Լրահոս
Օրվա լրահոսը

Գնահատականներ ներսից եւ դրսից

Ապրիլ 04,2024 13:30

Վեդի քաղաքում ավարտվեց անհատ կատարողների եւ ստեղծագործական խմբերի «ՍԵԴՖԵՍՏ» միջմարզային 4-րդ փառատոնը

«ՍԵԴՖԵՍՏ» փառատոնի կայացումը մշակութային առումով դրվատանքի արժանի երեւույթ է, քանի որ գլխավոր նպատակը Հայաստանի մարզերում գործող արվեստի եւ երաժշտական դպրոցների ստեղծագործական գործունեությունը համադրող, համակարգող եւ համախմբող խիստ անհրաժեշտ գործունեություն է, որի ընթացքում արվեստի տարբեր ճյուղերով զբաղվող պատանի եւ երիտասարդ ստեղծագործող անհատներն ու ստեղծագործական խմբերը հայտնվում են հանրության եւ բարձրակարգ մասնագետներից կազմված ժյուրիի ուշադրության կենտրոնում, այդկերպ ստանում են ոչ միայն կատարված գործը ներկայացնելու ասպարեզ, այլեւ սովորողները, ինչպես նաեւ նրանց ուսուցիչները, ստանում են իրենց գործունեության մասնագիտական գնահատական` գնահատման միավորների եւ մրցանակների տեսքով:

Հասկանալի է, որ մեր օրերում բավականին բարդ է կազմակերպել մարզից մարզ տեղափոխվող անհատների եւ խմբերի մասնակցությունը, բայց ստեղծագործողների համար օդի պես անհրաժեշտ են ելույթները` իրենց շնորհներն ավելի զարգացնելու եւ բազմապատկելու համար: Մենք տեղեկացանք, որ «ՍԵԴՖԵՍՏ» փառատոնը հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն Հայաստանի մարզերում. փառատոնի կազմակերպիչներին շնորհակալագիր է ուղարկվել   Չեխիայում գործող «Ուրարտու» հայ-չեխական միության Վիսոչինայի մարզի հայ համայնքի հայ երիտասարդաց թեւի եւ մասնավորապես միության նախագահ Ալեքսանդր Սարգսյանի (գլխավոր լուսանկարում) կողմից:

Կապվեցինք Ալեքսանդր Սարգսյանի հետ եւ նրանից ստացանք հետեւյալ պատասխան-գնահատականը. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Չեխիայի «Ուրարտու» հայ-չեխական միության անդամների մեծամասնությունը հայեր են, որոնք եկել են հայաստանյան տարբեր մարզերից, ուշի-ուշով եւ մեծ սիրով հետեւում են այս փառատոնի ողջ ընթացքին: Նրանցից շատերը փառատոնի շրջանակներում հայտնաբերեցին իրենց հարազատներին, բարեկամներին ու ծանոթներին, որի համար անչափ երախտապարտ են միջոցառման կազմակերպիչներին` նման հայրենանպաստ գործի կազմակերպման համար, որով պահպանվում ու ամրապնդվում են հայկական մշակույթի արմատները, որն էլ իր հերթին, արհեստավարժ մանկավարժների միջոցով հնարավորություն է տալիս գալիք սերունդներին` աշխարհին ներկայանալ հայկական արվեստով, ներկայացնելով ազգային ու դասական մշակույթը: Հայաստանի համար այս բարդ ժամանակահատվածում նման միջոցառումների շնորհիվ բարձրացվում է սերնդի հայրենասիրական ոգին, որն էլ տարածվում է ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում սբնակվող բոլոր հայերի վրա: Չեխիայի «Ուրարտու» միության, Վիսոչինայի մարզի հայ համայնքի, հայ երիտասարդաց թեւի, ինչպես նաեւ իմ անունից խորին շնորհակալություն ենք հայտնում «ՍԵԴՖԵՍՏ» միջմարզային IV փառատոնի գլխավոր կազմակերպիչ Սեդրակ Գրիգորյանին,   կազմակերպիչներին, մանկավարժ-խմբավարներին, փառատոնի բոլոր մասնակիցներին, ժյուրիի բարձրակարգ մասնագետներին` նման խիստ անհրաժեշտ միջոցառման կազմակերպման եւ բարձր մակարդակով անցկացնելու համար»:

