Լրահոս
Օրվա լրահոսը

«Թույլ տվեք երեւանցին ծանոթանա ձեր երկու անձի հետ»․ ՔՊ-ականը Քրիստինա Վարդանյանին հեգնեց՝ անձի երկատվածություն ունեք, Վարդանյանն էլ հակադարձեց, որ խոսքերը համատեքստից կտրած են ներկայացնում

Ապրիլ 16,2024 15:13

Երեւանի ավագանու այսօրվա նիստում ՔՊ-ական Նուարդ Վարդանյանը միացրեց մի ձայնագրություն, որտեղ «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի՝ ծառերի հատման մասին տարիներ առաջ արած հայտարարությունից մի հատված էր։ Քրիստինա Վարդանյանն այն ժամանակ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ չէր, «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փոխտնօրենն էր։ Նա այն ժամանակ ասել է, որ մայրաքաղաքում թեղիները պետք է փոխարինվեն։

Քրիստինա Վարդանյանը տեղից արձագանքեց՝ դա Մաշտոցի պուրակի մասին է, համատեքստից կտրված երկու տարբեր հայտարարություններ եք դնում։

Տիգրան Ավինյանը վրդովվեց, Քրիստինա Վարդանյանին զրկեց ձայնի իրավունքից, ասաց, որ նա միշտ անդադար, բոլոր հնարավոր հարթակներում խոսել է․ «Մարդիկ ընդամենն ուզում են ի ցույց դնել, թե ինչ եք խոսել ու ինչ եք խոսում հիմա: Էնքան ցավոտ է դա, ու էնքան դժվար ընկալելի է, չեք կարում չընդհատել։ Լռեք եւ լսեք ձեր իսկ խոսքը 2020 թվականին եւ հիմա։ Բոլ է մանիպուլացնեք»։

«Դուք եք մանիպուլյացիայի արքայազնը»,-պատասխանեց Քրիստինա Վարդանյանը։

ՔՊ-ական Վարդանյանն այս ձայնագրությունը միացրեց այն բանից հետո, երբ Քրիստինա Վարդանյանն այսօր կրկին պնդեց, որ մայրաքաղաքում այսօր տեղի ունեցող ծառահատումները՝ ծառերի փոխարինման ծրագրի անվան տակ, անընդունելի են եւ վտանգավոր։

Նուարդ Վարդանյանն էլ իր ելույթում դիմելով Քրիստինա Վարդանյանին, ասաց՝ դուք բժիշկ եք, հոգեբանությունից կհիշեք՝ անձի երկատվածությունը, երեւի դուք խնդիր ունեք, բայց դա մեղադրելու չէ․ «Երբ մարդը սխալ է անում ու երբ դիմացինը փորձում է այդ սխալն ասել, մարդու մոտ առաջին ռեակցիան ագրեսիան է։ Ես հասկանում եմ, որ դուք հիմա ագրեսիվ եք, բնական է։ Ուզում եմ իմ ելույթը չխանգարեք եւ թույլ տաք, որ երեւանցին ծանոթանա ձեր երկու անձի հետ»։

Ապա ավագանու ՔՊ-ական անդամը միացրեց Քրիստինա Վարդանյանի՝ տարիներ առաջ արված եւ վերջերս արած հայտարարություններից հատվածներ․ն ա տարիներ առաջ ասում էր, որ բոլոր թեղիները պետք է հատվեն, թեղիները սպառել են իրեն կենսունակության տարիքը, թեղիների տարիքը 40-50 տարի է, թեղիները փոխարինում ենք թանկարժեք ծառատեսակներով: Իսկ արդեն որպես «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, նա ասել է՝ թեղիները մեր տերյանական աշուն է, թեղին միավոր զանգվածի բանով, որ նայենք, ամենաուժեղ ծառատեսակն է, թանկարժեք ծառատեսակները չեն դիմանա մեր շոգ կլիմայական պայմաններում։

Ապա Նուարդ Վարդանյանն անդրադարձավ «Մայր Հայաստան» խմբակցության անդամներին․ «Ամիսներ շարունակ այստեղ նստած հանդուրժում են ինչ-որ բարբաջանքներ։ Ես հարց ունեմ ձեզ՝ պարոնայք, դուք հայելու մեջ նայելուց, ձեր աչքերի մեջ նայելուց եւ էստեղ խոսելուց, սեղանի շուրջ կենաց ասելուց Արցախի մասին՝ վերհիշո՞ւմ եք՝ ոնց եք Արցախին վերաբերվել կամ ձեր քաղաքական հայրերը ոնց են վերաբերվել»։

Այսքանն էր Վարդանյանի ելույթը։ Դահլիճում, ըստ էության ընդդիմադիրները սկսեցին ծիծաղել ու արձագանքել․ «Էդքա՞նն էր»։

Հետո դահլիճում խառնաշփոթ առաջացավ․ Ավինյանը հայտարարեց, որ քվեարկության դրված նախագիծն ընդունված է։ «Ազգային առաջընթացի» անդամները հայտարարեցին, որ իրենք չեն քվեարկել։

«Քվեարկեիք, քվեարկությունը հայտարարվել է, ձեր ընդհատումների պատճառով չեմ նկատել»,-ասաց Ավինյանը։

Գրիգորի Երիցյանը սկսեց սեղանի վրա «թմբկահարել», իսկ Ավինյանն անցավ հաջորդ նախագծին։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930