«Ամենախոսուն պատկերն այն է, որ ՌԴ-ի ընկալումը՝ որպես ՀՀ-ի բարեկամ երկրի ընկել է շուրջ երեք անգամ և Ֆրանսիան ու Հնդկաստանը գրանցել են շեշտակի աճ»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը։
Անցկացվել են 1101 հարցումներ՝ հեռախոսային հարցումների ձևաչափով մարտի 27-29-ն ընկած ժամանակահատվածում:

98,5 տոկոսը Ադրբեջանին համարում է ոչ բարեկամ երկիր, 93,2 տոկոսը՝ Թուրքիային։
Կարդացեք նաև
Եթե 2015-ին 86 տոկոսը նշել է, որ ՌԴ-ն մեզ համար բարեկամ երկիր է, ապա արդեն 2019-ին՝ հեղափոխությունից հետո 70 տոկոսն է նշել, որ ՌԴ-ն բարեկամ երկիր է և 2022-ին՝ 54 տոկոսը։ Արամ Նավասարդյանն ասաց․ «2024-ին՝ մոտ տասը տարվա մեջ 86 տոկոսից ՌԴ-ի ցուցանիշն իջել է 29,7 տոկոսի, որը, կարծում եմ, բավականին լուրջ փոփոխություն է։ Ունենք նաև հակառակ թրենդները։ 2019-ին միայն 30 տոկոսն է նշել, որ Ֆրանսիան ՀՀ-ին բարեկամ երկիր է, իսկ 2024-ին արդեն 78,1 տոկոսը։ Նույն դրական փոփոխությունը գրանցել է նաև Հնդկաստանը։ Եթե 2015-ին միայն երկու տոկոսն էր ասում, որ Հնդկաստանը բարեկամ երկիր է մեզ համար, ապա այժմ՝ 68,5 տոկոսը։ Ամենամեծ փոփոխությունը Հնդկաստանի հետ կապված է։ Վրաստանի ցուցանիշը ևս բարձրացել է Ուկրաինայի ցուցանիշը 2-3 տոկոսից բարձրացել է 7-8 տոկոսի»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