Հավելենք, որ «Ուրարտու» հայ-չեխական միությունը տասնամյակներ շարունակ հսկայական գործունեություն է ծավալում Չեխիայում հայկական մշակույթը պահպանելու եւ տարածելու համար: Նաեւ բավականին արդյունավետ աշխատնքներ են իրականացնում հայկական պատմական մշակութային մնայուն արժեքներ տեղադրելու, օրինակ` խաչքար եւ մատուռ, ինչպես նաեւ հայ համայնքի մշակութային եւ կրթական կյանքը պատշաճ կազմակերպելու համար: Միշտ ուշադրության կենտրոնում է պահում կապը հայրենիքում կատարվող իրադարձությունների` առանձնապես մշակութային հնչողություն ունեցող երեւույթները:

Մենք նաեւ զրուցեցինք «ՍԵԴՖԵՍՏ» փառատոնի ղեկավարի խորհրդական Լեւոն Իվանյանի հետ, ով ներկայացրեց փառատոնի հետեւյալ «անսովոր առանձնահատկությունները». «Այն հանգամանքը, որ մարզային մշակույթը հայտնվում է ուշադրության կենտրոնում, մեծ արժեք է, բայց այդ պարզ արժեքի մասին չի, որ ես կուզեի բարձրաձայնել։ Ըստ էության դա կարծես թե բոլորն են հասկանում: Ես ավելի շատ կուզեի շեշտել այնպիսի առանձնահատկություններ, որոնք էական փոփոխություն են, «անհամեստ ասած»՝ համաշխարհային մշակութային մրցանակաբաշխության համակարգերում: Ավելի լավ է երեւույթը սուբյեկտիվ բառերի փոխարեն ներկայացնեմ օբյեկտիվ փաստերով եւ թվերով: Այսպես. «մրցույթ» հանգամանքն այս տարի մենք հանեցինք փառատոնի կանոնադրությունից. փորձը ցույց է տալիս, որ մրցույթի դեպքում, ինչպես ես եմ ասում` մի հոգի ուրախանում է, հարյուր հոգի տխրում են եւ մրցույթը թող սպորտում լինի, այստեղ դրա տեղը չի: Հիմա անսովոր ձեւակերպում կանեմ, բայց այդպես եղավ. արդյունքում ստացվեց 60 Առաջին մրցանակ, 37 Երկրորդ մրցանակ, 28 Երրորդ մրցանակ եւ 14 Հատուկ մրցանակ, այդ ամենի հետ միասին նաեւ 14 Մեծ մրցանակ եւ Փառատոնի նախագահի 1 մրցանակ:

Ստացվեց, որ փառատոնի բոլոր մասնակիցները, ինչպես նաեւ կազմակերպիչները, ուսուցիչները, նվագակցողները, դպրոցների տնօրենները, աջակից մարզպետները, ժյուրիի 25 ամենաբարձրակարգ մասնագետ անդամները (օրինակ` Բարսեղ Թումանյան, Արշակ Սահակյան, Առնոլդ Քոչարյան, մեր երկրում եւ արտերկրում հայտնի հարգարժան 25 արվեստագետներ)՝ ընդհանուր թվով 300 եւ ավելի մասնակիցներ, ստացան մրցանակներ, դիպլոմներ ու շնորհակալագրեր. գործնականում բոլորը: Անսովոր էր նաեւ այն հանգամանքը, որ հնարավոր եղավ երկժամանոց մեկ գալա-համերգի ընթացքում հայտնել եւ հանձնել բոլոր մրցանակներն ու պատվոգրերը, ինչպես նաեւ ներկայացնել 14 մեծ մրցանակակիրների բեմական ելույթները, համադրություն, որը սովորաբար այլ դեպքերում, նույնիսկ միջազգային բեմերում, չի հաջողվում իրականացնել, սովորաբար հասցվում է առավելագույնը 20-30 մրցանակ շնորհել բեմում: Այս ամենը խոսում է «ՍԵԴՖԵՍՏ» փառատոնի ոչ միայն ինքնատիպության, անհրաժեշտության, այլեւ մեծ կազմակերպվածության մասին: Ի տարբերություն շատ այլ փառատոների, այս փառատոնը ոչ մի հովանավոր չունեցավ, շնորհակալություն հայտնվեց այն աջակից քիչ կազմակերպություններին, մարզերի եւ համայնքի ղեկավարներին, ովքեր ժյուրիի տեղաշարժի համար տրանսպորտ տրամադրեցին եւ օժանդակեցին մի քանի այլ հարցերով, ինչպիսին է փառատոնի կայքի ստեղծումը: Վստահ ենք, որ այս տարի «ՍԵԴՖԵՍՏ» փառատոնը նոր, ավելի բարձր որակի հասավ եւ առավել քան վստահ ենք, որ հաջորդ տարվա փառատոնը ներքին ու արտաքին ավելի լայն հանրության ուշադրության կենտրոնում կգտնվի»:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.04.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930