Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյանը պոռթկաց. «Զարմանալի է… մենակ 4-5 հատ պետ ու նախարար է փոխվել, մեջների հարիֆը ե՞ս եմ հա ըտենց»

Ապրիլ 04,2024 15:34

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա նախկին տեղակալ Լեւոն Երանոսյանի, ոստիկանության ներքին աուդիտի վարչության նախկին պետ Վարդան Թունյանի, ոստիկանության զորքերի զորամասի նախկին հրամանատար Գուրգեն Գրիգորյանի գործով դատական նիստն էր:

Հիշեցնենք, որ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1997-2011 թվականներին զբաղեցնելով ՀՀ ՊՆ զինվորական կամ ռազմական ոստիկանության վարչության պետի, ապա ՀՀ ՊՆ տեղակալի պաշտոնները, կատարել է իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում: Նա տեղյակ է եղել, որ ՀՀ ՊՆ զորամասի 3 զինծառայողներ հրամանագրված են որպես ռազմական ոստիկան, նշանակման օրվանից չեն ներկայացել զինծառայության, այլ դրա փոխարեն նրանցից մեկը աշխատել է որպես ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր՝ Լյովա Սարգսյանի վարորդ, իսկ երկուսը՝ Ալեքսանդր Սարգսյանի թիկնապահներ, ուստի անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները՝ թույլ է տվել վերը նշված ծառայողներին կատարել իրենց կարգավիճակից չբխող աշխատանքներ:

Ավելին՝ Վ. Գասպարյանը 5 տարի ժամկետով երկարաձգել է նշված ծառայողներից մեկի զինծառայության ժամկետը:

Արդյունքում՝ նշված զինծառայողները, չկատարելով իրենց բուն գործառույթները և չհաճախելով զորամաս, չեն ազատվել զբաղեցրած պաշտոններից, ինչի հետևանքով նրանց ՀՀ պետական բյուջեից անհիմն վճարվել է ընդհանուր 21.691.481 ՀՀ դրամ՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերով վնաս: Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ Գասպարյանը 2011-2018 թվականներին զբաղեցնելով ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերի հակառակ` ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող 15.000.000, և 10.000.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքը սեփականության իրավունքով ապօրինի հատկացրել է բնակարանային պայմանների բարելավման կարիք չունեցող ՀՀ ոստիկանության ծառայողներին, ինչի արդյունքում անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ:

Այսօրվա նիստում դատավորն ասաց, որ որպես վկա դատարան էին հրավիրել ՊՆ Ռազմական ոստիկանությունում աշխատած 2-րդ դասակի հրամանատարի տեղակալ Արսեն Գալստյանին: Ըստ սահմանահատումների մասին տեղեկությունների, նա ՀՀ-ում չի գտնվում, ուստի դատարանում հրապարակվեց նրա նախաքննական ցուցմունքը, որտեղ մասնավորապես նշել է. «Նելսոն Սարոյանը, Արման Մովսիսյանը, Խաչիկ Բադեյանը չեն ներկայացել զինծառայության: Չգիտեմ նշված անձինք որտեղ եւ ինչ աշխատանք են իրականացրել»:

Հրապարակվեց նաեւ զորամասի շտաբի պետի ցուցմունքը, որը նույնպես նշել էր, որ այդ երեք զինծառայողներին չի տեսել, իր իմանալով՝ նրանք գործուղված են եղել վարչություն:

Հանրային մեղադրող Տիգրան Ենոքյանը միջնորդություն ներկայացրեց որպես ապացույց ներգրավել youtube-ում առկա որոշ տեսանյութեր, որտեղ Լեւոն Երանոսյանը տվել է մեկնաբանություններ այս գործի հետ կապված, մասնավորապես, ասել է, որ Յուլյա Գասպարյանը իր անմիջական ենթակայության տակ չի գտնվել, իսկ Վլադիմիր Գասպարյանը դիրքորոշում է հայտնել ու ասել է, որ Յուլյա Գասպարյանին վերաբերող դրվագով իրեն խնդրել է փեսան, հետագայում դա անհրաժեշտ է եղել դատավոր դառնալու ստաժի համար: Բացի այդ, Վլադիմիր Գասպարյանն ասել է, որ ամեն հինգշաբթի 500-ից ավելի հրաման է ստորագրվել մեխանիկորեն, շատ ժամանակ ինքը չի ստորագրել, ժամանակ չի ունեցել, կնքել է այլ աշխատակից: Հարցազրույցներում Վլադիմիր Գասպարյանը նաեւ խոսել է Սերժ Սարգսյանի եղբոր վարորդի մասին, ուստի հանրային մեղադրողը միջնորդեց դրանք դիտել ապացուցների հետազոտման փուլում:

Ենոքյանը նաեւ միջնորդեց ապացույցների մեջ ներառել Aravot.am-ի՝ «Վլադիմիր Գասպարյանը իր ընկերոջը՝ Վարդան Նադարյանին համակարգից հեռացնելու մասին» վերտառությամբ 2015-ի հրապարակումը, որտեղ նա հաստատել է, որ Շիրակի նախկին ոստիկանապետը հանդիսացել է իր ընկերը ու նշել. «Նադարյանին հեռացրել եմ, որովհետեւ շուտ-շուտ էր հիվանդանում: Իմ ընկերն է, դրա համար ազատեցի, համակարգից նույնպես ազատված է, որովհետեւ իմ ընկերն է, իսկ իմ ընկերը իրավունքներ չունի, միայն պարտականություններ ունի»:

Հաջորդ ապացույցը, որը միջնորդվեց ընդգրկել, armtimes.com կայքում հրապարակված հոդվածն է՝ «Արաբկիրի թաղապետի ճկույթը, որը ժամանակին կտրել եւ ուղարկել է Վովա Գասպարյանին» վերնագրով: Այս հոդվածով երեւում է Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Վարդանյանի մտերմությունը Վլադիմիր Գասպարյանի հետ:

Ենոքյանը նաեւ ասաց, որ ՊՆ ռազմական ոստիկանության անունից պայմանագրեր կնքել են Վլադիմիր Գասպարյանը, ըստ գործում առկա նյութերի, հրամանագրերը ստորագրել են նաեւ Արամ Տեր-Սահակյանը, Սամվել Ղուկասյանը, ուստի միջնորդեց որպես վկա հարցաքննել նաեւ այդ անձանց:

Վլադիմիր Գասպարյանը տեղից պոռթկաց. «Զարմանալի է՝ ինչի՞ վկա, մինչեւ 2019 թիվը ե՞ս եմ հա ըտենց, մենակ 4-5 հատ պետ ու նախարար է փոխվել, մեջների հարիֆը ե՞ս եմ հա ըտենց»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930