Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիկ Իսագուլյան. «Իրավիճակը շատ ավելի է սրվելու, շատ ավելի է ծանրանալու»

Ապրիլ 18,2024 02:17

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, որը Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի առջև աջակցում էր Սամվել Վարդանյանին, տեսակետ հայտնեց, որ ընդհանուր իրավիճակը գնալով շատ ավելի է սրվելու, շատ ավելի է ծանրանալու։

«Ինչ տեղի ունեցավ Սամվելի հետ, պատահական չէր։ Ես կասեի, որ սա շատ լավ պլանավորված էր՝ սկսած ձերբակալությունից մինչեւ ՁՊՎ տեղափոխելու ընթացքում տեղի ունեցած միջադեպը…  Ինչ կատարվում է Արցախի եւ Հայաստանի շուրջ վերջին տարիներին, բոլորը հասկանում են, որ կա դրա մեկ պատասխանատու ու դա Նիկոլ Փաշինյանն է։ Նրա գործունեությունը հանգեցնում է մի բանի, որտեղ Նիկոլը չի ուզենա միայնակ ամեն ինչի պատասխանատվությունը կրել։ Եվ խուսափելու համար պետք է կարողանա իր հանցագործությունների մեջ ներառել շատ ավելի լայն շրջանակներ»,-ասաց նա։

«Հիմա Նիկոլի թիվ մեկ խնդիրը պատգամավորներին, հատկապես ՔՊ պատգամավորներին համախմբված պահելն է, որովհետեւ ինքը շատ լավ հասկանում է, որ իր նկատմամբ անվստահությունը կարող է առաջանալ այն պարագայում, որ ՔՊ կուսակցության որոշ անդամներ կարող են անցնել ընդդիմության կողմը եւ իր կատարած հանցագործությունների համար իրեն անվստահություն հայտնեն՝ մեկ այլ մարդու վարչապետ դարձնելու ակնկալիքով։ Պարզ է, որ շատերը չեն ցանկանա կրել այն պատասխանատվությունը, որ կրելու է նա կատարված հանցագործությունների համար։

Նիկոլը պարտավոր է ցույց տալ, որ ինքը իր ամեն մի պատգամավորի համար պատրաստ է մինչեւ վերջ գնալ։ Եվ հիմա Նիկոլը շատ ավելի կոշտ կգտնվի պատգամավորներին նեղացնելու կամ վիրավորելու համար։ Յուրաքանչյուր պատգամավոր պետք է համոզված լինի, որ եթե ինքը դառնում է Նիկոլ Փաշինյանի հանցանքի մասնակից, Նիկոլը ինքնաթիռ ունի, թիկնազոր ունի։ Ու Նիկոլը հենց Սամվելի պահով ցույց է տալիս, որ ինքը պաշտպանում է իր պատգամավորներին նույնիսկ ամենաաննշան դեպքերում անգամ իրականացնելով պետական տեռոր, որի մեջ ներառել է պետական բոլոր մարմինները»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930