում, որ մենք այնքան պահպանողական ենք, որ այս նոր աշխարհի հետ գործ չունենք: Ընդհակառակը, մեր երեխաները մեծանում են ազատ միջավայրում, իրենք մտածում են ազատ, իրենք ստեղծագործում են ազատ, բայց իրենք գիտեն իրենց պատկանելիության մասին, իրենց ազգային կոդի մասին»:

«Արաբկիրի Հայորդյաց տան» ուսուցչուհի Թամարա Խաչատրյանը նշեց. «Այս դասերը եթե չլինեն, երեխաները լրիվ կտրված կլինեն հոգեւոր կյանքից: Այս դասերը կարծես թե նրանց ուղղորդում են դեպի եկեղեցի, դեպի հոգեւորը, որ նրանք հասկանան, որ մարդն այս աշխարհում ոչ միայն մարմնով է ապրում, այլեւ հոգով: Եվ դրա արդյունքում նրանք գտնում են հոգեւոր խաղաղություն: Ավելի հանգիստ են լինում, ավելի իրենք իրենց հետ ներդաշնակ են, փորձում են իրենց ճանաչել: Մարմնականը կարեւորելով՝ երեխաները կորցնում են հոգեւոր արժեքները, այն հոգեւոր արժեքները, որ մարդուն մարդ են դարձնում եւ աստվածանմանությունը իրենք աշխարհի մեջ կորցնում են: Մարմնականը էլ ավելի կարեւորելով՝ նրանք կորցնում են Աստծո պատկերը, իսկ Հայորդյաց տուն հաճախելով՝ նրանք փոխվում են: Նրանց ներաշխարհն է փոխվում, աշխարհայացքը, վերաբերմունքը ամեն ինչի նկատմամբ: Եվ ամենակարեւոր առաքինությունն է ձեւավորվում նրանց մեջ, սեր՝ մարդկանց, սեր ամեն ինչի հանդեպ, ինչ որ Աստված արարել է»:

Այսօր Հայաստանում գործում է 8 Հայորդյաց տուն, որոնք, ընդհանուր առմամբ, մոտ 4000 սան ունեն: Ի՞նչ են սովորում մեր երեխաները, ի՞նչ է տալիս Հայորդյաց տունը մեր սերունդներին, ինչո՞ւ է այս կառույցի պահպանումը դարձել ոչ թե կարեւոր, այլ հրամայական: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը կգտնեք՝ դիտելով մեր պատրաստած տեսանյութը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

















































