Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի են ԳԱԱ 2023թ․ մրցանակի հաղթողները

Ապրիլ 15,2024 17:04

Սույն թվականի ապրիլի 10-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մրցանակի շնորհման և մրցանակաբաշխության աշխատանքները համակարգող խորհուրդը հայտարարեց ՀՀ ԳԱԱ 2023թ․ մրցանակի հաղթողներին։

Ֆիզիկամաթեմատիկական և տեխնիկական գիտությունների հիմնարար հետազոտությունների բնագավառում շնորհվել է երկու մրցանակ՝ Նարեկ Սահակյանին, Սարգիս Գասպարյանին, Դավիթ Իսրայելյանին, Գևորգ Հարությունյանին՝ «Բարձր էներգիաների պրոցեսները բլազարների ռելյատիվիստական շիթերում» աշխատանքի համար և Արամ Սահարյանին, Վարդազար Քոթանջյանին՝ «Սահմաններով, տոպոլոգիայով և տարածության կորությամբ մակածված երևույթներ դաշտի տեսությունում» աշխատանքի համար։

Ֆիզիկամաթեմատիկական և տեխնիկական գիտությունների կիրառական մշակումների բնագավառում մրցանակը շնորհվել է Վազգեն Մելիքյանին՝ «Նանոչափային տեխնոլոգիաներով կառուցվող ինտեգրալ սխեմաների նախագծման միջոցներ» աշխատանքի համար։

Քիմիայի, կյանքի և Երկրի մասին գիտությունների հիմնարար հետազոտությունների բնագավառում մրցանակը շնորհվել է Քրիստինե Մարգարյանին՝ «Հայաստանի խաղողի գենետիկական ռեսուրսներ․ գենետիկայից մինչև գենոմիկա» աշխատանքի համար։

Քիմիայի, կյանքի և Երկրի մասին գիտությունների կիրառական մշակումների բնագավառում մրցանակը շնորհվել է Գայանե Ավետիսովային, Լուսինե Մելքոնյանին՝  ««Էկոբիոֆիդ+» էկոլոգիապես անվնաս կենսաբանական պարարտանյութի ստացման տեխնոլոգիայի մշակումը և դրա ներդրումը արտադրության մեջ» աշխատանքի համար։

Հասարակական և հումանիտար գիտությունների բնագավառում մրցանակը շնորհվել է Հրանուշ Խառատյանին՝ «Էթնոկերտման/ազգակերտման գործընթացները Թուրքիայի և Ադրբեջանի հանրապետություններում XX դարում- XXI դարասկզբին» աշխատանքի համար։

Մրցանակները շնորհվում են մեդալի, վկայագրի և դրամական պարգևի ձևով: Յուրաքանչյուր մրցանակի դրամական պարգևի չափը կազմում է 5 000 000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ։

Հիմնարար հետազոտությունների ոլորտում ՀՀ ԳԱԱ մրցանակը շնորհվում է վերջին 5 տարիների ընթացքում ձեռք բերված կարևորագույն հիմնարար գիտական արդյունքների, արժեքավոր գործի, հայտնագործության կամ աշխատանքների շարքի համար։ Կիրառական մշակումների դեպքում ՀՀ ԳԱԱ մրցանակը շնորհվում է վերջին 10 տարիների ընթացքում ստացված գիտատեխնոլոգիական կամ գիտաարտադրական արդյունքների, ապրանքայնացման պատրաստ կամ ներդրված կիրառական մշակումների համար։ ՀՀ ԳԱԱ մրցանակը ֆինանսավորում է «ՄԱՐՏԻՆ ՍԹԱՐ» ՍՊԸ-ն։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930