Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր մտածածն էն է, որ ոչ թե դուք ասեք՝ վայ, 50 մետր էն կողմ Ադրբեջանն է, այլ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն է». Նիկոլ Փաշինյան

Ապրիլ 18,2024 14:40

Ապրիլի 17-ին Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակչության հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գյուղացիներին փորձել է համոզել, որ հնարավոր է Ադրբեջանի հետ խաղաղ ապրել։

Հիշեցնենք, որ առաջին անգամ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար եւ հարակից գյուղեր էր այցելել մարտի 18-ին՝ հայտնելով, որ պետք է 4 գյուղեր հանձնվեն թշնամուն՝ սպառնալով գյուղացիներին, որ չհանձնելու դեպքում պատերազմ կլինի։

Այս այցելության ժամանակ Փաշինյանը դարձյալ խոսել է այն մասին, որ եթե զիջումներ չլինեն, հնարավոր չի լինի անվտանգություն ապահովել։ «Մեր խնդրանքն ու ակնկալիքն այն է, որ այս իրավիճակում իրար հետ լինենք, քայլ-քայլ, ամեն ինչ հասկանալով, մտածելով անենք։ Ավելի շատ մեր լարվածությունը հիմա Կիրանցի ու Բերքաբերի հետ է կապված, որ մենք այդտեղ անվտանգությունն ապահովենք»,- ասել է նա։

Նա հայտարարել է, որ այս գործընթացի նկատմամբ դրական է տրամադրված․ «Ինչո՞ւ, որովհետեւ այստեղ մենք սահման ենք ստանում երկրի ամբողջ տարածքում։ Իսկ սահմանը դա պաշտպանության մեխանիզմ է, խաղաղության որոշակի երաշխիք է։ Մենք ոչ թե չուզելով ենք անում, այլ ես ուզում եմ, որ սա տեղի ունենա, որովհետեւ հասկանում եմ, որ եթե հասանք կետին, մենք երաշխավորելու ենք մեր ծննդավայրի համար անվտանգություն, խաղաղություն ու բարեկեցություն։ Բոլորն ուզում եմ ներկայացնել, թե մենք չուզելով ենք անում, բայց ես սա ուզելով եմ ձեզ ասում։ Բայց դժվար է, հեշտ չէ, հոգեբանորեն էլ է դժվար, բոլոր առումներով էլ դժվար է, բայց ես գիտեմ, որ մենք պետք է անցնենք սրա միջով, որ խաղաղություն, անվտանգություն ապահովենք՝ հասկանալով,որ ռիսկեր կան»։

Փաշինյանը նշել է, որ մարդկանց հոռետեսությունը անհիմն չէ, բայց եւ այսօրվա վիճակն էլ լավատեսության ոչ մի հիմք չի տալիս։

Գյուղացիներից մեկը ասել է․ «Անվտանգությունն այստեղ դժվար է լինելու պահել, թուրքին վստահել չի կարելի»։ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է․ «Ճիշտ ես, բա մենք այս ամենն ինչի՞ համար ենք ուզում անել, ուզում ենք թուղթ ստեղծենք, որն արդեն ինքը կդառնա փոխադարձ պարտավորություն։ Կարեւորը, որ չասացիք՝ անհնար է լինելու, ասացիք՝ դժվար է լինելու։ Ես ասացի, որ հեշտ չի լինելու, բայց այդ դժվարությունը հաղթահարելու համար պիտի իրար հետ քայլ-քայլ քայլենք։ Եթե սա չանենք, այ այդտեղ 100 տոկոսով երաշխավորում եմ, որ անվտանգությունը չենք կարող ապահովել։ Ես անկեղծ ասեմ՝ քանի գնում է պրոցեսը, իմ լավատեսությունը շատանում է։ Մենք հասկանալով ու գիտակցելով գնում ենք առաջ, որովհետեւ եթե չգնանք, չենք հասնելու տեղ»։

«Մեր մտածածն էն է, որ ոչ թե դուք ասեք՝ վայ, 50 մետր էն կողմ Ադրբեջանն է, այլ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն է։ Մենք էնտեղ առևտուր կանենք, մենք էնտեղ տնտեսություն կկառուցենք: Կարո՞ղ է մի հատ էլ անցակետ կառուցենք, ավտոներ գնան-գան, վճարեն Հայաստանի Հանրապետությանը։ Դուք հիմա ինձ կարաք ասեք՝ դու 100 տոկոսով երաշխավորո՞ւմ ես, որ ըտենց ըլնելու է։ Ես կասեմ՝ 100 տոկոսով չեմ երաշխավորում, բայց ես գիտեմ, որ քայլ-քայլ անելով՝ կգնանք, կհասնենք 90 և ավելի տոկոսի։ Բայց եթե մենք այդ քայլերը չանենք, ես երաշխավորում եմ, որ տարածաշրջանում նոր պայթյուն է լինելու, որովհետեւ մենք այսօր խնդիր ունենք։

Եկեք խոստավանենք, որ վերջին 30 տարում մենք ապրել ենք «բեսպրեդելի» միջավայրում, մենք ասում ենք, որ այդ «բեսպրեդելի» դարաշրջանը պետք է դադարեցվի՝ մեր կողմից էլ, իրենց կողմից էլ։ Իրավունք կա, օրենք կա, գիծ կա, գնում ենք, կանգնում ենք այդ գծի վրա։ Եվ մենք, այդ գծի վրա կանգնելով, 100 անգամ ավելի ուժեղ ենք լինելու, քան այսօր ենք ուժեղ։ Այսօր մենք չենք խոսում տալ-առնելու մասին, մենք խոսում ենք ՀՀ-ն՝ որպես պետություն 100 անգամ ուժեղացնելու մասին։ Այն, ինչ մենք հիմա անում ենք, եթե առաջիկա շրջանում չփչացնենք եւ նորմալ անենք, դա նշանակում է՝ ՀՀ-ն որպես պետություն 100 անգամ ավելի ուժեղ է լինելու։

Ես ձեր տան տղեն եմ, ուրիշ մարդ չեմ, ես չեմ կարա ձեզ խաբեմ, ես եկել եմ, ազնիվ ու ուղիղ ասում եմ ձեզ այն, ինչ կա։ Եվ ես հավատում եմ իմ ասածին»,- հայտարարել է Փաշինյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930