Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմումս գրեցի, դուրս եկա, երբ ինձ ասացին ՝ Ծիծեռնակաբերդը գարնանը պետք է հանձնենք, փոսը փորում եք, ծառը տնկում եք, չպետք է ոչինչ բարդացնել. «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախկին փոխտնօրեն

Ապրիլ 16,2024 13:32

«2019 թվականին Հայկ Մարությանը դիմեց ինձ, որպես անկախ փորձագետի, որ Երեւանին օգնեմ բնապահպանական հարցերով: 2018 թվականի ընտրությանը ես մասնակցել եմ ԲՀԿ ցուցակով, հետեւաբար, եթե մինչեւ այդ Հայկ Մարությանի հետ ունենայի ինչ-որ հարաբերություններ, նրա թիմով կգայի ընտրության: Լինելով ընդդիմադիր ավագանու անդամ՝ արել եմ ամենը, որովհետեւ Երեւանը երբեւէ ինձ համար քաղաքական հարթության մեջ չի դիտարկվել: Ես ներկայացրի տարբեր մոդելներ քաղաքային կանաչապատման կառավարման մասով, Հայկ Մարությանն ընտրեց քաղաքային ՀՈԱԿ ստեղծելու գաղափարը, ամբողջ մեթոդաբանությունը իմ թեկնածուական աշխատանքի մի մասն է, հետագայում նաեւ իմ աշխատանքների ներդրումը:

Ինձ ոչ ոք չի հեռացրել, երբ Հայկ Մարությանը հրաժարական տվեց, ես նույնիսկ այդ ժամանակ չգնացի, մնացի Երեւանի հետ: Ես դիմումս գրեցի ու դուրս եկա, երբ ինձ ասացին ՝ քաղաքապետն ասել է, որ Ծիծեռնակաբերդը գարնանը պետք է հանձնենք, մենք պետք է այդ գործընթացն անենք, փոսը փորում եք, ծառը տնկում եք, չպետք է ոչինչ բարդացնել: Ես հասկացա՝ սա այլ թիմ է, այլ պահանջներ են, իսկ կանաչապատումը փոս փորել, ծառ տնկելու մասին չէ: Իսկ Ծիծեռնակաբերդը դեռ պատրաստ չէր, ահռելի աշխատանք կար այնտեղ անելու, հողի հարթեցման եւ այլն: Ճիշտ է, ծառատունկն արեցին, բայց այնտեղ դարուփոսեր են, այդ տարածքը չխնամված»,- այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Հանրապետություն» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանի հայտարարությանը, թե 2 տարի առաջ իրեն «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից «ուղարկեցին գրողի ծոցը», ասաց ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը:

Հիշեցնենք, որ Վարդանյանը «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախկին փոխտնօրենն է:

Ինչ վերաբերում է, Անի Խաչատրյանի այն դիտարկմանը, թե Քրիստինա Վարդանյանին ՀՈԱԿ-ի տնօրեն չեն նշանակել, ինքն էլ նեղացել է ու իրեն այսպես է պահում, տիկին Վարդանյանն ասաց, որ իրեն ոչ միայն տնօրեն, այլև շատ այլ պաշտոններ են առաջարկել: Նրա խոսքով, ՀՈԱԿ-ի տնօրենի երեք ընտրություն է եղել, ինքը մի անգամ իր թեկնածությունը չի դրել, որովհետեւ գիտական աշխատանքով է զբաղվում ու պարզապես ժամանակ չունի:

Ինչ վերաբերում է ավագանու այն անդամների պնդումներին, թե պաշտոնավարման տարիներին Վարդանյանը ծառահատումների մասով այլ կարծիքի էր, հիմա ՝ այլ, Վարդանյանը պարզաբանեց. «Եթե ես ծառերը հատելու կողմնակից լինեի, գոնե մեկ ծառ կհատեի: Ընդհակառակը մենք արեցինք պիլոտ նախագիծ ու Հալաբյան փողոցում ծառերի արանքում տնկեցինք 14 հացենիներ, որ 3 տարում անենք մշտադիտարկում: Ու երբ ծառերը տանում էինք տնկելու, քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին նամակ եմ գրել, որը հանրայնացրել եմ: Որ մենք ծառերի փոխարինման նախագիծը սկսում ենք, գարնանը կանենք հանրային լսումներ ու կհեռացնենք ամեն երրորդ ծառը»:

Հարց հնչեց քաղաքում տնկված սակուրաներից, տիկին Վարդանյանը արձագանքեց, որ սակուրան վերջին ծառատեսակը կլիներ, որ կմտածեր այդ ծառատեսակի մասին պուրակների հատվածում, իսկ փողոցների մասով սակուրան ոչ մի հարց չի լուծում: Ըստ նրա՝ Երեւանը փոշոտ քաղաք է ու թեղին նստեցնում է փոշին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930